Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շուտ շարադրություն է, քան ռազմավարական ծրագիր». Կրթության փորձագետը՝ կրթության ռազմավարության մասին

Սեպտեմբեր 07,2022 12:04

Հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել Կրթության մինչեւ 2030թ ռազմավարության ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի եւ վերջնական տեսք ստանա ԱԺ-ում: Սեպտեմբերի 1-ին վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

«Մեդիա կենտրոնում» կայացած «Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են: Իսկ ինչի՞ մեջ է կրթության ռազմավարությունը» թեմայով քննարկման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադառնալով ռազմավարությանը նշեց. «Նախ շատ լավ է ,որ վերջապես ինչ-որ փաստաթուղթ ընդունվեց, որովհետեւ արդեն վեց-յոթ տարի է՝ ռազմավարության քննարկումներ էին գնում…

Մյուս կողմից, երբ նայում ենք փաստաթղթի բովանդակությանը եւ այն գործընթացներին, որոնցով այդ փաստաթուղթը անցել է, տպավորություն ենք ստանում, որ այդպես էլ անցյալից դասեր չենք քաղել ու նորից կրկնում ենք նույն սխալները»:

Սերոբ Խաչատրյանն օրինակներ բերեց. «Շատ կարեւոր է, որ ռազմավարությունն ընդունվի մասնակցային ձեւով: Կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը հաճախ նշում են՝ քանի որ իրենք е-draft-ում դրել են այս նախագիծը կամ մեկ-երկու քննարկումներ են անցկացրել, դա բավարար է, համարելու համար, որ փաստաթուղթը անցել է հանրային քննարկումներ եւ մասնակցային է: Ես այդ կարծիքին չեն, որովհետեւ սա այն փաստաթուղթն է, որը հենց հիմքից պետք է մասնակցային լինի: Գլխավոր թիրախները, նպատակները, առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնք առկա են փաստաթղթում, պետք է համաձայնեցվեն, հետո նոր փաստաթուղթը գնա ավելի դետալային շարադրման:

Մեզ մոտ, սակայն, այդպես չէ՝ փաստաթուղթն ամբողջությամբ շարադրվում է, արդեն զգացվում է նաեւ հեղինակների ձեռագիրն այդ փաստաթղթում, հետո որպես հեղինակային աշխատանք՝ դրվում է հանրային քննարկման: Այսպիսի փաստաթղթերը սովորաբար ձախողվում են: Վերջում այս փաստաթուղթը մնալու է կառավարության եւ իշխանության վրա: Ոչ հասարակական սեկտորը, ոչ ուսուցիչներն ու դասախոսները եւ ոչ էլ ոլորտի մնացած խաղացողները չեն աջակցելու այս փաստաթղթին»:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ՝ եթե որեւէ փաստաթուղթ մնում է որպես զուտ կառավարության փաստաթուղթ, որեւէ շանս չի ունենում իրագործման եւ հաջողության: Նա կարծում է, որ ԿԳՄՍ նախարարությունը բոլոր թեզերի շուրջ պետք է ոլորտի խաղացողներին հավաքեր մի սենյակում ու այնքան քննարկումներ աներ, մինչեւ բոլոր խմբերը ինչ-ինչ հարցերի շուրջ գային համաձայնության:

«Ինչ վերաբերվում է այն հարցին, որ որքանով է այս փաստաթուղթը արտացոլում հետպատերազմյան իրավիճակը՝ նշեմ, որ փաստաթղթում կան ինչ-ինչ թեզեր ռազմագիտության եւ այլնի մասով, բայց սա ավելի շուտ շարադրություն է, քան ռազմավարական ծրագիր»:

Դավիթ Ամիրյան

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասաց, որ որոշ հարցերի շուրջ կիսում է Սերոբ Խաչատրյանի մտահոգությունը՝ կապված գործընթացի հետ: Նաեւ հավելեց. «Մի քանի անգամ տարբեր քննարկումներում նշել ենք, որ այս փաստաթղթի մեծ մասը թվարկում է, շարադրում է գրեթե բոլոր այն խնդիրները, որ ունի մեր կրթական համակարգը: Այդ տեսակետից իրականում երեւի թե սա առաջին փաստաթուղթն է, որտեղ հեղինակները չեն վախեցել ներկայացնել եղած խնդիրները, նաեւ հղում են արել տարբեր վիճակագրական տվյալների, որոնք տխուր են, ցավալի ու վտանգավոր: Այնպես որ, փաստաթուղթը մի փոքր հույս է ներշնչում, որ գոնե հանրորեն ամբողջ ժողովրդի առաջ ընդունեցին, թե ինչ իրավիճակ ունենք»,-հավելեց նա:

Նա ընդգծեց, որ այս փաստաթղթի իրագործումը բարդ է, ներկայացված չեն խնդիրների պատճառները, տրված չեն դրանց գնահատականները:

Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանում լրջագույն խնդիր է ռեսուրսների հարցը եւ ամենածանր խնդիրը մարդկային ռեսուրսների հարցն է, որն առկա է բոլոր ոլորտներում: «Այս փաստաթուղթը, հատկապես այն հատվածը, որտեղ նպատակների մասին են նշվում, կրում են զուտ հռչակագրային բնույթ»,-ընդգծեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930