Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե մարդն ունի զոհեր, գերեվարված հարազատներ ու ասում է՝ հպարտ ենք, երջանիկ, էլ ի՞նչ ասես»․ Մարտուն Գրիգորյան

Հունիս 04,2021 22:33

Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում,  հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է  ձայներ ապահովելու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմած «Հանրապետական» կուսակցության  համար, երբ շիրակցիները միշտ մերժել են այս քաղաքական ուժին, այն բոլոր տեսակի ընտրություններում  գրեթե ձայներ չի հավաքել Շիրակից։

«Եթե ձեր ասած տեսանկյունից վերցնենք, իհարկե,  շատ դժվար է, բայց այսօր ո՞ւմ դիրքերն են ավելի լավը, քան «Պատիվ ունեմ» դաշինքի։ Այսօրվա դրությամբ  բոլորն ունեն խնդիրներ․ Ռոբերտ Քոչարյանի հետ ուրիշ խնդիրներ են կապում, Արթուր Վանեցյանի հետ ուրիշ խնդիրներ,  երկրում տիրող այս իրավիճակը, դժվարությունները կապված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօրվա դրությամբ չկա մեկը, որ խնդրահարույց չլինի։ Մենք այսօր այդ ուղղությամբ չպիտի առաջնորդվենք։

Ես 2017 թվականին առաջադրվել եմ «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով, հիշո՞ւմ եք ինձ ընտրություններից հետո հարցրել են՝ փոշմանե՞լ եք, թե՞ չէ, ես պատասխանել եմ՝ ոչ, չեմ փոշմանել, որովհետև իմ մասնակցությունը տվյալ ժամանակահատվածում ինքնանպատակ չի եղել։ Իմ խնդիրը իմ մարզն է, իմ քաղաքն է, ՀՀԿ-ն այդ ժամանակ ուներ իշխանություն, ես համագործակցել եմ, որպեսզի կարողանամ պետության, կառավարության հնարավորությունները բերել, ծառայեցնել  Գյումրի քաղաքին։

Այսինքն՝ այդ թիմի հետ իմ համագործակցությունն այսօրվա դրությամբ ինքնանպատակ չէր ու պատահական չէր։ Կա մեր կապը, համագործակցությունը»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։

Իսկ Արթուր Վանեցյանի հետ, ըստ նրա, հարաբերությունները ընկերական հարթության վրա են եղել։

«Եթե այդ տեսանկյունից նայենք, Արթուր Վանեցյանն այն մարդն է, որը իշխանափոխությունից հետո մոտ 1-1,5 տարի որպես Ազգային անվտանգության ծառայության պետ՝  փաստացի կարողացել է կառավարել երկիրը։ Չերևացող ծանր մասը, բեռը եղել է Արթուր Վանեցյանի վրա։ Ես չեմ հիշում դեպքեր, որ Վանեցյանի աշխատած շրջանում մենք սահմանների խնդիր ունենայինք, պատերազմական իրավիճակ լիներ մեր մոտ, այսինքն՝ լուրջ վտանգներ մենք չէինք զգում։ Երբ  իշխանությունը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, այդ իներցիայի ուժով, որ գնում էր, գոնե էդ ժամանակահատվածն Արթուր Վանեցյանը կարողացավ առանց ցնցումների, առանց լարվածությունների, առանց երկիրը տակնուվրա անելու, պահել։ Թե Արթուր Վանեցյանից հետո ինչ եղավ երկրում, արդեն բոլորիս աչքի առաջ է եղել։ Կոնկրետ  Արթուր Վանեցյանը, 1,5 լինելով ԱԱԾ պետ, բնականաբար մեր երկրի ամենավերջին մանրուքներից տեղեկացված է՝ խնդիրներ, հարցեր, ոլորտներ, իրավիճակներ, արտաքին հարցեր, սահմանային հարցեր, խնդիրներ։

Նա,  լինելով ինֆորմացված անձ, նաև  որպես երիտասարդ մարդ, քաղաքականության մեջ նոր քայլեր անող, ունի առաջընթացի հնարավորություն։ Սա է պատճառը, որ համագործակցում եմ, ես կուսակցական չեմ, ո՛չ  «Հայրենիք» կուսակցությունից եմ, ո՛չ էլ «Հանրապետական» կուսակցությունից։  Նրանից առաջարկություն եմ ստացել, ինձ հրավիրել են»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Մարտուն Գրիգորյանն ասաց, որ իր համար ընդունելի է եղել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ Շիրակի մարզի ու  Գյումրի քաղաքի նկատմամբ հատուկ վերաբերմունքը։

«Ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի՝  նրանց հատուկ վերաբերմունքը դրսևորվեց նրանով, որ շիրակցին, գյումրեցին համամասնական ցուցակի առաջին տասնյակում իր տեղը պիտի ունենա։ Առաջին տասնյակում 8-րդ տեղը ինձ նախատեսելը հասկանալի է, որ սա վերաբերմունք է Գյումրիի ու գյումրեցիների նկատմամբ։ Կուսակցությունը, եթե 7 տոկոս շեմ հաղթահարում է , կարելի է ասել, որ Գյումրի քաղաքն ունենալու է իր պատգամավորը։ Մնացած ուժերինն անհասկանալի է, այսքան հոգսաշատ մարզ ու քաղաք, ունենք 8 պատգամավոր, չունենա՞նք մի քանի պատգամավոր կամ  ինչո՞ւ պիտի ռիսկի տակ լինի այն հարցը՝ Շիրակի մարզը ունենալո՞ւ է պատգամավոր, թե՞ չէ։ Սա ինձ համար անհասկանալի է, անընդունելի է»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Հետաքրքրվեցինք, թե քաղաքական այս թոհուբոհում հաշվարկե՞լ են՝ մոտ ինչքան ձայն կստանան, կամ առհասարակ կստանա՞ն։

«Ճիշտն ասած այս պահին դժվար է նման կանխատեսում անելը, որովհետև ժողովուրդն ամեն պահի կախված է ֆեյսբուքյան ինֆորմացիայից, ու մենք, ցավոք սրտի, ամեն անգամ սոցցանցեր մտնելուց, մտավախություն ունենք, թե ինչ վատ լուր պիտի լսենք, ինչ վատ բան է մեր երկրի հետ կատարվում կամ կատարվելու։  Էդ մտավախությամբ մարդիկ ամեն օր քնում, արթնանում են՝ սպասելով մի բացասական լուրի։ Ցավը նա է, որ չենք սպասում վաղը ինչ-որ  մի լավ բան լսելու ենք, տեսնելու ենք։

Օրը, որ անցնում է, վատ բան չենք լսում, ասում ենք՝ Փառք Աստծո, գոնե այսօր այսպես անցավ։ Չգիտեմ այս վիճակների մեջ շատ դժվար է, ժամանակահատվածն էլ  շատ կարճ է, որ հնարավորություն ունենաս շատ մարդկանց հետ շփվելու, հասկանալու, ներկայացնելու, բացատրելու, քանի որ այսօր լրատվական դաշտը համատարած մարդկանց ուղեղների լվացում է անում։ Անընդհատ սխալ տեղեկատվություն է ներկայացվում քաղաքական ուժերի մասին ՝ի շահ իրենց, ողողված է այդ տեղեկատվությամբ լրատվական դաշտը։

Այսօրվա դրությամբ շատ դժվար  ու անշնորհակալ գործ է կարծիքներ հայտնել, տոկոսներ ասել, բայց ամեն ինչ անելու ենք, որ բացատրենք մեր ժողովրդին, որ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Էսօր մեր ցանկությունները, կապրիզները, թե նախկինին  չենք ուզում, ներկաներին ենք ուզում,  պիտի իրավիճակը հասկանանք, պետականության, պետության ու ժողովրդի փրկության խնդիրն է դրված այսօր։ Միայն տարածքներ փրկության մասին չէ խոսքը, այլ  մարդկանց փրկության խնդիրը, որովհետև եթե տարածքներ են հանձնվում, գնալով օղակը նեղանում է, նույն հակառակորդի ախորժակն էլ բացվելու է։

Ես 11 տարի պատգամավոր եմ եղել, սահմանների հարց, Սևան, Սյունիք, մյուս, երբևիցե նույնիսկ առիթ չենք ունեցել այս մասին խոսելու կամ մտածելու, որ մեր երկրում գալու է մի օր, որ Սևանի հարցը Արցախի նման հարց է դառնալու։ Ինձ համար զարմանալի է»։

Մարտուն Գրիգորյանից կարծիք հարցրեցինք նաև ընտրություններում կիրառված հին մեթոդների մասին, մասնավորապես հետաքրքրվեցինք, թե  ընտրակաշառքը դերակատարություն կունենա՞։

Վերջինս այն համոզմանն է, որ հին մեթոդներն այլևս չեն գործի։

«Ժողովուրդն ինքը պիտի տեսնի, ինքը պիտի հասկանա, եթե այսօր ժողովրդի որոշակի մասսայի լրատական մանիպուլյացիաներով  հաջողվում է շեղել, խաբել, մարդն ունի զոհ,ունի անհետ կորած, գերեվարված հարազատ, ու ինքը, հետևելով լրատվությանն, այն կարծիքին լինի, որ ամեն ինչ լավ է, նորմալ է, մենք երջանիկ ենք, հպարտ ենք, որ ունենք զոհեր, հպարտ ենք, որ ունենք գերեվարվածներ, հպարտ ենք, որ պարտվել ենք ու երջանիկ են դրանից, չգիտեմ էլ ինչ կարելի է ասել, ոնց կարելի է ասել, բացատրել,  որ էդ չէ, ինչ-որ մտածում եք»։

Մեր այն դիտարկմանն էլ, թե հնչում են մտավախություններ, որ ընտրությունների օրը  քաղաքացիական պատերազմի վերածվելու վտանգ կա, Մարտուն Գրիգորյանը դա բացառեց։

«Ես նման վտանգ, համենայնդեպս Գյումրի քաղաքում ու ողջ Շիրակի մարզում չեմ տեսնում, որ պիտի լինեն բախումներ, քաշքշուկներ։ Ամեն մեկս այսօր մեր գործով ենք զբաղված ու չեմ կարծում, որ նույն ընդդիմությանն այսօր ձեռնտու է, որ պրովոկացիաների գնան, որովհետև մենք այսօր առանց այն էլ մեր աշխատանքով ենք զբաղված, մեր կազմակերպչական աշխատանքները հազիվ ենք հասցնում։ Չեմ կարծում, որ ընդդիմությանը ձեռ են տալիս պրովոկացիաները»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930