Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք իզուր տեղը կիկոսությամբ չզբաղվենք». Դավիթ Բաբայան

Սեպտեմբեր 09,2021 22:20

«Շատ կարեւորում ենք այդ հանդիպումը: Պարոն Խովաեւը նոր է ստանձնել այդ պաշտոնը եւ պետք էր ծանոթանալ նաեւ իր հետ անձամբ: Բնական է, քննարկել ենք տարբեր հարցեր` եւ հակամարտության կարգավորման, եւ բանակցային գործընթացի վերսկսման, եւ իրավիճակին առնչվող: Խոսել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների տարածաշրջան այցելության կարեւորության մասին: Բավականին բովանդակալից զրույց է եղել, ինչից տպավորված ենք: Նա փորձառու դիվանագետ է եւ լավ անձնավորություն, ինչը թույլ է տալիս շարունակել խաղաղարար նախաձեռնությունը եւ առաքելությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի հետ Երեւանում կայացած իր հանդիպումից եւ դրա արդյունքներից:

Դավիթ Բաբայանն այսօր մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին:

«Կան լուրջ քննարկումներ եւ դեռեւս նախնական մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ: Ժամանակը կգա, կտեսնենք, ինչպես է այն իրականացվում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերականգնելու եւ բանակցություններ վերսկսելու նախադրյալներին վերաբերվող հարցին:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննարկումներին՝ ռուս խաղաղապահների տեղակայման իրավական հարցերի շուրջ եւ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ռուսական խաղաղապահ մանդատի երկարաձգում, ինչի անհրաժեշտության մասին արդեն իսկ խոսվում է, Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ ռուս խաղաղապահները հանդիսանում են Արցախի անվտանգության հիմական երաշխավորներից մեկը. «Ինչ վերաբերում է այդ առաքելությունն իրականացնելու ժամկետներին, բնական է, որ սա ՌԴ-ի որոշելիքն է: Բայց Ռուսաստանը պատասխանատվության մեծ զգացում ունի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար: Հետեւաբար, քանի լուծված չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իսկ այն դժվար թե լուծվի մինչեւ 2025 թվականին, ռուս խաղաղապահ առաքելության մնալը Արցախում ինձ թվում է` կերկարաձգի: Հակամարտությունը, քանի դեռ կարգավորված չէ, պետք է լինեն խաղաղապահ ուժեր»:

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է առաքելության ավարտից շուտ Ադրբեջանը պահանջի ռուսական զորքի դուրսբերում, քանի որ դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն քայլի էլ կարող է դիմել, բայց սա արդեն այլ հարց է, որովհետեւ Ադրբեջանը կարող է պահանջել ռուս խաղաղապահ առաքելության դուրս բերումը, եթե կարգավորված է հակամարտությունը: Իսկ կարգավորումը տեսնում ենք միայն մի ճանապարհով, երբ մեր ինքնորոշման իրավունքի եւ դրա իրականացման փաստը ճանաչվի: Այսինքն` այն, որ մենք երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե Ադրբեջանն այս փաստը ճանաչի, կմեկնարկի բոլորովին այլ գործընթաց»:

Եթե ուզում ենք ուժեղանալ եւ հետ բերել այն, ինչ կորցրել ենք, Դավիթ Բաբայանի կարծիքով, մեզ երկար ժամանակ է հարկավոր, որի ընթացքում պետք է ինքնամաքրվենք. «Սա է բանալի բառը` բոլոր հաջողությունների համար: Աշխարհաքաղաքականության մեջ թեւավոր խոսք կա` չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ, բայց կարծում եմ` կան հավերժ թշնամիներ: Մեր ամենամեծ թշնամին էգոիզմն է, հայրենասիրության եւ պրոֆեսիոնալիզմի պակասը: Այս ամենի դեմ պետք է պայքարենք: Երբ կարողանանք ինքնամաքրվել, այդ ժամանակ կունենանք այնպիսի հաղթանակներ, որոնց մասին չենք էլ պատկերացնում: Մենք համարում ենք, որ Արցախի տարածքի 80 տոկոսը բռնազավթված եւ օկուպացված է եւ միշտ էլ դրա մասին խոսել ենք: Դրա համար ասում եմ` պետք է պայքարենք ներսում մեր արժեքային համակարգի վերականգնման համար եւ ինքնամաքրվենք: Սա միայն իշխանությունների խնդիրը չէ: Իշխանությունները օդից չեն գալիս, մենք գաղութ չենք, որ մեկին բերեն եւ պարտադրեն: Հասարակության հայելին է իշխանությունը եւ արտացոլում է գերիշխող գաղափարները: Սա ավելի լայն հարց է եւ երկարատեւ գործընթաց է պահանջում»:

Պատասխանելով Թուրքիայից եկող դրական ազդակներին, դրանց դրական արձագանքելու՝ ՀՀ իշխանության տրամադրություններին, այն պարագայում, երբ Թուրքիան վերահաստատում է իր հայտնի նախապայմանը, որոնցից մեկն էլ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելն է, վերաբերվող հարցերին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ո՞վ չի ուզում, որպեսզի լինի խաղաղություն, համերաշխություն, կապերն ընդլայնվեն, բոլորն էլ ուզում են, բայց այլ հարց է, թե ինչ գնով: Թուրքիան չի թաքցնում եւ ասում է, որ իր պահանջն է` հրաժարվենք Արցախից եւ ցեղասպանության ճանաչումից: Մենք կարծում ենք, որ հրաժարվել Արցախից եւ ցեղասպանության ճանաչումից, չի կարող բերել համերաշխության, Հայաստանի զարգացման: Եթե մեր արժեքները չենք պահպանում, մեր անցյալով չենք հպարտանում լավ իմաստով, ուրեմն` մեր ներկան եւ ապագան վտանգված է: Առավել եւս, որ պարզապես չենք պատկերացնում, որ կարող է լինել մեկը կամ պաշտոնական Երեւանը ճանաչի, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Սա հնարավոր չէ»: Դիտարկմանը՝ եթե պաշտոնական Երեւանը գնա այդ ճանապարհով, Արցախի իշխանությունները կընդդիմանա՞ն ՀՀ իշխանություններին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Եթե նախապայմանը պետք է լինի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը, չեմ պատկերացնում, որ նման բան կարող է լինել: Իսկ եթե նման բան չի կարող լինել, ուրեմն` եկեք իզուր տեղը կիկոսությամբ չզբաղվենք: Էլի եմ ասում` չեմ կարծում, թե այդպիսի բան լինի, եթե եղավ, այդ ժամանակ կտեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930