Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հզորացումը կարող ենք սկսել փոքր գործերից՝ Լծենից. համայնքում հյուրատուն է կառուցվում

Նոյեմբեր 24,2021 16:45

Չնայած Սյունիքի մարզի Լծեն համայնքը, ինչպես տեղացիներն են ասում՝ կտրված և քայքայված վիճակում է, բայց այստեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում։

 

Այստեղ այժմ ապրում է 22 ընտանիք։ Համայնքը Սիսիանից 24 կմ հեռավորության վրա է գտնվում, այստեղ ո՛չ խանութ կա, ո՛չ փոստ։ Տեղացիները ստիպված իրենց առևտուրը կա՛մ Սիսիանում են անում, կա՛մ հարակից գյուղերում:

Աբգար Մարգարյանը տարվա մի մասը անցկացնում է Ֆինլանդիայում, մյուսը՝ Հայաստանում։ Այստեղ իր հայրենի գյուղում որոշել է հյուրատուն կառուցել, բացի դրանից վերանորոգել է եկեղեցու կտուրը և կատարել այլ վերանորոգման աշխատանքներ. «Իմ մեծ պապին Լծենից է, պապիս արդեն Երևանում է ապրել։ Բայց ես էլ, հայրս էլ միշտ էլ կապը պահել ենք մեր գյուղի հետ, և ամառները ես այդտեղ մեծացել եմ»։

Նա պատմում է, որ տաս տարուց ավելի երազել է վերականգնել իրենց փոքր գյուղը. «Այս գյուղը ինձ համար միշտ եղել է Հայաստանի խորհրդանշան, որ Հայաստանի հզորացումը կարող ենք սկսել փոքր գործերից, որովհետև փոքր գործերով միշտ իրագործում ենք մեծ գործեր։ Ամեն օր մի քայլ անելով՝ մենք ընդհանուր առաջ ենք տանում։ Ժամանակին բավականին մեծ գյուղ է եղել»։

Այն տունը, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են կատարվում, Աբգարի հայրն է սկսել շինարարությունը 90-ական թվականներին. «Երբ Սովետական Միության վերջին տարիներին գյուղերը դատարկվում էին, ինքը կառուցեց այդ տունը, որպես վերաբնակման վայր՝ նախատեսելով, որ մեր ընտանիքը պետք է վերադառնա իր պապիկի գյուղը, որ գյուղերը չդատարկվեն։ Սակայն, 1993 թվականին նա մահացավ, և տունը դեռ պատրաստ չէր, և ես 12 տարեկան էի այդ ժամանակ։ 18 տարեկանում տեղափոխվել եմ Ֆինլանդիա, իսկ 10 տարի առաջ ես ծրագրել էի կառուցել հյուրատունը մեր բոլոր ընկերների բարեկամների համար, ինչպես նաև բիզնես նպատակներով, որ գյուղում աշխատատեղեր բացեմ, և երիտասարդները մնան գյուղում և այստեղ կարողանան աշխատել։ Մենք ծրագրում ենք բացել նաև ձիերի ֆերմա՝ այս տան մոտակայքում, մենք ուզում ենք Լծենը վերածել էկո գյուղի, և նաև այստեղ արտադրություն սկսել»։

Ծրագրում են նաև հատուկ տարածք տրամադրել տարբեր մարտական արվեստներին, թենիսի կորտ, հեծանային արահետ կառուցել մինչև Դարպաս գյուղ, ինչպես նաև ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ընկերություններին հրավիրել Լծեն, և գյուղը դարձնել բարձր տեխնոլոգիաների կենտրոն։

Սկզբում նախատեսում են ստեղծել 20 աշխատատեղ, այնուհետև այդ թիվը կանցնի 100-ը. «Շինարարությունը սկսել ենք երկու տարի առաջ։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի այն վերջապես կավարտենք։ Այս ծրագիրը ինձ համար Հայաստանի վերակառուցման մի փոքր մասն է։ «Ազգ՝ բանակ, երկիր՝ ամրոց»-ը սկսում ենք այսպիսի փոքր ծրագրերով»։

Լծենը ունենալու է նաև այլընտրանքային ճանապարհ, ըստ Աբգարի, ճանապարհները լավ են, բայց պետք է պահպանել նաև բնությունը. «Այդտեղ շատ բնապահպանական աշխատանքներ ենք տարել, օրինակ՝ աղբի մաքրման, աղբի արտահանման, հետագայում էլ ծրագիր ունենք աղբի վերամշակման կոմբինատ հիմնել Սիսիանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ճանապարհ են կառուցելու, որն անցնելու է Լծենով։ Երբ որ գործը ծրագրում էինք, մենք չէինք իմացել դա։ Այն իր հետ կբերի և՛ լավը, և՛ վատը։ Ճանապարհը բնության վրա է ազդելու, ինչպես նաև տարբեր շատ հանգամանքների վրա է ազդելու։ Բայց մեր ձեռքին է, թե ինչպես ենք մենք այդ ամենը պահելու, որ նվազագույն վնաս հասցվի բնությանը և այդ տարածքում մեր մշակույթին, մեր մատուռներին, քանի որ ճանապարհը շատ մոտ է գնում տարբեր պատմական տարածքներին»։

Աբգարը ասում է, որ իրենք ծրագրերը այնպես են կազմակերպել, որ դրանք շարունակական լինեն։ Իսկ եթե իրենց բիզնես պլանը աշխատի, ապա մտածում են վերանորոգել գյուղի բոլոր տները և դրանք վերածել ընտանեկան հանգստյան գոտու. «Մենք հիմա մի գործ ենք անում, որը ամբողջ գյուղը պետք է ոտքի կանգնեցնի, տարածաշրջանը ոտքի կանգնեցնի, հզորացնի։ Մենք, ցավոք, ունենք շատ մեծ խոչընդոտներ. աշխարհը դեմ է դուրս եկել մեր փոքր ազգի և փոքր երկրի դեմ, բայց ամեն դեպքում՝ աստված մեզ հետ է, և հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»։

Նա նշում է, որ Հայաստանը ուրիշ տարբերակ չունի, քանի որ իր հարևան պետությունները ուժով են ցանկանում հարցերը լուծել. «Իսկ քանի որ աշխարհը հանդուրժում է ուժով հարց լուծելը, մենք ուրիշ տարբերակ չունենք, նույն ձև ենք պատասխանելու։ Եվ հիմա ավելի ենք ուժեղանում։ Եթե ուժը խաղաղություն ապահովելու միակ տարբերակն է, և միջազգային օրենքը չակերտների մեջ գործում է այնքանով, որքանով մինչև այսօր գործել է, ուրեմն՝ մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք էլ ուժերով ենք հարցերը լուծելու։ Այժմ նրանք Սյունիքի վրա են հարձակվում, հաջորդ կլինի Երևանը, իսկ Երևանին կհաջորդի Թբիլիսին։ Մենք պետք է դադարենք հավատալ միջազգային օրենքներին և դադարենք սպասել այլ երկրների աջակցությանը և կառուցենք մեր բանակը, ենթակառուցվածքները՝ տարածաշրջանում խաղաղությունը պահելու համար։ Մենք դա անում ենք և անելու ենք, մենք հաղթելու ենք, և տարածաշրջանում խաղաղություն ենք հաստատելու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930