Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի դասերը. Human Rights Watch-ը փաստագրել է Արցախյան պատերազմի ժամանակ դպրոցների կրած վնասները

Սեպտեմբեր 09,2021 15:49

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը ծավալուն զեկույց է պատրաստել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ տուժած դպրոցների վերաբերյալ:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Human Rights Watch-ի մասնագետներն այցելել են Ադրբեջանում և Արցախում հարձակման ենթարկված տարածքներ՝ պարզելու, թե արդյոք զինված ուժերը հետևել են պատերազմի ժամանակ միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին՝ պաշտպանել քաղաքացիներին հարձակումներից: Նրանք զրուցել են ականատեսների հետ, ուսումնասիրել տեղացիների կողմից արված և լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներն ու տեսագրությունները, արբանյակային պատկերներ, ինչպես նաև հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի դե ֆակտո իշխանությունների հետ:

Հրապարակված զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը հավաքագրել է, թե ինչ է եղել դպրոցների հետ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում և վերհանել դպրոցական երեխաների համար պատերազմի որոշ հետևանքներ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ ընթացքում ավերվել կամ վնասվել է 71 դպրոց հայկական կողում (երկուսը՝ ՀՀ-ում) և 54 դպրոց ադրբեջանական կողմում, ինչպես նաև տասնյակ մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և մասնագիտական դպրոցներ:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ դպրոցները համավարակի պատճառով փակվել էին 2020թ. մարտին և նոր էին բացվել, երբ ստիպված էին կրկին փակվել պատերազմի պատճառով: Բազմաթիվ դպրոցներ ծառայել են որպես տանիք տեղահանվածների համար: Արցախում որոշ դպրոցներ կիրառվել են նաև որպես զինվորական հոսպիտալներ և զորամասեր, որոշները թալանվել են տեղի բնակիչների կամ հայկական զինված ուժերի կողմից, ասվում է զեկույցում:

Նկարագրելով ադրբեջանական Դույարլի գյուղի դպրոցին հայկական կողմից հասցված վնասը՝ զեկույցի հեղինակները փաստում են, որ ադրբեջանական ուժերը տեղակայված են եղել բնակավայրի մոտ, ինչը մեծացրել է բնակավայրերին հարված հասցնելու ռիսկը: Հոկտեմբերին արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Դույարլիից հարավ-արևելք տեղակայված են եղել ադրբեջանական 10 կրակակետ, դրանցից մեկը՝ բնակելի տնից ընդամենը 10 մետր հեռավորության վրա: Բացի այդ, մոտ 800 մետր արևմուտք տեղակայված է եղել 3 ծանր հրետանի, 4 հրթիռային համալիր 1.5 կմ հյուսիս, և 2 հրթիռային համալիր՝ 2.5 կմ հարավ-արևմուտք:

«Այնուամենայնիվ, այս ռազմական օբյեկտների առկայությունը չի բացատրում կամ չի արդարացնում դպրոցի վրա ուժեղ հրետանային հարվածը: Դպրոցի կամ քաղաքացիների վրա ցանկացած կամայական թիրախավորում համարվում է պատերազմական հանցագործություն»,- ասվում է զեկույցում:

Բացի այդ, Հայաստանի իշխանությունները նույնպես հայտնել են, որ ադրբեջանական անօդաչուները հարված են հասցրել Հայաստանի Սոթք և Կութ գյուղերի երկու միջնակարգ դպրոցների, և տեղեկացրել, որ հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9-ին անօդաչուի հարվածից լուրջ վնասվածք է ստացել 14 տարեկան մի տղա, որը Սոթքի մոտ մի քանի այլ քաղաքացիների հետ գնալիս է եղել կարտոֆիլ հավաքելու:

Զգալի վնաս է կրել Կարմիր շուկայի միակ դպրոցը, որը հայկական ուժերի կողմից օգտագործվել է որպես դաշտային հիվանդանոց: Ամենամեծ վնասը դպրոցը կրել է մեծ հավանականությամբ հոկտեմբերի 15-ի հարվածից:

«Երբ մենք նոյեմբերին այցելեցինք այնտեղ, դպրոցի առաջին հարկը և բակը լի էին վնասված բաճկոններով, արյունոտ համազգեստով, լաթերով և պատգարակներով: Բակում տեսանք նաև հրետանու բազմաթիվ բեկորներ, իսկ դպրոցի շենքի բոլոր պատուհանները կոտրված էին»,- ասվում է զեկույցում:

Ստեփանակերտից 40 կիլոմետր դեպի արևելք՝ Մարտունի քաղաքում, Միհրան Ջիվանյանը, այն ժամանակ թիվ 2 դպրոցի տնօրենը, այն մի քանի քաղաքացիական անձանցից էր, ովքեր մնացել էին քաղաքում: «Էլեկտրականություն չկար, մարդ չկար, դժվար էր», – պատմել է նա:

Տարբեր օրերի ադրբեջանական հրետանային կրակը կենտրոնացել է քաղաքի տարբեր շրջաններում, ինչը Ջիվանյանի կարծիքով՝ հատկապես սարսափելի էր, քանի որ այն այնքան «անկանխատեսելի» էր:

Հայաստանի իշխանությունները իրավապաշտպաններին պատմել են, որ թիվ 2 դպրոցը բազմիցս հրետակոծվել է հոկտեմբերի 1 -15 -ն ընկած ժամանակահատվածում: Ըստ մասնագետների՝ ամենածանր վնասը, ամենայն հավանականությամբ, պատճառվել է հոկտեմբերի 19 -ին «Գրադ» հրետանային հրթիռների կործանարար հարվածից, ինչը նաև մեծ վնաս է հասցրել անմիջապես դպրոցի հարևանությամբ գտնվող «Մշակույթի տանը» տեղակայված երաժշտական և արվեստի դպրոցներին: Դպրոցը կրկին հարվածի տակ է ընկել նոյեմբերի 8 -ին ՝ հրադադարից ընդամենը երկու օր առաջ:

Նոյեմբերի 10-ին Ջիվանյանը գնացել է դպրոց՝ իրավիճակին ծանոթանալու: Նա պատմել է, որ երկրորդ հարկը մեծապես վնասվել է, իսկ HRW մասնագետները նոյեմբերի 23-ին այցելության ժամանակ այնտեղ տեսել են առնվազն երեք Գրադի մնացորդներ, երկուսը դպրոցի բակում և մեկը երկրորդ հարկի միջանցքում: Անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի պատուհանները կոտրված են եղել, զգալիորեն վնասված են եղել շենքերը, այդ թվում մանկապարտեզը, գրադարանը և թաղապետարանի շենքը:

Ինտենսիվ հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտից 15 կիլոմետր հյուսիս գտնվող Ասկերանը, որի Արվեստի և երաժշտության դպրոցի նկուղը վերածվել էր ժամանակավոր հիվանդանոցի: Բժիշկներն ու խնամք փնտրող բնակիչները, ինչպես նաև մարդիկ, ովքեր փորձում էին պատսպարվել հարձակումներից, այնտեղ են եղել, երբ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին հրթիռը հարվածել է շենքից երկու մետր հեռավորության վրա գտնվող մեքենային: Դպրոցի շենքը լրջորեն վնասվել է: Զարմանալի է, որ նկուղում ոչ ոք չի վիրավորվել:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ դպրոցները կրակի են տրվել նաև պատերազմից հետո այն տարածքներում, որոնք եռակողմ հայտարարությունից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

2020 թվականի սեպտեմբերին Արցախում եղել է 220 դպրոց՝ մոտ 24 000 աշակերտով: Մինչև նոյեմբեր, այդ դպրոցներից 107 -ը, որտեղ սովորում էին 6834 աշակերտ, ինչպես նաև 4 արվեստի դպրոց և 4 մարզադպրոց (մոտ 1750 աշակերտի համար), գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ:

Երբ հրադադարից հետո բնակիչները սկսեցին վերադառնալ Արցախ, հայկական կողմի վերահսկողության տակ մնացած դպրոցները բախվեցին բազմաթիվ խոչընդոտների՝ կապված վերաբացման հետ: Պատճառն այն էր, որ դպրոցները ծառայել էին որպես ժամանակավոր կացարաններ տեղահանված խաղաղ բնակիչների համար, ինչպես նաև զորանոցներ հայկական ուժերի համար: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվեցին, սակայն որոշ դպրոցներ անվտանգության նկատառումներից ելնելով գրեթե դատարկ են մնացել: Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են:

Զեկույցի վերջում հեղինակները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել մարդու իրավունքների միջազգային անկախ մոնիտորինգային խմբերի, որոնք կփաստագրեն մարդու իրավունքների խախտումները և տեղեկություն կտրամադրեն մարդու իրավունքների վիճակի և սպասվող ռիսկերի մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է հրապարակայնորեն կոչ անեն նման դիտորդական ներկայություն հաստատել տեղերում»,- կարծում են իրավապաշտպանները:

Մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պարտավորվում են երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամ երեխաները, այս ուսումնական տարում ունենան դպրոց մուտք գործելու հնարավորություն:

Ամերիկյան ռազմական մասնագետներն ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի դերակատարությունը Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Տեղեկություններն այն մասին, որ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել դպրոցներին և վիրավորել երեխայի, մատնանշում են ռազմի դաշտի ձախողումներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչը հանգեցրել է կրթության վրա նման կործանարար ազդեցության:

Հայաստանում, որտեղ կառավարությունը հրապարակային քննադատության արժանացավ հրադադարի համաձայնագրի համար, բայց հաղթեց հունիսյան ընտրություններում, իշխանությունները պետք է հետաքննեն, կամ առնվազն ճանաչեն և միջոցներ փնտրեն՝ շտկելու դպրոցների օգտագործումը ռազմական նպատակներով և թալանը:

Մի շարք դպրոցների կրած վնասներն ու ավերածություններ ականանետներից, ծանր հրետանային արկերից, Գրադ և Սմերչ հրթիռներից և բալիստիկ հրթիռներից ընդգծում են, որ անհրաժեշտ է սահմանափակել խոցման լայն մակերեսով պայթուցիկ զենքի կիրառումը:

Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Նաև պետք է հայկական կողմին վերադարձնի իր վերահսկողության տակ անցած տարածքների դպրոցների գույքը:

«Հակամարտությունը և դրա հետևանքները, այդ թվում նոր անկայուն շփման գծի երկայնքով բախումները, ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ուժեղացնել կրթության պաշտպանության համաշխարհային նորմերի նկատմամբ հանձնառությունները»,- եզրափակում են զեկույցի հեղինակները:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930