«Հայաստան» դաշինքի՝ Երեւանի երկու վարչական շրջաններում հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց իր՝ առյուծը հեծնելու նկարի պատմության մասին:
Նա ասաց. «Դա եղել է Տանզանիայում, եղել եմ մի շատ-շատ համաշխարհային անուն ունեցող մարդու հրավերով, իր ընտանիքի հետ: Նախագահ չեմ եղել, արդեն նախագահությունից հետո էր՝ 2010, թե 2011 թիվն էր: Ինքն էր հրավիրել, իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ 1 շաբաթ: Ասեմ, որ այս տասն քանի տարիների ընթացքում նման կարգի շատ մեծ անուն ունեցող մարդկանց հետ շփման շատ մեծ մակերես ունեմ, տարբեր տեղերում հանդիպում ենք: Որս մի անգամ է եղել: Ես եմ հրավիրում, իրենք են գալիս: Այդ շփումն ինձ հնարավորություն է տալու շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան, որովհետեւ անձնական վստահությունը նման կարգի մարդկանց հետ չափազանց կարեւոր է: Պետք է վստահեն ե՛ւ երկրին, ե՛ւ երկրի առաջին դեմքին: Բոլորը գիտեն, որ որսն իմ հոբբիներից է, հիմնականում Հայաստանում կարող է լորի որս լինի, կաքավի որս լինի, երբեք չեմ էլ թաքցրել, որսն իմ հոբբին է: Հայաստանի «Որսորդ» միության անդամ եմ, գրքույկն ունեմ, նաեւ որսորդական զենք ունեմ իմ վրա գրանցված՝ օրինական: Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում եւ դրա համար սեզոնից դուրս երբեք որեւէ որս չեմ արել որեւէ տեղ, որեւէ անօրինական բան չեմ արել»:
Քոչարյանն ասաց, որ մարդկանց զգալի մասն իրենց այնպիսի հարցեր է տալիս, որոնք պետք է տային գործող իշխանություններին, այսինքն, արդեն իրենց են ընկալում՝ որպես իշխանություն. «Նրանք, փոխանակ այդ հարցերի պատասխանը տան, իմ նկարովս են քայլում, հիմա եթե ավտոգրաֆ (ինքնագիր) է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ ամսի 21-ին: Իկոնայի պես բռնած գնում-գալիս է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































