2020թ 44-օրյա պատերազմի մասին դեռ ֆիլմեր կնկարվեն ու գրքեր կգրվեն, դեռ շատ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել` ինչու Արցախյան առաջին պատերազմում հաղթած ժողովուրդը պարտվեց այս պատերազմում, ինչու զոհվեցին 4000 տղաները, ինչու ընկան Հադրութն ու Շուշին, ինչու միջազգային հանրությունը չտեսնելու տվեց ինքնորոշված Արցախի վրա ադրբեջանական ագրեսիան, ինչու եղավ նոյեմբերի 9-ը, ինչու փակուղի մտան բանակցությունները, ով դավաճանեց Արցախ ազատագրած ու հիմա սոցիալական ցանցերում արգելված Մոնթեին:

Երբ Արցախի չճանաչված հանրապետության դեմ պատերազմ է սանձազերծվում Ադրբեջանի կողմից ու Թուրքիայի աջակցությամբ, Լիկա Զաքարյանը ուրիշների նման չի հեռանում հայրենի Ստեփանակերտից: Նա ռմբապաստարանից գրում է այդ մասին` չմտածելով, որ իր օրագիրը մի օր դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի ամբողջական եւ բազմաշերտ վավերագրություն։
Մեկ ընտանիքի ճակատագրով ներկայացված են ողջ ժողովրդի մաքառումները, կորուստները: Լիկայի հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մայրը ծննդատանն է աշխատում: Լիկան, փաստորեն, ապրում է այն իրականության մեջ, որի մասին ժամանակին պատմել են ծնողները` պատերազմ, արյուն, ավեր, կորուստներ: Լիկայի զարմիկին ադրբեջանցիները պատանդառել են, նրա օպերատորը մեկնել է հայրենիքը պաշտպանելու, եղբայրը նույնպես զինվոր է: Ինքը ապրում է Ստեփանակերտում, որտեղ մի օր կմեռնի, բայց չի ուզում, որ այդ օրը հիմա լինի…
Կարդացեք նաև
Ֆիլմում կտրուկ, «բաց տեքստով» ու ճակատային խոսվում է իրականության մասին, Հայաստանի ճակատագիրը` ըստ իրենց շահերի հարմարեցնող գերտերությունների, Ադրբեջանի ու Թուրքիայի կեցվածքի, Լիկայի ձեւակերպմամբ, միջազգային հանրության «բլա-բլա-բլա»-ի եւ երկու կողմերին արվող զսպվածության միանման կոչերի մասին:
«Չտեսնված հանրապետությունում» տեղ են գտել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթներից, միջազգային լրատվամիջոցներին տված նրանց հարցազրույցներից հատվածներ, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ կա իր քարոզչական հայտարարություններով եւ անգամ #ՀաղթելուԵնք հեշթեգը: Ֆիլմում Սփյուռքի մեր հայրենակիցների բողոքի գործողություններից էլ կադրեր կան, ու նաեւ մի մեծ հարցական է ուրվագծվում Լիկայի շուրթերով`ինչու է պատերազմի ժամանակ հայկական կողմը խոսում հաղթանակների, իսկ ադրբեջանական կողմը`հայկական հողերը գրավելու ու մեր կորուստների մասին:
Աշխարհի ամենասիրուն Արցախի Հանրապետությունը, ցավոք, «դրսի» աչքերում «չտեսնված հանրապետություն» է, որտեղ ապրում են «կողը հաստ ղարաբաղցիներ», որոնք չեն ցանկանում լքել իրենց հայրենիքը: Ֆիլմում կադրեր կան Ստեփանակերտից բնակչության տարհանման մասին եւ զուգահեռներ Մոնթեի արարքի հետ, որը ժամանակին իր մեքենայով փակեց գյուղի ճանապարհը, որպեսզի մարդիկ չհեռանան, որովհետեւ, նրա խոսքով, հողը պաշտպանող զինվորը պետք է իմանա, թե ինչի համար է կռվում:
«Չտեսնված Հանրապետությունում» անդրադարձ կա նաեւ նոյեմբերի 9-ին, ու դրան հաջորդած հուզումներին, երբ ժողովուրդը չէր հաշտվում հայրենիքի տարածքների կորստի հետ ու վարչապետ Փաշինյանին դավաճան էր որակում: Ֆիլմում լիքը ցավ կա, նաեւ հույս, որ մի օր «գերեվարված» ամեն քարը հետ է բերվելու:
«Չտեսնված հանրապետությունն» ավարտվում է Եռաբլուրի դրվագներով, ու բարձրաձայնվում են հայրենիքի համար կյանքը տված տղաների անունները: Այս ֆիլմը ներկայացնում է մեր շատ ցավոտ ու չսպիացող «բաց վերքը», ու դիտելիս վերապրում ես 44-օրերի սարսափները: Այս ֆիլմն ավելի շատ «դրսին» իրականությունը բազմակողմանիորեն ներկայացնելու փորձ է, եւ չափից շատ հագեցած է տեղեկատվությամբ, ինչը դժվարամարս է դարձնում ասելիքը, բայց դա էլ իր բացատրությունն ունի:

Այս ֆիլմը, թերեւս, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կտա Հայաստանում, որովհետեւ թեման շատ զգայուն է, հարցականները` շատ, ընկալումները `տարբեր, ու հնարավոր չէ բոլորի սպասելիքները բավարարել, բայց վստահ ենք, որն «Չտեսնված հանրապետությունը» յուրատեսակ առաքելություն կարող է ունենալ «դրսին» շատ բան իրազեկելու առումով: Ցուցադրության ժամանակ հուզված էին եւ հայերը, եւ օտարերկրացի տիտղոսավոր կինոգործիչները: Այդ ֆիլմի հերոսները բոլորս ենք, ֆիլմը բոլորիս մասին է, որովհետեւ Հայաստանում ու Արցախում չկա ընտանիք, որ զոհված կամ տնազուրկ հարազատ չունենա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































