«Դիմադրություն» շարժումն արդեն երկրորդ օրն է՝ Կապանում փորձում է հանրահավաք կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 5-ին կոչ էին արել հավաքվել Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում։ Հավաքը սակավաթիվ էր, ու որոշվեց իրազեկման ավտոերթ անել։
Մայիսի 6-ին հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում։ Սակայն այսօր էլ հրապարակում միայն կազմակերպիչներն էին՝ ՀՅԴ Կապանի անդամները։ Նրանք մի քանի անգամ հրապարակի տարածքում գտնվող քաղաքացիներին հրավիրեցին հանրահավաքի։ Հետո էլ որոշեցին՝ առաջիկա երկու օրերին ակտիվ իրազեկում իրականացնել, որից հետո՝ մայիսի 9-ին նախատեսվում է մեծ հանրահավաք։
«Չնայած քիչ ենք, բայց մենք չենք հանձնվելու, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը։ Քանի որ Երեւանում հայտարարվել է երկօրյա դադար, մենք որոշել ենք վաղը եւ մյուս օրը մարդկանց իրազեկել։ Խնդրում ենք ձեր աշխատանքային ընկերներին, բարեկամներին՝ իրազեկել շարժման մասին։ Սա՛ շարժում է մեր հայրենիքի համար, սա՛ շարժում է Արցախի համար, սա՛ շարժում է Սյունիքի համար»,-հայտարարեցին ՀՅԴ ներկայացուցիչները։ Նրանք նաեւ կոչ արեցին ինքնակազմակերպվել, քանի որ իրենց ձեւակերպմամբ՝ «մեր գործը Աստծով է, մեր գործը հաջողելու է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: