Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի՜նչ նոր լույս է սա…

Հուլիս 29,2021 12:30

Օրփեոսը կոնսերվատորիայում

«Պետք էր իսկական խիզախություն եւ խորը համոզմունք, որ գեղեցիկը՝ գեղեցիկ է, որպեսզի չերկյուղել ունայն գլուխների կանխակալ կարծիքներից, հնապաշտների նախապաշարմունքներից, ովքեր տարբեր կողմերից ըմբոստանում էին այսքան խիզախ փորձի դեմ… Ավելին սահմանափակ միջոցներով պետք էր հասնել ճշգրիտ, ոգեշունչ, կենդանի կատարմանը…»
Հեկտոր Բեռլիոզ. «Գլյուկի «Օրփեոս»-ը Լիրիկական թատրոնում»,
1862թ., Փարիզ

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին ընդառաջ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան նվաճեց ամենահամարձակ ու առաջին հայացքից անիրականանալի թվացող բարձունք. ուսումնական ու ժամանակակից կատարողական, ստեղծագործական ուժերով ներկայացվեց ամբողջական երաժշտաթատերական բեմադրություն, որը դարձավ մեր այսօրվա կյանքի մշակութային վճռական իրադարձությունը…

Հեկտոր Բեռլիոզի բնորոշմամբ՝ «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերան «թատերական մեծագույն երաժշտության հրաշք ու Գլյուկի վեհ երկ»-ն է, որը 2021 թվականին առաջին անգամ բեմադրվեց Հայաստանում։ Երեւանյան պրեմիերան կայացավ հուլիսի 16, 17, 19 եւ 20-ին՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Պապյան) եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ստեղծագործական համագործակցությամբ։ Հայաստան էին հրավիրվել դիրիժոր Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա), ռեժիսոր Վռամ Կարապետյանը (Ֆրանսիա), նկարիչ Տիգրան Ձիթողցյանը (ԱՄՆ), նախագծին միացել էր խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը։
Պրեմիերային չորս օրերի ընթացքում դիրիժորական երկու մեկնաբանումը, որը սկսվեց Էդուարդ Թոփչյանի մուտքով (առաջին եւ չորրորդ օրեր), ընթացավ Գլյուկին ու մինչդասական բնորոշվող ժամանակին աստիճանաբար մոտենալու ուղով։ Է. Թոփչյանի մեկնաբանմամբ շեշտվում էին հոգեբանական դրամայի գծերը՝ առաջին պլան բերելով լեգենդի էլեգիական ողբն ու նուրբ զսպվածությունը։

Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ (երկրորդ եւ երրորդ օրեր) հնչում էր սյուժեի կենսական ջերմությունը, բաբախող ներվը։ Թե գործիքային, թե վոկալ համարներում շեշտվում էին իրավիճակ-թեմաների շարժվող զգացմունքներն ու կրքերը. չէ՞ որ լիբրետիստ Ռանիերի դե Կալցաբիջիի հետ Գլյուկն արիաներն անվանում էր արիա-գործողություններ: Ունկնդրի ուշադրությունը Ս. Շահիջանյանը բեւեռում է օպերային մեծ ռեֆորմատորի երաժշտության անվրեպությունն առավել շատ մարմնավորող արտահայտչամիջոցի՝ ռիթմի վրա։ Հեռացող բարոկոյի եւ վաղ կլասիցիզմի այս գլուխգործոցը մի քանի դար ապշեցնում է իր հզոր ոճով ու միաժամանակ խստությամբ։ Այն զուսպ, կենտրոնացած ողբ է, որտեղ հաղթում է մարդկային զգացմունքի ուժը, իսկ Երեւանյան պրեմիերայում այդ ամենի երաժշտական բացառիկ խորհրդանիշը դարձավ երկրորդ գործողության Ելիսեյան դաշտերում հնչող՝ թախծող Էվրիդիկեի մտորումներն արտահայտող մեղեդի-մնջախաղի տեսարանը, այստեղ բալետային ու մենակատարային փոխհյուսված մեկնաբանման մեջ չորս օրերում քառակի անգամ դահլիճի սիրտը շուռ բերեցին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահար Նարեկ Ավագյանի մենակատարումն ու պարող Օրփեոսի ու Էվրիդիկեի «երգող» ադաջոն։

Բարոկո-կլասիցիզմի եզրագծին կանգնած հսկայի՝ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա-ողբերգությունը կոնսերվատորիական բեմին ներկայացավ վիեննական, ֆրանսիական, Ricordi հրատարակչության տարբերակների միասնությամբ – ստեղծելով ինքնատիպ՝ երեւանյան խմբագրություն, մի քանի «հավելումով» (Լիլիթ Բլեյանի աշխատասիրությամբ հայալեզու թարգմանված լիբրետո-ուղեցույցում նշված է, որ բեմադրության համար ռեժիսորական լուծում է ստացել առաջին գործողությունում Օրփեոսի երազում ստվերի ձեւով Էվրիդիկեի մուտքը եւ Ամոռեի երրորդ գործողությունում ներառված Գլյուկի Die Sommernacht երգը)։

Ուսանող մեներգիչների, երգչախմբի ու բալետային տրուպայի երիտասարդները թարմության նոտա են հաղորդում ամբողջ ներկայացմանը, որտեղ միգուցե որոշիչ է ռեժիսորի՝ 23-ամյա Վռամ Կարապետյանի ջահել ու ջինջ խառնվածքի ներկայությունը։ Վերջինս կարեւորում է լուսավոր Օրփեոսի կորստից հետո խավարի մեջ խորտակված մտորումները՝ մարդկանց աշխարհ, դժոխք, դրախտ հանգրվաններով։ Ռեժիսորը նշում է, որ սիրելի Էվրիդիկեին կորցնելուց հետո աստվածների սիրելի երգչի կյանքն ու հոգին մթնել է. նա չի տեսնում երկրային աշխարհը, Էվրիդիկեն տարել է իր լույսը… ու այդպես կլինի, մինչեւ կգա գթության քաղցր պահը։

Ք. Վ. Գլյուկի «Օրփեոս»-ը մեծ ու շքեղ տեսարանների կոթող է, հետեւաբար պահանջում է մեծ տարածություն, ձգտում է վեհ ու շքեղ տեսարանների, որտեղ այսօրվա տրամադրության մեջ լուծում է ստացել ներկայացման բեմանկարչական կողմը։ Բեմադրության դեկորատիվ ձեւավորման գլխավոր արտահայտչաձեւը երկհարկանի պոլիկարբոնատային կուլիսների ու հետնաբեմի կիրառմամբ ստացվող բեկված սիլուետ- ստվերների պատկերային լայտմոտիվն է։ Այն ամբողջ բեմադրության ընթացքում խիստ ու միաժամանակ եթերային մի կտավ էր հիշեցնում, որի վրա «շնչավորվում էին» Տիգրան Ձիթողցյանի հեղինակած տեսապատկերները։

Տարիներ առաջ ժիր հրաշամանուկ նկարիչ ու այսօր սեփական, ճանաչելի ձեռագիր ունեցող արվեստագետ Ձիթողցյանի համար այս օպերան բեմանկարչական առաջին աշխատանքն էր, որտեղ ստեղծված էր տեսաշարային երկու առանցքային, հակադիր լուծում։ Առաջինի դեպքում նա, ասես իր հուշերի, մանկության շրջանի նկարչական անցյալի մեջ է. պահպանվել են հայրենիքի տաք գույները՝ մտաբերելով իր կյանքի վաղ ստեղծագործական շրջանի աշխատանքների գունային աշխարհը։

Երկրորդում՝ այսօրվա Տիգրան Ձիթողցյանի վրձին հատուկ՝ սեւ-սպիտակի համադրությամբ լուծված պարողների իմպրովիզացիայի սավառնող տեսաշարն է, ի դեպ, կարող ենք նշել, որ գունային այդպիսի սեղմ, չափավոր լուծմամբ նկարիչն արձագանքում է երաժիշտ Գլյուկի արվեստին հատուկ պարզ, բնական սկզբունքներին։ «Օրփեոս եւ Էվրիդիկե»-ի բեմադրությունը սկսվում է Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ կտավ-նախաբանով (ցանց-վարագույրի վրա պրոյեկտվում է առաջին տեսապատկերը)…

Այն «հնչում» է տեսախցիկի վեր բարձրացող հայացքով, որի կենտրոնում նկարչի աշխարհի համար առանցքային էակն է՝ կինը, այս դեպքում՝ երանելի Էվրիդիկեն, իսկ հաջորդաբար՝ երեւում են խաղաղ ծովը, տաք ավազը, շարժում ստեղծող եղեգները՝ կերպավորելով գունային ու ֆակտուրային բնագիծ-պատկերներից կազմված մի կտավ։ Նման սահմանանիշ է ուրվագծվում նաեւ Գլյուկի երաժշտությունը, որտեղ հանդիպում են ու միայն բարձր թռիչքից են երեւում բարոկո-ռոկոկո-կլասիցիզմ գեղարվեստական ժամանակների «իզմ»-երը։

Տիգրան Ձիթողցյանի բեմանկարչական տեսապատկերի մյուս խմբի հերոսը Օրփեոսն է՝ չորս կուլիս-պատերին հայտնված իր մեկ կամ մի քանի ստվերով բեմական մենապարին զուգահեռ դառնալով շարժման, թռիչքի ու անվերջ մտորումի վիզուալ զուգահեռ խորհրդանիշ, իսկ գեղարվեստական ու տեխնիկական առումներով ավելի բարձրացնելով ու արդիականացնելով անտիկ թեմայով ողբերգական բալետի արտահայտչաձեւը։

Խորեոգրաֆ Արման Բալմանուկյանին ու իր գեղարվեստական ղեկավարությամբ գործող «Բալմանուկյան պարային նախագծի» արտիստներին տեսնելով, պետք է բարձրաձայնել՝ օրհնվի այն պահը, երբ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի վճռական առաջարկով մեծանուն երգչուհի ու եզակի հայուհի Հասմիկ Պապյանը համաձայնեց լինել Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, որը հրավիրեց կառավարիչ ու օպերայի երգիչ, այժմ արդեն օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանին:

Նա էլ միանգամից նկատեց խորեոգրաֆիկ տրուպայի օժտվածությունը՝ փորձերի հարթակ տրամադրելով ապագա վերականգնվող բեմում եւ…ավելին՝ օրհնվի այն ժամանակը, երբ 1774 թվականին ծագումով ավստրիացի՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան իր հայրենակցին՝ Գլյուկին աջակցեց հասնել Փարիզ եւ հատուկ ֆրանսիական բեմի համար ծնվեցին «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայի նոր բալետային հատվածները՝ Ելիսեյան դաշտերում մենանվագ ֆլեյտայի մեղեդի-պանտոմիմը եւ մի քանի ծավալուն պարող համարներ, որոնց արտահայտիչ ուժն ու նրբագեղությունը «Բալմանուկյան պարային նախագիծը» փոխանցեց Երեւանյան պրեմիերայի չորս օրերի ընթացքում՝ ավելի ու ավելի, օրեցօր։ Բալետի արտիստները պարտիտուրն էին պատկերում, անէանում ու շատերին արցունքով թրջված ժպիտ բերում հենց հաղորդած խորեոգրաֆիկ ընթարցմամբ։ Ինչպիսի նազելիությամբ են զգացել, լսել, բեմադրել հիանալի անտիկ պոեմն ու հանճարեղ Գլյուկի երաժշտությունը։ Նրանց խորեոգրաֆիայի առանցքը վեհությունն է, որը սիրո իդեալ է, այն ամբողջությամբ երկնային գեղեցկություն է, քնքշություն։ Բալետ-մնջախաղի յուրաքանչյուր դրվագը օդ ու տարածություն բորբոքեց, թեւերը լայն բացած՝ բարձր թռիչք ու լայն թափ տվեց բեմադրությանն ու ամբողջ օպերային։ «Օրփեոս եւ Էվրիդիկե»-ի երաժշտական ենթատեքստը լրացվեց հատկապես նրանց մասնակցությամբ բեմական իրադարձություններով՝ հաստատելով Ռոմեն Ռոլանի այն հանճարեղ գնահատականը, որ այստեղ երաժշտությունն անցավ գործողության։

Օպերային ռեֆորմատոր Գլյուկը թատերական երգչախմբի երգիչներից բարձր կատարողական պրոֆեսիոնալիզմ է պահանջում, իսկ «Օրփեոսում» ստիպում է երգչախմբին շարժվել, տարափոխվել՝ ստանալով ամենատարբեր կերպար-գույներ (սգացող մարդիկ, ուվականներ ու ֆուրիաներ, Ելիսեյան դաշտերի երկնային հոգիներ, ցնծացող պալատականներ)։ Վռամ Կարապետյանի բեմադրությամբ դրամատիկական ամբողջականության համար երգչախումբը հնչում է բեմի ստեղծած բազմաստիճան տեսանելի ու ծածուկ հարթակներից, խմբերգային տեսարանների ցենզուրայնությունը հնարավորություն տվեց միացնել պարային բաղադրիչը (հատկապես՝ դժոխքի տեսարանում): Խմբավար Գայանե Սահակյանի ղեկավարությամբ ներկայացած ԵՊԿ «Կոմիտաս» ուսումնական երգչախմբի մեկնաբանման մեջ կարեւորում էին բազմաոճ խմբերգերի համայնապատկերի վեհ ու հանդիսավոր կերպարները, իսկ հոմոֆոն-հարմոնիկ, գլխավորապես ակորդային հյուսվածքի վրա կառուցված պարտիտուրում շատ համոզիչ էր գլյուկյան խմբերգերին հատուկ ընդգծված խոշոր կանտիլենան։

Երկրորդ գործողությունը օպերայի սիմֆոնիզացիայի՝ դժոխքի ու դրախտի հակադրությունն ու հաջորդականությունն է։ Այն բալետային ու ռեժիսորական լուծումների կենտրոնն է։ Եթե առաջին գործողությունում աստիճանակերպ «դեկորացիան» է, ապա երկրորդում այդպիսի ուրվականները ոչ միայն ձայնով, այլ նաեւ պարով են դիմադրում Օրփեոսին. ու այստեղ նվագախումբը դիրիժորական խիստ անհատական մեկնաբանմամբ ստանում է զգացմունքի, էմոցիայի, դրվագի կոնկրետ ենթատեքստի ու պրեկլասիցիզմի ոճի նյարդը հաղորդելու հրաշալի հարթակ։ Այստեղ է, որ խորեոգրաֆը լեգենդի գեղարվեստական չափազանց համոզիչ ընթերցմամբ նվագախումբը ամբողջությամբ ենթարկեցնում է օպերային լիբրետոյի դրամատուրգիական զարգացմանը։ Պարը փոխակերպվում է մնջախաղի, որն էլ պարը դարձնում է բալետային թատրոն։ Գլյուկի երաժշտությունը հնարավորություն է տալիս մենակատարներին արտահայտվել ճշմարիտ ժեստիկուլյացիայով ու միմիկայով։

Հայտնի է, որ Գլյուկը հերոսներին մեկնաբանում է իբրեւ հզոր ներքին կամային լարումով համակված անհատներ, այլ ոչ արտաքին ժանրային ֆիգուրներ։ Արդյունքում Օպերային ստուդիայի «Օրփեոս եւ Էվրիդիկե» ներկայացման երկու կազմի արտիստները դառնում են միեւնույն կերպարի էմոցիոնաների երանգների մարմնացումներ, որոնք իրագործվում են տարբեր աստիճաններով՝ կախված մեներգչի սեփական ներաշխարհի պարունակությունից։

Հեկտոր Բեռլիոզը գրել է, որ Օրփեոսն այն դերերից է, որոնց մարմնավորումը չի ընդունում ոչ մի թերի, խղճուկ բան. «Կերպարը անձնավորելու համար անհրաժեշտ է երաժշտության խորը իմացություն, կանտիլենայի արվեստի յուրացում, պարզ ու խիստ ոճի լրիվ տիրապետում, ուժեղ ու ազնվաբարո ձայն, զգացմունքի խորություն, արտահայտիչ միմիկա, ժեստի գեղեցկություն ու բնականություն, վերջապես Գլյուկի երկի գերազանց ըմբռնում ու իմաստավորված սեր»։ Այսպիսի համադրությունն ամբողջությամբ ընկալելի էր կոնսերվատորիայի շրջանավարտ ու հատուկ նախագծի համար հրավիրված մեներգչուհի Սոֆյա Թումանյանի (Գերմանիա) Օրփեոսի կերպարում։ Նրա համար Էվրիդիկեի կորուստը մարդկային ապրումի ճշմարտությունն ուներ, Սոֆյա-Օրփեոսը զուսպ, արքայական, տղամարդկային կեցվածք է որդեգրել եւ սկզբից սարսափեցնող, հետո՝ աստիճանաբար փափկող ֆուրիաների խմբերգի տեսարանում առավել զորեղ էր նրա հնազանդեցնող երգեցողությունը։

Տիգրան Քախվեջյանի Օրփեոսի մեկնաբանման մեջ առանձնանում էին սիրտ պատռող աղաչանքները, իսկ թավիշ ձայնի ու արական արտաքինով կերպարի համադրությամբ ծնված բնականությանը անշուշտ պետք է լրացվի մարմնով խոսելու հմտությունը։

Հեղինե Խաչատրյանն ու Լիլիթ Դավթյանը Էվրիդիկե կերպարի տարբերվող ընթերցում-խառնվածքներ են։ Հեղինե Խաչատրյանի Էվրիդիկեն կամային դիցուհու մեկնաբանում էր ստանում, հիշեցնելով ռոմանտիկական օպերաների կերպարներին ու ցույց տալով այն հաջորդակայնությունը, որ Գլյուկի օպերային արվեստից գնում է դեպի 19-րդ դար։ Օրփեոսի դերը Հեղինե Խաչատրյանն անձնավորում էր հաստատակամ արտաքինով, իսկ դետալներում՝ կենտրոնացումը գնում էր վոկալի վրա։ Կարեւոր է, որ ջերմություն, հուզում, շարժում հաղորդելու մեջ արտահայտումն ու ապրումը միավորվեն պարզության ջատագով Գլյուկի օպերայում։

Լիլիթ Դավթյանի Էվրիդիկեի կերպարը լուսավորում էր բնությամբ պարգեւ ստացած ունկնդրի սրտերը գերող արտաքին, արտիստական բնականությամբ։ Էվրիդիկեն այս դեպքում ներդաշնակ էր Լիլիթ Դավթյան երգչուհու գողտրիկ խառնվածքին, բացի այդ, նա ամբողջությամբ փոխանցում էր ռեժիսորական լուծումները եւ թատերական գործողությունը ապրում էր դարձնում, որը հատկապես ցայտուն էր երրորդ գործողությունում։ Ուսանող երգչուհին գտել էր Օրփեոսի հետ սրտով խոսելու արվեստը եւ զգացմունք ու ճշմարտություն էր դնում այնտեղ, որտեղ պերճախոսություն կար։

Գեղեցկության կայսրությանը ծառայող երկու Ամոռները՝ երգչուհիները Վարդուհի Թորոյանը եւ Սիրանուշ Օվսիյանը ներկայացան կերպարի երանգային ու խառնվածքային տարբեր մեկնաբանությամբ. Սիրանուշ Օվսիյանն իր Ամոռեին տվեց խիզախ ու պինդ կեցվածք, իսկ Վարդուհի Թորոյանի դեպքում կերպարը հաղորդվում է սքանչելի ճշմարտությամբ։ Ի՜նչ հանճարեղ է գրել Բեռլիոզը, թե բավական չէ տիրապետել տաղանդ, որպեսզի ճշմարիտ արտահայտել Գլյուկի կանանց… այստեղ պետք է ունենալ բարձր հոգեւոր հատկանիշներ, ինչպիսիք են սիրտ, ձայն, կերպար ու կեցվածք, որ առանց չափազանցելու ասել՝ այդ դերերը բացի գեղեցկությունից, պահանջում են…հանճարեղություն։ Մասնագիտական ու մարդկային բացառիկ առաքինության մթնոլորտում ծնված այս բեմադրությունը Օպերային ստուդիայի նորագույն տարեգրության կարեւոր մուտքն է, իսկ վարչական ու ստեղծագործական թիմն արդեն շարունակում է իր ճանապարհը դեպի նոր երաժշտաթատերական հանգրվաններ՝ սրտում ու սեպտեմբերի խաղացանկում պահելով Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե»-ն։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
երաժշտագետ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշխարհում լավ բաներ շատ կան: Դե, եկեք, անընդհատ անտեսենք մեր ազգայինը և գնահատենք ուրիշի լավը …

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031