Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարողացել իդենտիֆիկացնել Freenews TV-ի խմբագրի կոնկրետ անունը». Լաուրա Բաղդասարյան

Ապրիլ 20,2022 13:56

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ հիմա շատ է խոսվում այն մասին, որ չկա մեդիայի հստակ սահմանում` հաշվի առնելով վերջին շրջանում թվայնացման առանձնահատկությունները, սակայն, իր համոզմամբ, անցել են այն ժամանակները, երբ օնլայն տիրույթը համարվում էր բացառապես ազատ խոսքի տիրույթ:

«Օնլայն տիրույթը վաղուց արդեն դադարել է բացառապես ազատ խոսքի եւ ազատ մամուլի տիրույթ լինելուց, այստեղ են գտնվում բոլորը` թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե իշխանական, թե ընդդիմադիր ԶԼՄ-ները եւ այլն: Օնլայն տիրույթը վաղուց պետք է կարգավորման ենթարկվի»,-ընդգծեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը:

Նա վկայակոչեց անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին իրենց իրականացրած լայնամասշտաբ ուսումնասիրությունը, որը վերաբերվում էր օնլայն տիրույթում հայաստանյան մեդիայի թափանցիկության վարկանիշներին. «Օնլայն տիրույթում թափանցիկ հեռուստառադիոընկերություններն, ըստ մեր մեթոդաբանության ցուցանիշների, հասնում էին ընդամենը 20 տոկոսի, իսկ մնացած 80-ը մասնակի թափանցիկ կամ ոչ թափանցիկ հեռուստառադիոընկերություններ էին: Հայաստանում տեսալսողական մեդիայի լանդշաֆտի սեգմենտում արդեն վաղուց կան հեռուստառադիոընկերություններ, որոնք բացի իրենց դասական, ավանդական կայքերից, ունեն նաեւ առանձին օնլայն ԶԼՄ-ներ, որոնք գործում են օնլայն մեդիայի բոլոր օրենքներով: Կան նաեւ մարզային հեռուստաընկերություններ, որոնք լիցենզիա չեն ստացել ու ամբողջությամբ անցել են օնլայն ԶԼՄ-ների գործունեության ռեժիմին»:

Լաուրա Բաղդասարյանը կարեւորեց առաջնային թափանցիկությունը, ասաց, որ խոսքը տարրական նույնականացման տարրերի մասին է, որը վերաբերվում է հեռախոսահամարին, խմբագրին, ղեկավար մարմնին, հիմնադիր մարմնին, ԶԼՄ-ի գտնվելու վայրին եւ այլն. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ կլինի՝ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում նաեւ դրույթներ լինեն նրանց թափանցիկության վերաբերյալ օնլայն տիրույթում եւս:

Մեդիալանդշաֆտի ամենափնթի եւ չկարգավորված սեգմենտը օնլայն տիրույթն է: Մենք ունենք բազմաթիվ օնլայն մեդիահարթակներ, որոնք իրենց ներկայացնում են որպես մեդիա, որպես ԶԼՄ-ներ, բայց ոչ որպես անհատ բլոգերներ, որոնց լսարանները հասնում են այնքանի, ինչքան սովորական մեդիահարթակներն են: Ես գտնում եմ, որ այս համեմատությունն էլ արդեն ժամկետանց է, որովհետեւ օնլայն հարթակներում հիմա բոլորն են, եւ բոլորն ունեն մեծ լսարաններ: Եվ լսարանների չափանիշներով ղեկավարվելը` սա մեդիա է, նա մեդիա չէ, արդեն հնացած է»:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը գտնում է, որ կա մեդիայի հստակ սահմանման կարիք` տարբերակելու համար, օրինակ, օնլայն տիրույթում հարթակները նրանք են, որոնք իրենց խմբագրությո՞ւն անվանում իրենց կայքերի ներքեւի հատվածում, թե՞ նաեւ նրանք են, որոնք ունեն մեծ լսարաններ, կամ չնայած ցածր թափանցիկությանը, ունեն շատ լավ գովազդային փաթեթներ:

«Մենք Հայաստանում 3 միլիոնանոց լսարան ենք, ու մեր հաշվարկներով իդենտիֆիկացրել ենք 89 օնլայն լրատվամիջոցի: Ես, սակայն, ճանաչում եմ ԶԼՄ-ների ղեկավարների, որոնք 1-2 հոգով են այդ լրատվամիջոցն առաջ մղում: Ցավոք, թափանցիկությունը դեռեւս չի դարձել որակյալ մեդիայի ամենակարեւոր չափորոշիչը… Ես գտնում եմ, որ բավարար չէ օրենսդրական կարգավորման պահանջ ունենալը, անհրաժեշտ է նաեւ այդ պահանջի կատարումը վերահսկող ինչ-որ մարմին, այնպես ինչպես հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը վերահսկող մարմինն է, որը պետք է լիազորված լինի պարտադրել կամ պահանջել թափանցիկության որոշակի աստիճան»,-հավելեց տիկին Բաղդասարյանը:

Նրա ձեւակերպմամբ, թափանցիկության եւ ոչ թափանցիկության մասին պատկերացումները մեզանում թյուր են. «Ցավոք դրանք հաճախ ներքաղաքական պայքարի համատեքստում են ընթանում: Մեր տվյալներով 89 ԶԼՄ-ների 37 տոկոսն է թափանցիկ, իսկ 63 տոկոսն օնլայն տիրույթում եղել է մասնակի թափանցիկ կամ ոչ թափանցիկ: Սա նշանակում է, որ դրանք զրոյից մինչեւ 2 տվյալ իրենց կայքերում տեղադրող ԶԼՄ-ներ են:

Անցած տարեվերջին ընդունվեց նոր օրենսդրական կարգավորում մեդիայի ֆինանսական թափանցիկության մասին: Ես գտնում եմ, որ լավ կլիներ նախ եւ առաջ ապահովվեր մեդիայի առաջնային թափանցիկությունը, իսկ ֆինանսական թափանցիկության մասին պետք չէ այնպես խոսել, ինչպես ընդունված է մեզանում… Եթե օրինակ ասում են սրանք ընդդիմադիր են, մարդիկ իմանան, որ իրենց շրջանառած տեղեկատվությանը պետք է այսպես վերաբերվել, մինչդեռ առաջատար երկրներում, ժողովրդավարական ավանդույթներով լրատվամիջոցներում մեդիայի ֆինանսական թափանցիկությունը նախեւառաջ կապում են մեդիայի բազմազանության հետ»:

Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ամենալղոզված դիսկուրսը, ցավոք, վերաբերվում է մեդիային, եւ կոնկրետ վիճակագրական տվյալներով խոսելու դեպքում այն կրճատվում է, վերանում է նաեւ ներքաղաքական պայքարի պահը: «Մի քանի տարի է՝ անընդհատ շրջանառվում է, որ նորաստեղծ ԶԼՄ-ները ամենաքիչ թափանցիկ ԶԼՄ-ներն են, իսկ ավանդական, երկար տարիների փորձ ունեցողները թափանցիկ եւ պատասխանատու ԶԼՄ-ներ են: Մինչդեռ թափանցիկության եւ ոչ թափանցիկության բաժանարար գիծը ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր սեգմենտների արանքով չի անցնում: Եվ թափանցիկների մեջ կան իշխանական ԶԼՄ-ներ, եւ ընդդիմադիրների մեջ, նույնն էլ ոչ թափանցիկության պարագայում է:

Օրինակ, մենք մեր հետազոտության ժամանակ մեկ ամիս շարունակ այդպես էլ չենք կարողացել իդենտիֆիկացնել Freenews TV-ի խմբագրի կոնկրետ անունը, իսկ ես ավելի քան 20 տարի մեդիադաշտում եմ աշխատում: Ուզում եմ փաստել, որ այսպիսի խնդիրներ շատ կան»:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ չպետք է շտապել նոր պետական մարմին ստեղծելու համար, քանի որ դա նույնպես կարող է լուրջ մահակ դառնալ ԶԼՄ-ների նկատմամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԽԱՊԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930