Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Քոչարյանն ու Փաշինյանն ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում»

Հունիս 07,2021 20:12

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման  ժամանակ անդրադարձավ  Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրերին, եւ նշեց՝  ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի․«Այդ թղթերին, լավաշներին, չգիտեմ, իրենց մասնագետների պատրաստած  փաստաթղթերին ինչ ասեմ։ Բացարձակապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստումներ են տվել, եւ ո՞րն է մինչեւ  վերջ կատարել»։ Տեր-Պետրոսյանն ասաց, որ այդ երկուսը  ասել են մի բան, արել լրիվ ուրիշ բան։

«Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝  ես գալու եմ,  մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ ինչ-որ իր շտաբերի վրա ինչ-որ երկու հարձակում էր եղել, ասաց՝ իմացե՛ք, բոլորիդ նկարել են,  հենց վարչապետ դառնամ, բոլորիդ պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։  Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությամբ ինչպիսի՞ն է՝ եթե մանկապարտեզում  մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից ինքը հետագայում  հաշիվ է պահանջել, պատժել է նրան։ Այդպիսի մարդ է։ Առյուծի պատմությունը։ Նիկոլն էլ մի սրբպատկեր էր սարքել՝ էդ առյուծին հեծած, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց կես ժամ ապացուցել, թե ինչ լավ բան է արել, գնացել է առյուծներ խփել, իր  նման հարուստ միլիարդատերների հետ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել։ Ասում է, որ դա ընդունված է։ Շատ ճիշտ է ասում, բայց դուք հիշո՞ւմ եք՝ մոտ 10 տարի առաջ Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետեւ Աֆրիկայում փիղ էր սպանել։ Ահա ինչպիսի չափանիշներ են գործում մեզ մոտ եւ քաղաքակիրթ աշխարհում»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ բանավեճի հրավերքի մերժմանը, 1-ին նախագահն ասաց․«Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ  հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ  մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչեւ ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին, ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետեւ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքն է ասել 2009 թվականին, ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Ըստ Տեր-Պետրոսյանի,  իր համար մի ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանը արդեն քանի անգամ է՝ խոսում է արժանապատիվ խաղաղությունից․«Լավ է արել, ես իմ խոսքերը բոլորիդ  ձրի եմ տալիս։  Բայց ես հիշում եմ՝  արժանապատիվ խաղաղություն, երբ ես արտասանեցի՝ անմիջական արձագանքն այն է, որ Լեւոնը հողերը տալիս է, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա ոչ թե լավագույն դեպքում կլինի  արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։ Ուրիշ ոչինչ։ Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը։Նրանց կառուցածն արդեն տեսել ենք։ Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետեւ այդ բոլոր համակիրները մեկը Քոչարյանով է մարդ դարձել, չգիտեմ՝ հարստության տեր դարձել, մյուս մասը պաշտոն ստացել, մյուս մասն էլ Փաշինյանով։ Սա արհամարհելի գործոն չէ, նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի, ուրիշ տեղ չունեն, կիհարկե, նաեւ ճամբարափոխ են լինում։ Վաղը կարող է փաշինյանականների մի մասը  քոչարյանական դառնա, քոչարյանականների մի մասը, եթե տեսնեն Փաշինյանն է հաջողության հասնում՝ փաշինյանական կդառնան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930