Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կհասնի Սյունիքից՝ ԵԱՏՄ շուկա (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 13,2022 23:30

Կապանի մշակույթի կենտրոնում արդեն երրորդ օրն է՝ աշխույժ եռուզեռ է։ Սյունիքում անցկացվում է «Տարածաշրջանների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով աշխատաժողովը։ ԵԱՏՄ երկրներից Հայաստանն առաջինն է, որտեղ նման քննարկում է կազմակերպվում։

Նախաձեռնության համահեղինակներն են՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Կապանի համայնքապետարանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառում, որ սյունիքյան աշխատաժողովը խթան կդառնա ու կձեւավորվի ավանդույթ՝ այսուհետ, ամեն տարի ԵԱՏՄ որեւէ պետության տարածքում նման քննարկում կազմակերպվի։ Փոխնախարարը առանձնացնում է մարզերի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը։ «Սյունիքը, հատկապես Կապանը դարձնենք առավել ակտիվ։ Մեր երկիրը միայն Երեւանը չի, այլ մեր քաղաքներն են, շեներն են, գյուղերն են, որ մենք պետք է ամեն ինչի մեջ ներգրավենք։ Միանգամից՝ շատ ակտիվ չի լինի, միանգամի՝ց մեծ արդյունքներ չի կարելի ակնկալել, բայց մեթոդական եւ այլ աշխատանքների շնորհիվ՝ կարող ենք ամեն ինչի հասնել»,-համոզված է փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հույս ունի՝ որ առեւտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի այս նախաձեռնությունը նոր ակտիվություն, նոր շունչ կբերի Սյունիքին ու Հայաստանին։ «Սա շատ մեծ հնարավորություն է տալիս տնտեսական իմաստով՝ տարբեր բիզնեսների համար, սա բավականին տեղեկատվական մեծ հարթակ է, որպեսզի մարդիկ ծանոթանան, թե ինչպիսի հնարավորություններ է տալիս ԵԱՏՄ շուկան մեր գործարարներին։ Մյուս կողմից՝ մեզ համար կարեւոր է Սյունիքում այս օրերին նման միջոցառում կազմակերպելը, ու սա վերջինը չէ, մոտ ապագայում նմանատիպ քննարկումներ նույնպես կկազմակերպվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի համոզմամբ՝ նման հանդիպումները, բացի տնտեսական ազդակ լինելուց, կարեւորվում են միջազգային հանրությանը մեր պատմամշակութային, ազգային արժեքները ներկայացնելու համար։ «Հաշվի առնելով ներկայումս տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով նաեւ վերջին զարգացումները՝ համաշխարհային շուկայում, սա բացառիկ հնարավորություն է ԵԱՏՄ երկրների շուկան օգտագործելու։ Հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին ուսումնասիրելու շուկան, ունենալ նոր նախաձեռնություններ եւ իրացնել»,-իր տեսակետը հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Մինչ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահի երկրորդ հարկում ԵԱՏՄ տարբեր երկրներից ժամանած զեկուցողները ներկայացնում են ԵԱՏՄ շուկայի հնարավորություններն ու հեռանկարները, առաջին հարկում Սյունիքում արտադրված ապրանքների ցուցադրություն-վաճառքի սրահներն են տեսքի բերվում։ Սահմանամերձ Շիկահողի կարի արտադրամասը ներկայացել է նոր ապրանքատեսակներով՝ «Մեր արտադրանքը սահման է պահում» կարգախոսով։ Կաթնամթերք, մսամթերք, չոր մրգերից կոնֆետներ, քարի տեսակներ, թեյերի հավաքածուներ, պանրի տեսակներ, ազգային տարազներ, բրդե հագուստեղեն եւ այլն։ Տեսականին բազմազան է։ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը հավաքական Մեղրին է ներկայացնում։ «Կոնկրետ այսօր ներկայացել ենք եւ՛ Խաչաց տնով, եւ մեղրեցի տարբեր ձեռներեցների արտադրանք ենք ներկայացնում՝ հավաքական Մեղրի անվան տակ։ Սա ոչ միայն գովազդ է մեզ համար, այլ հետագայում մեծ շուկա դուրս գալու, ճանաչելի լինելու հնարավորություն է»,-ասում է Շահանեն։

Աշխատաժողովի ընդմիջմանը՝ ցուցասրահները լցվում են արտերկրից ժամանած հյուրերով։ Բնական հումքից օճառներ արտադրող «Նուռի» ընկերության տնօրեն Սուրեն Բաբայանը դեռ չի պատկերացնում, թե ինչպես է իր արտադրանքը հասնելու ԵԱՏՄ երկրներ։ Աշխատանքային քննարկումից հետո պարզ կդառնա ընթացակարգը։ Մինչ նա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին է ներկայացնում արտադրանքն ու այս պահին սպառման շուկան, «Նուռի»-ի ցուցասրահ է այցելում ԵԱՏՄ ռազմավարական տնտեսական քաղաքականության վարչության պետ Ասկար Ջապարկուլովը։ «Հետաքրքիր, գեղեցիկ, գրավող բույր ունեն այս օճառները։ Կարծում եմ օգտակար կլինեն։ Կգնեմ նաեւ կնոջս համար»,-ասում է Ջապարկուլովը, բայց մինչ պատրաստվում էր վճարել, «Նուռի»-ի տնօրենը իր արտադրանքի հավաքածուն է նվիրեց նրան։ Ասկար Ջապարկուլովը խոստանում է՝ նոր գործընկերներ գտնել կապանյան օճառներն իրացնելու համար, եւ ոչ միայն դրանք։ Առաջին անգամ է Սյունիքում՝ հիացել է մարզի թե՛ բնությամբ, թ՛ե մարդկանցով։ «Հայաստանի հարավային հեռավոր մարզում արտադրվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ԵԱՏՄ շուկային, օճառից մինչեւ երիշիկեղեն, հագուստ։ Սա իսկապես շատ տպավորիչ է։ Հաստատ եմ ասում՝ այստեղի արտադրատեսակները կարող են մրցունակ լինել ԵԱՏՄ շուկայում»,-ասում է Ջապարկուլովը։

Օրգանական գյուղատնտեսության բարձրարժեք մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող «Դավթյանց ֆարմ» ընկերության արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստան։ Մի քանի րոպեում ներկայացված ապրանքները սպառվեցին։ Ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի խոսքով նման հանդիպումները պիտի ձեւական բնույթ չկրեն, դրանց պիտի հաջորդեն գործնական քայլերը։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ տվեց համաժողովը, բայց մի բան հստակ է՝ այն տվեց նոր ծանոթություն, տվեց շփվելու հնարավորություն, տվեց ապրանքը ներկայացնելու հնարավորություն։ Մնացածը արդեն կարծում եմ հետադարձ կապի միջոցով պարզ կլինի»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը։

Բացի աշխատանքային քննարկումներից, ԵԱՏՄ երկրներից ժամանած հյուրերը եղել են որոշ ընկերություններում, ծանոթացել արտադրական պրոցեսներին, այցելել են պատմամշակութային վայրեր։ Աշխատաժողովի մասնակիցները Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրում են կատարել Հայրենական մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Արցախյան բոլոր պատերազմների կապանցի հերոսների շիրիմներին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031