Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ հետո, երբ բալետի երախտավորը Սոլեդադի իր խաչը նվիրեց Մարիա Աղաբաբովային

Հունիս 24,2021 13:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերջերս իսպանական ժողովրդական երաժշտությամբ եւ ըստ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունների՝ 1960-ականներին մեծանուն բալետմայստեր Մարկ Մնացականյանի լիբրետոյով եւ բեմադրությամբ իրականացված «Լորկիանա» մեկ գործողությամբ բալետի հերթական ներկայացումն էր։ Ավելի քան 60 տարի այս ներկայացման մեջ փայլել են տարբեր ժամանակների մեր բալետարվեստի աստղերը։
Ներկայացմանը փայլեց գլխավոր դերապարերից Սոլեդադի կերպարը առաջին անգամ մարմնավորող թատրոնի առաջատար մենապարուհի Մարիա Աղաբաբովան, որին, եթե չենք սխալվում՝ 2013-14 թվականներից հանդիպել ենք խաղացանկային Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել», Բիզե-Շչեդրինի «Կարմեն», Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե», Խաչատուրյանի «Չիպոլինո», «Շոպենիանա», Շորի «Բյուրեղապակյա դղյակ» ներկայացումներում։
Բալետի այս պարուհուն «Առավոտը» առաջին անգամ է անդրադառնում, մինչդեռ նրա ամուսնուն՝ առաջատար պարող Գրիգոր Գրիգորյանին, որը 2007-ից թատրոնում է, ժամանակին քանիցս անդրադարձել ենք. նա զբաղված է թատրոնի՝ եթե չենք սխալվում, խաղացանկային բոլոր ներկայացումներում։ «Լորկիանայում» ամուսինները առաջին անգամ հանդես եկան գլխավոր դերապարերով. Մարիա Աղաբաբովան, ինչպես նշեցինք՝ Սոլեդադի, Գրիգոր Գրիգորյանն էլ՝ Տորերոյի։

Ամուսինները՝ «Լորկիանայում»։

Ի դեպ, այս հոդվածը գրում ենք ներկայացումից հետո ականջալուր լինելով հանդիսատեսների խոսքուզրույցին, որոնք նախ անուն առ անում մտաբերում էին հենց թատրոններում իրենց կարիերայի առաջին տարիներին երիտասարդ որոշ արվեստագետների՝ ընտանիք կազմելու հանգամանքը։ Բալետարվեստի որոշ ներկայացուցիչներ հիացմունքով էին խոսում ամուսինների կատարողականի մասին, շետելով հատկապես Մարիա Աղաբաբովայի խաղը՝ Սոլեդադի ողբերգական կերպարում։

Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում էին, թե իրական կյանքում ամուսնուն սիրող Մարիայից, լիբրետոյից ելնելով, ինչ ճիգեր է պահանջվել՝ ներկայացման մեջ ըստ էության ամուսնու սիրուն չարձագանքելը, թեեւ Սոլեդադը համակված է Տորերոյի սիրով։ Մեկ-երկու հանդիսատես էլ հակառակն էին ասում, ողջունում Մարիա-Սոլեդադի նվիրվածությունը վաղամեռիկ զոհված պատանու հանդեպ։ Այնքան տպավորիչ էր Մարիա Աղաբաբովայի խաղը, որ հանդիսատեսի խոսքում խառնվում էր ամուսինների իրական կյանքը բեմում կատարվածի հետ։ Լիբրետոն հակիրճ հետեւյալն է՝ ներկայացման սկզբում սիրեցյալի մահը ցնցում է Սոլեդադին ու թեեւ սգո 40 օրն անցել է, նա չի մոռանում զոհված պատանուն, չի կարողանում բաժանվել սեւ զգեստից։ Բայց կյանքն ուրիշ բան է «ասում». շուրջը խմբված երիտասարդները առաջվա պես իրեն երգ ու պարի են հրավիրում։ Գեղեցկուհու սիրտը պատրաստ է նորից սիրել. թեեւ նա տարվում է Տորերոյով, բայց անցյալը նրան հանգիստ չի տալիս, նրա առջեւ մշտապես հառնում է սիրեցյալի ստվերը։ Խանդից տառապող Տորերոն աղերսում է Սոլեդադին մոռանալ անցյալը, սակայն անդրդվելի է Սոլեդադը, որին միայն մահն է կարող փրկել անցյալից՝ իրավունք տալով սիրելու Տորերոյին։ Կարճ ասած՝ Սոլեդադը մարտահրավեր է նետում անցյալին՝ իր սիրո մասին աղաղակելով Տորերոյին եւ պարում իր հրաժեշտի պարը։

Մարիա Աղաբաբովան եւ Գրիգոր Գրիգորյանը՝ Աննա Մարիկյանի հետ։

Մեզ հասած տեղեկություններով՝ Մարիա Աղաբաբովայի փայլուն կատարմանը կարծես թե օգնում էր վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի՝ երբեմնի իր սանին նվիրած խաչը, որով եւ հանդես էր գալիս պարուհին։ Այդ խաչը տիկին Մարիկյանը կրել է 1960-ականներին, նույն ներկայացման մեջ նույն կերպարը մատուցելիս։ Իսկ հայկական բալետարվեստի երախտավոր Աննա Մարիկյանի համար ընթացիկ տարին հոբելյանական է. սեպտեմբերին լրանում է նրա ծննդյան 80-ամյակը։ Պարուհին 1959-1985թթ. թատրոնում հանդես է եկել գլխավոր դերապարերում շուրջ 15 բեմադրություններում՝ Ադանի «Ժիզելից», Չայկովսկու «Կարապի լճից», Մինկուսի «Դոն Կիխոտից» մինչեւ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի», Սպենդիարյանի «Խանդութ», Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ», Հախինյանի «Ուռենի» եւ այլն։ Մարիա Աղաբաբովան մեկն է վաստակաշատ մանկավարժի (Մարիկյանը 1985-ից դասավանդում է Երեւանի պարարվեստի պետական քոլեջում) բազմաթիվ սաներից, որոնք հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930