Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայից վերադարձել եմ կարծես նոր մարդ»

Հուլիս 23,2022 13:30

Ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Վարդազարյանը

Հայկն օրերս վերադարձել է Գերմանիայից: Ասում է՝ Գերմանիայից վերադարձել է կարծես նոր մարդ, ավելի վստահ, առանց սթրեսի, հետագա կոնկրետ նպատակներով ու նոր հույսով: Հայկ Վարդազարյանը 44-օրյայի մասնակիցներից է. պատերազմը 21-ամյա Հայկից էլ խլել է առողջությունը, առողջական չլուծվող խնդիրները՝ հույսն ու արարելու ցանկությունը: Բայց մեկ՝ անծանոթ հաղորդագրությունը, ինչպես Հայկն է պատմում, էականորեն փոխել է իր կյանքը.

«Մոտ 1.5 ամիս առաջ անծանոթ հաղորդագրություն ստացա Գերմանիայից: Հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով: Պարզվեց՝ Գերմանիայի Քյոլն քաղաքից բժիշկ Վարդան Խաչատրյանն էր, որին հետաքրքրում էր իրեն հասած ինֆորմացիայի համապատասխանությունը, եւ հենց այդ խոսակցության վերջում նա կազմակերպեց բժշկական փաստաթղթերիս գերմաներեն թարգմանությունը: Այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ մի տեսակ ընդհանուր անտարբերության մթնոլորտում սկզբում թվաց ոչ իրական: Պարզվեց, որ բժիշկը Գերմանիայում բացել է բարեգործական կազմակերպություն, որը նպատակ ունի նաեւ օգնել այն վիրավորների բուժմանը, որոնք անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանից դուրս: Հաջորդ զանգը ստացանք Գերմանիայից այն ժամանակ, երբ Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատրաստ է գումարային առումով եւ մի քանի օրվա ընթացքում Գերմանիա գնալու հրավերը ուղարկել մեզ եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն: Հենց հրավերի փաստաթղթերի վրա նշված էր, որ Գերմանիայում բուժման, հետազոտությունների, կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ ծախսերը կազմակերպությունը վերցնում է իր վրա»:

Հայկը պատմում է, որ պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող եւ վիրավորումը ստացել է Ջրականում՝ «Անանուն» բարձունքի մոտ: Հայկին գտել են ողնաշարի վնասվածքով:

Ասում է՝ առողջության խնդրով բուժում է ստացել Հայաստանի տարբեր կլինիկաներում, բայց որեւէ կլինիկայում վերջնական եզրակացություն չեն տվել:

«Այդ 1.5 տարվա ընթացքում անորոշությունից ունենում էի սթրես, ընկճվածություն, որն ինձ խանգարում էր իմ հետագա կյանքի պլանավորման եւ ծրագրեր կազմելու համար»,-ասում է Հայկը՝ նշելով, որ դեսպանատունը հաստատել է Գերմանիա գնալու իր հրավերը (վիզան) առանց որեւէ հարցի՝ հիմք ընդունելով Գերմանիայից ստացած փաստաթղթերի լիարժեքությունը:

«Փաստորեն, ես Գերմանիայում հայտնվեցի բժիշկ Խաչատրյանի «Բուժման հույս» կազմակերպության շնորհիվ՝ առանց համացանցի աղմուկի, առանց դրամահավաքի՝ ինչ-որ տեղ արժեւորված եւ ինքնասիրությունս շոյված: Թե ինչպես Խաչատրյանների ընտանիքը Գերմանիայում ինձ ընդունեց, ապահովեց, շրջապատեց հաճելիորեն, վեր էր իմ բոլոր սպասումներից: Նրանց պարզապես հարազատական վերաբերմունքը էնտեղ գտնվելու ամբողջ ժամանակ երկու բառով դժվար է ներկայացնել: Ինչպես եւ նախատեսված էր, հետազոտությունները կազմակերպվեց Քյոլնի համալսարանային նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավար-պրոֆեսորի մոտ: Ամենատարբեր բժիշկների, ունեցած ԿՏ-ի տվյալների եւ անձամբ պրոֆեսորի հետազոտությունների արդյունքում, կոնսիլյումով որոշվեց վիրահատական միջամտությունից հրաժարվելու մասին ու այս ամենը հաստատեց պաշտոնական նամակով: Ըստ պրոֆեսորի, վիրահատությունն անհրաժեշտ էր անել վիրավորումից հետո 1-2 ամսվա ընթացքում»:

Հայկի խոսքով, ամենատարբեր ստուգումներով արձանագրել են, որ ձախ ձեռքի նյարդերը ժամանակի ընթացքում վերականգնվում են, շարժումները լավացել են եւ էլի կլավանան, եւ որ վիրահատական միջամտությունը մեծ ռիսկերի եւ բարդությունների հետ է կապված եւ դրա անհրաժեշտությունը չկա:

«Մոտ 1.5 ժամ պրոֆեսորը դրանից հետո իր աշխատասենյակում պատասխանեց ինձ հետաքրքրող հարցերին, առաջարկեց ֆիզիո եւ մանուալ թերապիա, իմ առօրյայի ու կենցաղի հետ կապված առաջարկություններ, արժեքավոր խորհուրդներ տվեց: Գերմանիայից վերադարձել եմ կարծես նոր մարդ, ավելի վստահ, առանց նախկին տարբեր կարծիքների, սթրեսի, հետագա կոնկրետ նպատակներով, նոր հույսով, ինչն էլ կարծում եմ բժիշկ Խաչատրյանի հիմնադրած նոր կազմակերպության նպատակներից է»,-ասում է Հայկը: Նրա խոսքով, ծնողների, եղբայրների, բարեկամների ու ընկերների շնորհակալական խոսքերին բժիշկ Վարդան Խաչատրյանը մեկ պատասխան էր տալիս՝ «Մենք ենք շնորհակալ տղաներից եւ պարտական»:

«Ուզում եմ առիթից օգտվելով պարզ մարդկային շնորհակալություն հայտնել Վարդան Խաչատրյանին, նրա հրաշալի եւ նվիրված ընտանիքին, «Բուժման հույսի» ամբողջ թիմին»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկը:

«Առավոտի» հետ զրույցում բժիշկ Վարդան Խաչատրյանն ասաց, որ արդեն մի քանի տարի Գերմանիայում զբաղվում են բուժման կազմակերպման հարցերով, իսկ 44-օրյա պատերազմը եւ շարունակվող անորոշությունը ստիպել է այդ մասին մտածել այլ կերպ:
«Վերջերս Գերմանիայում բացել ենք Hoffnung auf Heilung e.V. (Բուժման հույս) շահույթ չհետապնդող, բարեգործական կարգավիճակը Գերմանիայի հարկային եւ ֆինանսական մարմինների կողմից ճանաչված կազմակերպություն, որն իր կանոնադրության համաձայն, մի քանի նախագծերին զուգահեռ, նպատակ ունի նաեւ օգնել բուժվելու վիրավորների, զոհվածների ընտանիքների անդամների, հատկապես երեխաների, ում բուժումը անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանից դուրս՝ հոգալով Գերմանիայում նրանց բուժման եւ անհրաժեշտ այլ ծախսերը: Ակնկալում ենք ֆինանսական աջակցություն միջազգային, Եվրոպական բարեգործական ֆոնդերից, անհատ նվիրատուներից եւ գործարար-բարեգործներից, ում կներկայացնենք նվիրատվության անդորրագրեր՝ հարկերից ազատվելու համար: «Բուժման հույս» կազմակերպությունը ունի մի քանի սկզբունքներ եւ մոտեցումներ: Նախ մենք գործում ենք Գերմանիայի Դաշնությունում, ունենք պետության աջակցությունն ու գտնվում ենք նրա հսկողության տակ: Մեր կազմակերպությունը ե՛ւ ֆոնդ է, ե՛ւ իրականացնում է գործունեություն՝ որի բարեգործական անդորրագրերը ընդունում են եվրոպական, արաբական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլուր»:

Բժշկի խոսքով, համագործակցում են տարբեր ֆոնդերի, կազմակերպությունների, գործարարների, անհատ նվիրատուների հետ՝ առանց համացանցերի, ավելի ցիվիլ ու կազմակերպված ձեւով. «Մեր թիմը գաղափարակից կամավորների խումբ է, պատրաստ համագործակցել բոլոր կազմակերպությունների հետ: Նպատակ ունենք ավելացնել միաժամանակ մեր աջակցությամբ բուժվողների թիվը, ինչի համար անհրաժեշտ կլինեն մի քանի սպասարկող մեքենաներ, մնալու նոր պայմաններ՝ քանի որ հաճախակի մեզ դիմում են հենաշարժիչ համակարգի, օրթոպեդիկ, նեյրովիրաբուժական եւ այլ խնդիրներով, որոնց Գերմանիայում մնալու եւ շարժվելու տարբեր պայմաններ են անհրաժեշտ: Hoffnung auf Heilung e.V. (Բուժման հույս) Կազմակերպությունը այն վիրավորների եւ նահատակվածների ընտանիքների անդամների կողքին է, ում բուժումը անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանից դուրս եւ ով իր ցավը չի բարձրաձայնում»,-ասաց կազմակերպության հիմնադիր-նախագահը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031