Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքանո՞վ է իրավաչափ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. ԼՀԿ-ի պատգամավորները փչացրեցին իմքայլականների տրամադրությունը

Հունվար 13,2021 17:13

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» հարցը:

Ինչպես հայտնի է, ԼՀԿ պատգամավորերը բոյկոտում են հանձնաժողովի նիստերը, բայց քանի որ այսօր իրենց նախագիծն էր քննարկվում, եկան: Տարոն Սիմոնյանը, տեսնելով իմքայլականների ուրախ տրամադրությանը, զարմացավ. «Այսօր տրամադրություններդ շատ բարձր է»: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց. «Ոչինչ, հեսա կփչացնեք»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն նաեւ այս նախագիծն անցկացնելու համար արտահերթ նիստ էր նախաձեռնել, սակայն իշխանականները այն տապալել էին: Որպես հիմնավորում՝ նախագծի համար նշվում է այն, որ Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական եւ ռազմաքաղաքական գործընթացներից:

Տարոն Սիմոնյաննն այսօր հանձնաժողովի նիստում միջազգային նորմերը վկայակոչեց՝ ասելով, որ ուժի կիրառման սպառնալիքի ներքո ստորագրված փաստաթուղթն առ ոչինչ է, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոնե մի քանի կետերի մասով պետք է առ ոչինչ լինի. «Կանգնեցինք փաստի առջեւ: Իսկ փաստն այն է, որ հայտարարության մեջ նշված կետերը կատարվեցին հայկական կողմից, չնայած որ Արցախի հանրապետությունը փաստաթղթի մաս չէր կազմել, բայց անգամ Արցախն ապահովեց զինված ուժերի դուրսբերումը ԱՀ որոշ տարածքներից, բայց նաեւ այս փաստաթղթի իրավաչափության հետ կապված այլ հարցեր կան: ՀՀ-ն մեկ այլ պետության՝ Արցախի զինված ուժերի տեղափոխման հարց էր լուծում, նման իրավունք չուներ, որովհետև Հայաստանը զորք չուներ Արցախում: Հայկական երկու պետությունների կողմից այդ փաստաթղթի կետերը կիրառվել են ու մենք կանգնած ենք փաստի առջեւ՝ փոխելու դա: 8-րդ կետը հայտարարության ամրագրում է ռազմագերների եւ ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը, որը առ այսօր Ադրբեջանի կողմից չի կատարվել: Եթե այս առիթն էլ չօգտագործենք ԱԺ-ում քննարկելու այս հարցը գոնե քաղաքական մակարդակում պահանջ հնչի ԱԺ-ի կողմից, ապա մնացած բոլոր նախագծերն այսօր իրենց արդիականությունը փոխել են: Օրակարգերը պատերազմից հետո փոխվել են: Դուք հիմա բովանդակային քննարկում չեք ծավալելու, գիտեմ, քննարկելու եք՝ կարո՞ղ է նման հարց մտնել լիագումար նիստերի օրակարգ: Միանգամից պատասխանեմ, որ այս նախաձեռնությունը այն քիչ գործիքներից էր, որ տրամադրված էր ԱԺ խմբակցություններին անել՝ արտահերթ նիստ գումարելով: Մենք ցանկացանք օգտագործել այդ հնարավորությունը եւ այդ ստորագրված փաստաթղթի իրավաչափության հետ կապված գոնե խմբակցությունների պաշտոնական դիրքորոշում հնչեցնելու համար, ինչը դուք տապալեցիք այն ժամանակ: Միեւնույն ժամանակ ԱԺ-ն հնարավորություն է տալիս որոշելու՝ ինչպես կազմակերպել ընթացակարգային հարցերը»:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ որեւէ գործադիրի ղեկավար չպետք է յուրացնի ԱԺ-ի լիազորությունները եւ վավերացման ենթակա որեւէ հարց չի կարող մենակ լուծել՝ առանց ԱԺ-ի վավերացման:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց՝ ԱԺ-ն ունի՞ իրավասություն որեւէ հարցի իրավաչափություն քննարկել՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ այո, ունի իրավունք. «Քննարկելու իրավազորություն կա անգամ կանոնակարգ օրենքում»: Ըստ Արուսյակ Ջուլհակյանի, իրավաչափությունը քննարկելը իրավական գնահատական տալու անհրաժեշտություն ունի, որը կարող է անել օրինակ, Սահմանադրական դատարանը:

Իմքայլական Սուրեն Գրիգորյանն էլ, երկրորդելով Ջուլհակյանին, ասաց, որ ԱԺ-ի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, ուստի հարցրեց՝ ո՞ր հոդվածով է բխում այդ իրավասությունը՝ քննարկելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավաչափությունը:

Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ եթե ուղղակի այդպիսի լիազորություն եք ուզում, Սահմանադրությունում չկա, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքում կա գործիքը՝ արտահերթ նիստով դա անելու:

Վլադիմիր Վարդանյանը շարունակեց իշխանականների միտքը ու հարցադրումներ արեց. «Մի հատ կարո՞ղ եք ասել՝ կանոնակարգի ո՞ր կետով կարող ենք սա քննարկել: Որեւիցե հարցով ԱԺ-ն ինչ-որ երեւույթի իրավաչափություն քննարկում ու որոշո՞ւմ է»: Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ կարող է:

Նիստում հարցի քննարկման ընթացքում իմքայլականների տրամադրությունը այլեւս բարձր չէր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031