Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «ժողովրդի» մասին

Մայիս 22,2021 10:00

«Առավոտը», ինչպես նաեւ այլ լրատվամիջոցները, vox pop-եր, փողոցային հարցումներ է անցկացնում, որոնք այսպես թե այնպես կապված են առաջիկա ընտրությունների հետ: Իհարկե, տարբեր կարծիքներ են հնչում: Բայց համենայնդեպս, մեր հարցումներում գերակշռողը հետեւյալ կարծիքներն են.

ա/ Փաշինյանը հրեշտակ է,

բ/ ինչ-որ վատ մարդիկ (հավանաբար, նախկին իշխանություններից) զանգահարում են Ալիեւին եւ նրան խնդրում, որ ներխուժի Հայաստանի տարածք՝ Փաշինյանին վատություն անելու համար,

գ/ Փաշինյանին վերոհիշյալ մարդիկ խանգարում են, որ նա երկիրը ծաղկեցնի:

Իշխանության կողմնակիցներն ու երկրպագուները նման կարծիքներից ուրախանում են՝ «տեսնո՞ւմ եք, ուրեմն ժողովուրդը մեր սիրելի վարչապետի կողքին է»: Իշխանության հակառակորդներն այդ կարծիքը լսելիս տխրում են՝ «էս ժողովուրդը ազգային արժանապատվության զգացում հեչ չունի»:

Ես գերադասում եմ զերծ մնալ նման հույզերից: Դատելու փոխարեն պետք է փորձել մարդկանց հասկանալ: Այո, կարելի է արձանագրել, որ մարդիկ վատ կրթություն են ստացել, նրանց ուղեղը լվացած է, նրանք չեն կողմնորոշվում ժամանակակից աշխարհում եւ ապրում են մտացածին, վիրտուալ իրականության մեջ: Բայց արձանագրել չի նշանակում դատել, մեղադրել կամ, առավել եւս, ծաղրել: Նրանց այդ առասպելաբանական պատկերացումները բխում են կրթական համակարգի արատներից, ինչպես նաեւ՝ հասարակական մթնոլորտից, հասարակության մեջ գերիշխող արժեքային համակարգից: Իսկ դրանք ոչ 3, ոչ էլ անգամ 30 տարվա խնդիրներ են:

Բայց ես առաջարկում եմ նաեւ չշտապել՝ ամեն քայլափոխին «ժողովուրդ» եւ «ժողովրդավարություն» բառերն օգտագործելիս: Հին Աթենքում դեմոկրատիայի «դեմոսը» ոչ թե տարածքի բոլոր բնակիչներն էին, այլ որոշակի կարգավիճակ՝ կրթական եւ գույքային ցենզ ունեցող մարդիկ: Իհարկե, ժամանակակից աշխարհում անհնար է նման խտրականություն կիրառել՝ բոլոր մարդիկ (ասում են) հավասար են ստեղծված:

Դրանով հանդերձ թույլ տվեք չհամաձայնել «ընտրողը միշտ ճիշտ է», «ժողովուրդը միշտ ճիշտ է», «սպառողը միշտ ճիշտ է» արտահայտությունների հետ: Եվ թույլ տվեք միշտ «ժողովրդի կողքին» չլինել: Եթե «ժողովուրդը» կարծում է, որ Փաշինյանը (Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը կամ որեւէ այլ մահկանացու) հրեշտակ է, ապա ես «ժողովրդի կողքին» չեմ:

Եթե, ըստ «ժողովրդի», ինչ-որ մեկը հրեշ է, ապա դարձյալ՝ թույլ տվեք «ժողովրդի կողքին» չլինել: Եթե «ժողովրդի» կարծիքով, Սպիտակցի Հայկոյի «Yesterday»-ի մեկնությունը համաշխարհային գլուխգործոց է, ապա ոչ մի ուժ ինձ չի ստիպի ասել, որ «ժողովուրդը» ճիշտ է:

…Չի կարելի ոչ մեկին վիրավորել կամ պիտակավորել: Բայց իրականությանը, այդ թվում՝ «ժողովրդի» մտավոր մակարդակին, պետք է բաց աչքերով նայել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քաղաքական հարցերում ժողովուրդը տարբերվում է ազգից նույնքան, ինչքան զինկոմիսարիատի բակում հավաքված նորակոչիկները տարբերվում են բանակում ծառայող զինվորից ու սպայից ռազմական հարցերում : Անձնագիրն ու ընտրելու իրավունքը՝ դա զինվորական տոմսն է, որը հանձնում են նորակոչիկին երդում տալուց ու ծառայելուց հետո՝ զինապարտ դառնալու ժամանակ, բայց ռազմական հարցերում նորակոչիկի խոսքը հավասարեցնել զինվորի ու սպայի խոսքին, դա բանակն ու պետությունը քանդելու դավադրություն է:
    Բանակն ու ազգը՝ դրանք առաջին հերթին կազմակերպություն են, որտեղ նորակոչիկն ու ժողովուրդը ռազմական ու քաղաքական հմտություն ու դաստիարակություն են ստանում: Ժողովուրդն ու նորակոչիկների զանգվածը՝ թույլ կազմակերպված համակարգ է, ազգն ու բանակը՝ խիստ կազմակերպված համակարգ է, ժողովրդավարության փոխարեն պետք է ընդունվի ազգավարությունը, ժողովրդի սրբազան պարտքն է ծառայել պետությանը, դրա համար պետք է ժողովրդից դաստիարակել ազգ եւ անձնագիր տալ զինվորական տոմսի հետ միասին:
    Առաջարկս՝ քաղաքացիներից ձեւավորել վաշտեր, գումարտակներ, ստեղծել քաղաքական ակադեմիաներ, կարճ ասած, լիովին պատճենել բանակը, միայն բանակային կազմակերպվածությամբ կարող ենք մեր սրբազան պարտքը կատարել՝ ծառայել պետությանը եւ մեր մեր ժողովրդի ապագային եւ մեր անցյալում ժողովրդի սխալներն ուղղել:

  2. Gohar says:

    ԿԱՐԼ ՍԱՆԴԲԸՐԳ
    ԵՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՄ, ԱՄԲՈԽԸ
    Ես ժողովուրդն եմ – ամբոխը – խուժանը – զանգվածը։
    Գիտե՞ք արդյոք, որ աշխարհի մեծ գործերը իմ միջոցով են արվում։
    Ես աշխատավորն եմ, հնարագետը, աշխարհի սննունդն ու հագուստը ստեղծողը։
    Ես հանդիսատեսն ու վկան եմ պատմության։ իմ միջից Նապոլեոններն են գալիս ու Լինկոլնները։ Նրանք մեռնում են։ Այդժամ ես ուղարկում եմ ավելի շատ Նապոլեոններ ու Լինկոլներ։
    Ես հողն եմ սերմնահատիկի ։ Ես տափաստանն եմ, որ դիմանում է բազում հերկումների։ Սոսկալի փոթորիկներ են անցնում իմ վրայով։ Ես մոռանում եմ։ Իմ միջի լավագույններն ուժասպառ ու հալումաշ են արվում։ Ես մոռանում եմ։
    Ամեն ինչ, բացի Մահից, գալիս է ինձ մոտ և ստիպում, որ աշխատեմ ու հրաժարվեմ ամենից, ինչ որ ունեմ։ Իսկ ես մոռանում եմ։
    Երբեմն ես մռնչում եմ, թափ եմ տալիս ինձ և ցողում եմ մի քանի կարմիր կաթիլ, որ պատմությունը հիշի։ Հետո մոռանում եմ։
    Երբ ես՝ Ժողովուրդս, սովորեմ հիշել, երբ ես՝ Ժողովուրդս, օգտագործեմ երեկվա դասերը և այլևս չմոռանամ թե ինձ ո՛վ կողոպտեց անցյալ տարի, ո՛վ ինձ հիմարացրեց, ապա ամբողջ աշխարհում չի գտնվի մի ճառախոս, որ ասի՝ “Ժողովուրդը…” ՝ հեգնանքի երանգն իր ձայնի մեջ կամ ծաղրական ժպիտը դեմքին։
    Ամբոխը – խուժանը – զանգվածը կժամանի այնժամ։

  3. Gohar says:

    I Am the People, the Mob

    I am the people—the mob—the crowd—the mass.

    Do you know that all the great work of the world is done through me?

    I am the workingman, the inventor, the maker of the world’s food and clothes.

    I am the audience that witnesses history. The Napoleons come from me and the Lincolns. They die. And then I send forth more Napoleons and Lincolns.

    I am the seed ground. I am a prairie that will stand for much plowing. Terrible storms pass over me. I forget. The best of me is sucked out and wasted. I forget.

    Everything but Death comes to me and makes me work and give up what I have. And I forget.

    Sometimes I growl, shake myself and spatter a few red drops for history to remember. Then—I forget.

    When I, the People, learn to remember, when I, the People, use the lessons of yesterday and no longer forget who robbed me last year, who played me for a fool—then there will be no speaker in all the world say the name: “The People,” with any fleck of a sneer in his voice or any far-off smile of derision.

    The mob—the crowd—the mass—will arrive then.

    Translated into Armenian by Moushegh Badalian

  4. Armen says:

    Ես չեմ գտնում, որ Փաշինյանը հրեշտակ է, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում Հայաստանում տեսնել այն բարքերի շարունակությունը, որոնք համակարգային բնույթ սկսեցին կրել 1998-ից: Այս կարծիքը, համոզված եմ, կիսում են մեր հայրենակիցների կեսից ավելին (իսկ ովքեր ցանկանում են – պարզ է ինչի համար): Մեծ ընտրության հնարավորության բացակայությունը մեր հասարակ և անգրագետ ժողովրդի հատվածի հետևանքը չի բնականաբար, այլ այն չարչիների, որոնք տարիներ շարունակ քաղաքական դաշտը մեթոդաբար վեր էին ածում մանրամեծածախ շուկայի:

  5. Հ.Շ. says:

    չգիտեմ, եթէ յատուկ – եւ թերեւս հմուտ – մարտավարութեան մը կը համապատասխանէ որոշ մօտեցում մը, որ այժմու վարչակարգի վերարտադրումը կը ներկայացնէ որպէս բարձր հաւանականութիւն. սակայն դա չի համապատասխանէր, հաստատ, լոկ թուաբանական տրամաբանութեան.

    արդարեւ, այդ կարծիքը կամ տպաւորութիւնը նշանակում է թէ, այսօր, Փաշինյանին եւ իր խմբակին վստահողների կամ հաւատացողների քանակը գրեթէ նոյնն է, քան ինչ որ էր՝ Դեկտեմբեր 2018-ին. երբ, տակաւին հաւաքական խելագարութեան մթնոլորտին մէջ, նա ստացաւ ձայների մօտ 34 տոկոսը (քանզի քուէարկողների 51%ը, չքուէարկեցին).

    հաւանաբար այս ըմբռողութեան հիման վրայ է, որ ընդդիմադիր հոսանքները՝ համբերութեամբ, զսպուածութեամբ, սպասում են որ անցնին մնացած մի քանի շաբաթները.

    եթէ տեղի չունենան զանգուածային ընտրակեղծիքներ (մասսայական մասշտապով լուրջ անկարգութիւններ, ոչ թէ մանր-մունր բաներ), ամէն դէպքում, ոչ ոք չի կարող կանխատեսել յառաջիկայ ընտրութիւնների արդիւնքները. սակայն վերոյիշեալ, թուաբանական տուեալի լոյսին տակ, տրամաբանական չէ որ մեկնող վարչակարգը, չմեկնի.

    բոլոր անոնք որոնք քուէների առատաձեռն տոկոսներ կ’ընծայեն փաշինյանութեան, մինչ՝ իրենք փաշինյանական չեն, պէտք է որ նկատի ունենան թէ այդ կարծեցեալ տոկոսներին այդպէս համակերպելով, այդ ուղղութեամբ հանրութեան «միտքը պատրաստելով», ակամայ, նրանք, ի յառաջաքունէ (վտանգաւոր բառ է…)՝ վաւերացնում են ընտրական արդիւնքների վերաբերեալ փաշինյանական խարդախութիւնների կարելիութիւնները. կամ նոյնիսկ, կարող են քաջալերել այդ ուղղութեամբ՝ առկայ հակումները, սաստկացնել՝ մեկնող իշխանութեան շինծու ինքնապահպանման միտող այդ փորձութիւնը.

  6. Հ.Շ. says:

    զուտ տրամաբանական, ուղեղային մակարդակի վրայ՝

    .ամենավատ, յոռեգոյն արժեւորում անգամ, նախորդ երկու վարչակարգները, միասնաբար, այդքան վնաս չգործեցին Հայաստանին եւ համայն Հայութեան, որքան՝ այժմու վարչակարգը

    . այնուհանդերձ, կարգ մը հայերի համար, տակաւին չէ հանգչած ատելութիւնը՝ նախորդներուն հանդէպ. մինչ, ամէն բան ներւում է՝ ներկաներին – եւ ԼՏՊին –

    Դասական Սփիւռքի այդ հայերի պարագային – ի մասնաւորի՝ արեւմտեան երկիրներու մէջ -, պատճառը այն է, որ անոնք բացառապէս տեսական, վերացական կերպով կը մօտենան այս նիւթին

    իսկ այդ հայաստանցիների պարագային – որոնք կը գտնուին այդ երկրէն ներս կամ դուրս -,
    միակ հնարաւոր բացատրութիւնը, պարզ է՝
    նախորդ երկուքը՝ ղարաբաղցի էին

    . սակայն այդ տեսակի հայաստանցիները տակաւին չեն ըմբռնած թէ այժմու, մեկնող վարչակարգը, ինչ վնաս բերաւ՝ իրենց Հայաստանին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31