Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իսահակյանի հատընտիրը` պարսկերենով

Սեպտեմբեր 24,2022 22:09

Իրանաբնակ ճանաչված թարգմանիչ Գարուն Սարգսյանը պարսկալեզու գրական շրջանակների դատին է ներկայացրել իր քսաներորդ գիրքը՝ «Վարպետը» անունով։ «Վարպետը» գիրքը ներառում է հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի գործերից 36-ի պարսկերեն թարգմանությունը, համապատասխան ծանոթագրություններով և չորս նախաբանով ու գրախոսականով, գիրքը բաղկացած է 315 էջից։

Թարգմանված և գրքում ներառված է նաև գրականագետ Ավիկ Իսահակյանի ընդարձակ գրախոսականը․ զետեղված են Հայաստանի Գրողների Միության նախագահի ու Ա․ Իսահակյանի Երևանյան տուն-թանգարանի տնօրենի ողջույնի խոսքերի թարգմանությունները։ Ժրաջան թարգմանիչը Իսահակյանի արձակ գործերից խնամքով ընտրել է 36 ստեղծագործություն՝  ավանդապատումներ, հեքիաթներ և պատմվածքներ․ դրանցից կարելի է հիշել «Սաադիի վերջին գարունը», «Չինական մեծ պարսպի երգը», «Սգավոր արագիլը», «Եղնիկը», «Ահմեդի ուղտը», «Պատրանք», «Հին ամրոցը», «Ո՞վ է ապրում», «Քուրդն ու ճնճղուկը», «Համբերանքի չիբուխը», «Ամենապիտանի բանը», «Արևի մոտ», «Աղա Նազար», «Գասպարը», «Նուկիմ քաղաքի խելոքները», «Շաքրո Վալիշվիլի», «Գարիբալդիականը», «Բարեսիրտ շունը», «Հորս գութանը», «Ծառա Սիմոնը» և «Դարբին Գևորգը»։

Գարուն Սարգսյանը Ա․ Իսահակյանի Երևանյան Տուն-թանգարանում տեղի ունեցած «Վարպետը» գրքի շնորհանդեսի ժամանակ բացատրեց թե ինչո՞ւ է Իսահակյանի համար օգտագործվող վարպետ ածականն ընտրել որպես իր գրքի բնաբան․ վարպետ բառն ունի պահլավերեն արմատ և լավագույնս արտահայտում է հայ-իրանական գրական առնչությունները, որի խորհրդանիշներից է հենց Իսահակյանը։  Թարգմանիչը բացատրեց նաև, որ Իսահակյանը իրանցի ընթերցողներին հայտնի է դարձել դեռևս 1947 թվականից, երբ Արամայիս Արզումանյանը Թավրիզում թարգմանել և հրատարակել է Իսահակյանի «Սադիի վերջին գարունը», «Երջանկության իմաստը», «Չինգիզխանը» և «Ռաբբի Հիլլել» գործերը։ Իրանում Ավետիք Իսահակյան են թարգմանել մոտ տաս թարգմանիչ․ հիշենք նրանցից Սեպուհ Պարթևյանին, Ալեք Խաչատրյանին, Հրանդ Ղուկասյանին, Արմինե Կարապետյանին, Խաչիկ Խաչերին, Էդվարդ Հարությունյանին, Մոհամմադ Մալեք Մոհամմադիին և Շոջա Էդդին Շաֆային։

Գարուն Սարգսյանի «Վարպետը» հատորը Իսահակյանի գործերի պարսկերեն թարգմանության առաջին ամբողջական հավաքածուն է, որը համապարփակ կերպով ներկայացնում է հեղինակի գործերի հատընտիրը համապատասխան ծանոթություններով ու ընդարձակ գրախոսականով։  Գ․ Սարգսյանը հայոց պատմությունն ու հայ գրականությունը պարսկալեզու լսարանին  ներկայացնելու ամենագործունյա թարգմանիչն է․ նա իրանահայ բացառիկ մտավորականներից է, որ լավագույն կերպով տիրապետում է հայերեն և պարսկերեն լեզուներին ու թարգմանության նրբություններին։

Գարունը մինչ այժմ առանձին հատորներով պարսկալեզու ընթերցողին է ներկայացրել Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը,  Կորյունի «Վարք Մաշտոցին»ն, Փավստոս Բյուզանդի «Պատմություն Հայոց»-ը,  Ղազար Փարպեցու  «Պատմություն Հայոց»-ը և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը, Արիստակես Լաստիվերցու «Պատմություն»-ը, Գրիգոր Ակներցու «Պատմություն վասն ազգին նետողաց»-ը, Ժասմեն Էլչիբեկյանի «Հայաստանը և Սելևկյանները» գործը, Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայերի ցեղասպանությունը արաբ պատմագրության քննարկման լույսի ներքո» գործը, Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» հատորը, Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի «Հայ եկեղեցու տոները», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան»ը, Նար-դոսի «Աննա Սարոյան»ը, Իսկանդար Իսկանդարյանի «Իրանահայությունը և Իրանին պարտադրված ութամյա պատերազմը», Լևոն Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» և այլ գործեր․ պատրաստ են և տպագրության են սպասում նաև Մատթևոս Ուռհայեցու «Ժամանակագրություն», Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» և  Աբրահամ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի» գործերի պարսկերեն թարգմանությունը։

Վաստակավոր թարգմանիչն այս գրքերը հիմնականում հրատարակել է իր միջոցներով, մասամբ էլ նրան հովանավորել են Իրանի հրատարակչականները։ Գարուն Սարգսյանն իր թարգմանչական բեղուն գործունեության համար արժանացել է Հայաստանի Գրողների Միության և Իրանի թարգմանչական միջոցառումների մրցանակներին և զանազան պատվոգրերի։

Ողջունելի և գնահատելի է իրանաբնակ հայ թարգմանիչների նվիրական այս աշխատանքը, որը կատարում են Իրանի դժվար պայմաններում և իրենց անձնական նախաձեռնությամբ։ Միայն անցնող եռամսյակում Իրանում պարսկերենով հրատարակվել են հետևյալ գործերը․ Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», Լեոնիդ Սարվարյանի «Սիրտը գրավոր»-ը և «Նոր-Ջուղայի «Արմեն» շախմատի ակումբի 20-ամյակը» (թարգմանիչ՝ Նիկիտ Միրզայանս),  Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյանի «Հայ Գողգոթան» (թարգմանիչ՝ Նորայր Մեհրաբյան),  Ակսել Բակունցի գործերի հատընտիրը (թարգմանիչ՝ Արմենուշ Առաքելյան) և Ավետիք Իսահակյանի գործերի հատընտիրը  (թարգմանիչ՝ Գարուն Սարգսյան)։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930