Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող կարիերային զուգահեռ, օպերային երգչուհին հայրենիքում օգնում է երիտասարդ երգիչներին

Ապրիլ 27,2024 12:00

Մարդկության ճնշող մեծամասնությունը տեսնում է այն, ինչը երեւում, ցուցադրվում է։ Մինչդեռ բարձրակարգ մասնագետներն են, որ չերեւացող երեւույթի մեջ տեսնում են գալիք երեւացող արժեքը։ Ասվածը վերաբերում է ուսման կամ կատարելագործման նպատակով արտերկիր մեկնած մեր այն երիտասարդ արվեստագետներին, ովքեր տեսանելի դաշտից առժամանակ դուրս են մնացել։

Դեռեւս 2009թ. ենք ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Փիրումյանի դասարանի ուսանողուհի Անուշ Հովհաննիսյանին, երբ նա փայլեց Տաթեւիկ Սազանդարյանի ու Գոհար Գասպարյանի անվան մրցույթներում։ Եթե չենք սխալվում, հենց այդ ժամանակվանից ուսանող երգչուհին սկսեց, ոչ ավել-ոչ պակաս՝ դարձյալ փայլել Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, հանդես գալով Ալիսայի (Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր»), Կլարինայի (Ռոսինի՝ «Ամուսնության մուրհակ»), Սանտուցայի (Մասկանի՝ «Գեղջկական պատիվ») դերերգերով։ Երբ երգչուհուց հետաքրքրվել էինք, թե ե՞րբ կտեսնենք նրան Ազգային օպերային թատրոնում, նա հակիրճ պատասխանել էր՝ ամեն ինչ իր ժամանակին։ Այդժամ նա չէր էլ կարող պատկերացնել, որ կոնսերվատորիայից հետո իրեն սպասում է ուսումը Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում, դրանից հետո՝ հռչակավոր «Քովենթ Գարդեն» օպերային թատրոնը։ Շուրջ 15 տարի պահանջվեց, որ հայաստանցի հանդիսատեսը հայրենիքում հանդիպի երգչուհուն՝ ըմբոշխնելով նրա ականջահաճո սոպրանոն։

Անուշ Հովհաննիսյանը և Լիպարիտ Ավետիսյանը՝ «Տրավիատայում», Քովենթ Գարդեն օպերա, 15.11.2021թ.

Իսկ մինչ այդ երաժշտագետ, պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը մեզ ներկայացրել էր արտերկրում սիրելի ուսանողուհու ձեռքբերումների մասին. «Անուշը մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Կուզեի առանձնացնել 2017թ. «Քովենթ Գարդենում» մեր երգչուհու մասնակցությամբ Woold Works ներկայացումը՝ բեմադրված ժամանակակից խորեոգրաֆիայով, որից հետո որոշ բալետային քննադատներ, կարծես շրջանցելով մասնագիտական դաշտը, անդրադարձել են մեր երգչուհու բարձրարվեստ կատարմանը, չխնայելով գովեստի խոսքեր։ Տեսնում եք, չնայած երիտասարդ տարիքին, Անուշն արդեն սպասված ու ցանկալի է ոչ միայն իր թատրոնում, հեղինակավոր այլ թատրոններում նույնպես»։

Անուշ Հովհաննիսյանն օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու նախագծերում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Մալերի թիվ 2 «Հարություն» սիմֆոնիայում եւ ապրիլի 23-ի կեսգիշերին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին հնչեցված Մոցարտի Ռեքվիեմին՝ Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ։

Անուշ Հովհաննիսյանի երևանյան ելույթներից

Նախապես տեղեկանալով, որ երգչուհու գրաֆիկը գերխիտ է, նրա գործունեությանը վերաբերող որոշ տեղեկությունների ծանոթացանք համացանցից. նրա այցեքարտային դերերգերից է Վիոլետան՝ Վերդիի «Տրավիատայում»։ Նա այդ դերերգով հանդես է եկել «Քովենթ Գարդեն»  թագավորական թատրոնում, Դանիայի թագավորական օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում եւ այլն։ Հայ սոպրանոյի մասնակցությամբ վաղուց կայանում են պրեմիերաներ, օրինակ՝ Փարիզի ազգային օպերայում նա հանդես է եկել Էմմայի դերերգով՝ Մուսորգսկու «Խովանշչինա», Հոլանդիայում կերտել է Տատյանայի կերպարը՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում եւ այլն։ Ելույթներ է ունեցել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Էդվարդ Գարդները, Նիկոլա Լուիզոտտին, Դանիել Օրենը, Կառլո Ռիցցին, Էսա-Պեկկա Սալոնեն, Սըր Անտոնիո Պապպանոն եւ այլք։ Երգչուհու ձայնագրությունների ու կենդանի հեռարձակումների թվում են Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, «Խովանշչինա» օպերան եւ այլն։

Մասնագիտական շրջանակներին, բնականաբար, հայտնի է Անուշ Հովհաննիսյանի նաեւ հասարակական գործունեությունը հայրենիքում, որի մասին առաջին անգամ ենք բարձրաձայնում. նա Երեւանում կազմակերպում է լսումներ, վարպետության դասեր ոչ միայն մեր օպերային երիտասարդ ձայների, այլեւ օտարազգի երգիչների համար՝ ճանաչված մասնագետների մասնակցությամբ։ Մեզ հետ կարճ հանդիպման ժամանակ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ առաջին նման միջոցառումը կայացել է 2023թ. ամռանը. «Երեւանում Լոնդոնի թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի արտիստների զարգացման ծրագրի երկու ղեկավարները՝ Դեյվիդ Գաուլանդն եւ Էլեյն Քիդը, անցկացրել են վարպետության դասեր մեկ շաբաթ տեւողությամբ, որին մասնակցել են երգիչներ նաեւ Վրաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից։ Ընտրեցին հայ մասնակցին (անունը չբարձրաձայնեց- Ս. Դ.), որը սեպտեմբերին հանդես կգա «Քովենթ Գարդենում»։ Մայիսի սկզբներին Երեւանում կանցկացվեն լսումներ՝  25 տարվա պատմություն ունեցող, Գերմանիայում անցկացվող «Neue Stimmen» մրցույթին մասնակցելու նպատակով, մրցույթի ժյուրիի անդամների ու մենեջերի ներկայությամբ։ Մայիսի 10-ին այս միջոցառմանը կհետեւի տարածաշրջանի երիտասարդ ձայների լսումները՝ Զալցբուրգի փառատոնի ծրագրի ղեկավար Էվամարիա Վիզերի եւ Շոտլանդիայի թագավորական օպերայի դպրոցի ղեկավար Ֆիլիպ Ուայթի կողմից։ Այս այցիս մասին՝ առայժմ այսքանը»։

Նշենք, որ անդրադառնալով հայ երգչուհու արվեստին, բրիտանական Opera Now ամսագիրը նրան անվանել է «օպերայի ապագա», The Times օրաթերթը՝ «2020թ. օպերայի դեմք», գերմանական Der Theaterverlag թատերագիրքը՝ «2020թ. ամենաանվանի արտիստներից մեկը», Միջազգային օպերային մրցանակաբաշխության կոմիտեն էլ 2017թ. նրան շնորհել է «Լավագույն երիտասարդ արտիստ» կոչումը։ Ի դեպ, Անուշ Հովհաննիսյանի պարգեւների թվում են նաեւ Deutsche Grammophon-ի եւ Royal Danish Opera-ի հատուկ մրցանակները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930