Լրահոս
Օրվա լրահոսը

Սերիկ եւ Ավետիք Իսահակյան. դիլիջանյան մանուշակներ, որ հիշողության խորհուրդ ունեին…

Նոյեմբեր 01,2023 13:00

Երկու տարի առաջ, երբ դասավորում էի արվեստագետ, ազգագրագետ, պետական-հասարակական եւ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի տանը մասամբ պահպանված արխիվը, գտա մի քանի մեքենագիր էջեր, որոնք հետաքրքրությամբ սկսեցի ընթերցել: Դրանցից մեկն անտիպ հուշ էր Ավ. Իսահակյանի մասին (ձեռագիրը, ցավոք, չի պահպանվել: Անվանի արվեստագետն այն գրել է 1958 թվականին:

Սերիկի հորը՝ դիլիջանցի անվանի ուսուցիչ Ստեփանին, Ավետիք Իսահակյանը լավ է ճանաչել: Շատ տարիներ անց, երբ Սերիկը վերադառնում է մագադանյան աքսորից, բազմաթիվ առիթներ է ունենում թե՛ անձամբ, թե՛ Մարտիրոս Սարյանի տանը բանաստեղծի հետ հանդիպելու: Մի առիթով, երբ այցելում է Իսահակյանների տուն, Վարպետի հետ շատ հետաքրքիր զրույց է ունենում:

Սերիկը հիշում է Իսահակյանի պատմությունը. «1903 թվին եկա Դիլիջան, հայրիկիդ մոտ: Շատ էի ուզում լինել Գետկա վանքում, տեսնել Մխիթար Գոշի ման եկած տեղերը: Հայրիկդ զբաղված էր եւ ինձ հետ գալ չկարողացավ: Մենակ էի: Եկա Ջարխեչ գյուղը, մարդկանց հարց ու փորձ արեցի: Խանութպանը բացատրեց ինչպես գնալ: Հասա նրա ասած խաչքարին ու մտա անտառ: Մեծ-մեծ ծառեր էին, աճում էին խիտ: Ճանապարհս կորցրի. շփոթված կանգնել էի: Գյուղում ասել էին, որ անտառում գայլեր կան: Վերադարձա հետ…

Ջարխեչի խանութպանը ինձ տեսնելով, արագ խանութը փակեց եւ ինքն ուղեկցեց ինձ Գոշ:

Վարպետը լռեց: Ձեռքերը սեղանի վրա էին: Ճերմակ մատների վրա սեւ խիտ մազեր: Առնական եւ միեւնույն ժամանակ գրողի քնքուշ ձեռքեր, հայկական ձեռքեր: Խոսում է դանդաղ, բայց ձայնի մեջ զգացվում է երիտասարդ օրերի ոգեւորությունը. «…Անմոռանալի հիշողություններ: Անտառ, լեռներ, ձորեր… հսկա ժայռեր… ջրերը պա՜րզ… ճանապարհներից հեռու տաճարներ: Գետիկ՝ կապույտ երկնքում գմբեթներն են վեհորեն բարձրացել… Տաճարի առաջ հրաշք խաչքարեր, նրբագույն փորագրություններ, որ կրել են թշնամու հարվածները ու ապրել… ապրել անմահ գեղեցկությունով… Շուրջը ծառեր, ճյուղերը տարածված, երանգավոր տերեւներով, հարուստ գեղեցիկ հրաշք…»:

Նա մտածելով նայում է ինձ ու շարունակում:
– Քնեցինք քահանայենց տանը:
Գիշերը զրուցում էինք: Խոսում էինք հայկական եկեղեցական կալվածքները ցարական կառավարության կողմից գրավելու, հայկական դպրոցները փակելու մասին:

Տերտերի կինը հարց տվեց, թե.
– Է՜տ որ ռուս թագավորը ուզում է վերցնի, բա մեր թագավորը ինչո՞ւ է տալիս:
– Մենք թագավոր չունենք…
– Բա Խրիմյան Հայրի՞կը…
– Խրիմյանը եպիսկոպոսների մեծն է, քահանաների, տերտերների մեծը…
– Տերտերների՞,- զարմացած հարցրեց երեցկինը,- դե որ տերտերների մեծն է, նա չի կարա պահել, տվե՛ք, տվե՛ք…

***
– Ես հիշում եմ,- ասացի Իսահակյանին,- երբ դուք Գոշից վերադարձաք, մեր տանը գիշերեցիք: Ես իմացա, որ դուք անտառում ճանապարհը կորցրել եք, եւ շատ զարմացած հարցրի հորս, թե ինչպե՞ս է, որ Իսահակյանը մեծ մարդ, անտառում վախեցել է, ճամփան կորցրել:

– Գիտես ինչ,- ասաց հայրս,- Ավետիք Իսահակյանը Շիրակից է. Շիրակում անտառ չկա: Մեծ բանաստեղծը ապրել է քաղաքներում, անտառում չի ապրել: Շատերն են մեր անտառներից վախենում, անտառում գազաններ կան: Շատերը անսովոր՝ անտառում կորցնում են արահետները, որով հեշտ կարելի է բարձրանալ, իջնել…
Վարպետը ժպտաց:

– Իհարկե Թումանյանը հետ չէր գա,- ասացի ես:
– Դե իհարկե, նա քոլեցի էր»:
***
«Ավետիք Իսահակյանի մոտ լինելը ինձ համար տոն է: Մանկական օրերից գիտեմ նրան. արտասանել եմ նրա բանաստեղծությունները, հայրս երգել է նրա բառերով գրված երգերը: Բայց այժմ ուրիշ է: Անցել են շատ երկար տարիներ, նա թափառել է աշխարհում, շատ բան տեսել, զգացել, ապրել եւ այժմ վերադարձել Հայրենիք: Ծերացած ու հոգնած է թվում, թեպետ աչքերը երիտասարդ են. վշտի հետ կա եւ ուրախ շեշտ: Նա գիտի, որ իմ կյանքն էլ հեշտ չի եղել, գիտի, թե ինչպես ես կարող էի ապրել, զգալ, մտածել…

Ինչ-որ մի բան մեզ կապում է միմյանց հետ: Նա ուզում է ինձ ինչ-որ բան ասի, բայց չի ասում: Ես էլ գլխի եմ ընկնում, թե ինչ է ուզում ասել եւ ոչ մի քայլ չեմ անում դեպի նրա մտքերը… Թող լո՜ւռ անցնեն…»:

Մի օր էլ, մի զրույցի ժամանակ Վարպետը խախտում է լռությունը եւ խոսում Սերիկի վաղամեռիկ ամուսնու՝ Ներսիկ Ստեփանյանի (1898-1937թթ.) մասին. «Հերոս են ման գալիս,- ասաց մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը,- ահա քեզ հերոս՝ Ներսիկ Ստեփանյանը: Ես այդպիսի հերոս չգիտեմ: Ուրիշ բան է պատերազմի դաշտում հերոս լինել, բայց բանտի նկուղում, տանջված, ջարդված, այդպես դիմանալ, պահպանել մարդկային պատիվը, իր համոզմունքները: Անխուսափելի մահին նայել համարձակ… հերոսը հենց նա՛ է…»:

Սերիկի կյանքում Ներսիկը մեծ դեր է խաղացել. ՀՍՍՀ Լուսժողկոմն էր, տնտեսագետ, ԵՊՀ քաղտնտեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր: Լուսավոր, շնորհալի մի անհատականություն, կյանքում միշտ ասպետական կեցվածքով, ով անվախ քննադատեց Բերիային, եւ սակայն մեղադրվեց ազգայնականության մեջ՝ ձերբակալվեց, գնդակահարվելով ՆԳԺԿ-ի բանտախցում:

Զրույցից հետո, երկուսն էլ երկար լռել են: Բայց հետո, երբ Սերիկը հիշում էր այդ զրույցը, հիշում էր նաեւ Իսահակյանի իմաստուն խոսքերը. «Ո՞վ կարդաց երբեւէ մարդկային սիրտը… Ո՞վ գիտե՝ այդ պահին ինչե՜ր էր զգում ու մտածում: Ի՞նչ ապրումներ ունի նա…»:

Վիթխարի խորն է եղել բանաստեղծի աշխարհընկալումն ու մարդու հոգին հասկանալու նրա բնատուր շնորհը: Վարպետը զգացել էր եւ գիտե՛ր Սերիկի հոգու անդարման ցավը, որ հաճախ քողարկում էր իր պայծառ, իր արեւոտ ու շենշող ժպիտով:

«…Դիլիջանում գարուն էր, սիրուն, մեղմ գարուն: Նոր ծլած խոտի մեջ գունավոր գլխիկներն էին բարձրացնում գարնան քնքուշ ծաղիկները: Շատ արագ աճում էր խոտը, ծառերը բողբոջներով հարստացած մեկնել էին ճղները: Ծառի տակ, անցյալ տարվա չոր տերեւները հրելով՝ մանուշակն էր անվստահ բարձրացրել գլուխը. խմում էր արեւի շողերը ու իր բույրը տարածում: Մանուշակը ինձ ուրախացնում, հանգստացնում էր: Մանուշակի գլխիկներով գարունն էր շոյում:

Փնջեցի մանուշակը, տուն բերի ու փոքրիկ հախճապակյա թասի մեջ դրի:

Ասեղնագործեցի, ասեղ թելով նկարեցի այդ գողտրիկ փունջը, որ միշտ մնա ինձ հետ: Ժողստեղծագործության տանը ցուցահանդես էր կազմակերպվում, իմ այլ աշխատանքների հետ մանուշակն էլ տարան ցուցահանդեսին: Ավետիք Իսահակյանը Մարտիրոս Սարյանի հետ նման ոչ մի ցուցահանդես բաց չէին թողնում: Այցելում է ցուցահանդեսը Ավետիք Իսահակյանը:

Երբ ես գնացի Երեւան՝ ինքնագործ ստեղծագործողների ցուցահանդեսը տեսնելու, թանգարանի վարիչ Ա. Բաբայանն ինձ ասաց, որ իմ մանուշակները շատ են դուր եկել Վարպետին, որ նա մի քանի անգամ եկել է, դիտել: Ես մանուշակի մի նոր նույնանման փունջ ասեղնագործեցի եւ տարա սիրելի բանաստեղծին նվեր: Նա գոհ մնաց, բայց այնպես զգացվեց, արցունքներ երեւացին աչքերին, որ ես ինձ վատ զգացի:

Շատ նուրբ էր, զգայուն:
– Սա ձեր Դիլիջանի մանուշակնե՞րն են,- հարցրեց մի փոքր հետո դողդոջուն ձայնով,- նո՞ր եք ասեղնագործել:
– Այո,- հազիվ արտասանեցի ես:
– Լավն են…»:

***
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտում, Ավետիք Իսահակյանի ֆոնդում է պահվում Սերիկի նամակը եւ մի հեռագիր (N1128), որոնք հասցեագրված են Վարպետին:

Սերիկը գրում է.
«Ընկեր Իսահակյան,
Ես այժմ աշխատում եմ Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանում: 1948 թվականի ամռանը լրանում է մեր գրադարանի 40-տարին: Մտադիր ենք լավ տոնել: Կազմակերպել ենք գրական խմբակ, առաջիկա հավաքույթի նյութը լինելու է Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը: Հետագայում քննության են առնվելու Պռոշյանը, Աղայանը, Թումանյանը, Աբովյանը եւ դրանց հետ զուգընթաց թեմաներ մեր այժմեական գրողների (հայ, ռուս եւ այլ) ստեղծագործություններ: Խնդրում եմ այդ հաշվի առնել եւ մեզ որոշ օգնություն ցույց տալ: Մի քիչ ամրանանք, մտադիր ենք մեր գրողներին հրավիրել մեզ մոտ զեկուցումների եւ ընթերցանության: Խմբակի անդամների մեջ կան ոտանավորներ գրող երիտասարդներ: Նրանց մասին կգրեմ, երբ ավելի մոտից ծանոթանամ:
Աղայանի անվան գրադարանում ոչ մի կտոր Աղայանի գրքերից չկա: Գուցե գրողները ունեն ավելորդ օրինակներ, շատ եմ խնդրում ուղարկել մեզ:
Դիլիջանում եղանակը հրաշալի է, արեւ, տաք: Այժմ ես աշխատում եմ, ասեղնագործում Դիլիջանի աշնան տեսարանները, մի քիչ էլ գրում:
Շատ բարեւներով՝ Սերիկ Դավթյան
Բարեւ ինձ հիշող գրողներին:
9/XII-1947թ., Դիլիջան»:

***
1955թ. Սերիկը գտնվում էր Ցխալտուբոյում: Դեռեւս ոչ վերջնական, բայց արդեն սպասում էր իր արդարացման հարցին: Թույլատրել էին մեկնել առողջարան՝ քայքայված առողջությունը վերականգնելու: Այդ տարի լրանում է նաեւ Ավ. Իսահակյանի ծննդյան 80-ամյակը: Չի մոռանում հեռագրով իր բարեմաղթանքի շնորհավորանքն ուղարկել Վարպետին: Խոր էր հարգանքը դեպի Վարպետը եւ միշտ երախտագիտությամբ լի:

Տարիների հեռվից, երբ կրկին ու կրկին վերընթերցում կամ թերթում եմ Սերիկի գրառումները, նորեն գալիս եմ այն համոզմանը, որ Սերիկ Դավթյանը անաղարտ ազնվությամբ, անհուն բարությամբ եւ լավագույնն անելու պարտքի խորունկ զգացում ուներ դեպի այն Մարդը, ով երբեւէ իրեն ձեռք էր մեկնել ու բարի խոսք ասել, իր հոգու աշխարհ թափանցելով՝ հուսադրել ու հոգին ջերմացրել: Նա հասկանում էր ու գիտեր Իսահակյանի խոսքերի իսկությունը, որ. «Սիրել, կնշանակե կարեկցել, ապրել, կնշանակե ապրեցնել»:

Սերիկն էլ մեծ էր իր հուզումների խորությամբ, հոգու անբեկանելի ամրությամբ, ապրածով ու տառապածով: Իսկ կապույտ մանուշակները, որոնք նրա սիրած ծաղիկներն էին, ապրեցին ոչ միայն ձեռագործ աշխատանքում, այլեւ Ավետիք Իսահակյանի մասին հիշողության մեջ, որ անգին հիշատակ էր, հին մեղեդու նման սիրտ հուզող թանկագին հուշ: Մանուշակներ, որոնք մարդկային երախտագիտության եւ հիշողության խորհուրդ ունեին…

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
31.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930