Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց բացատրության՝ դուռը շրխկացնում են լրագրողի երեսին․ խնդիրը լուծում ենք 2-րդ կարծիքն այլ տարբերակներով ներկայացնելով»․ Բագրատ Եսայան

Հոկտեմբեր 10,2022 19:07 Share

«Ես այս նույն հարցը Հ1-ին էլ եմ տվել։ Անգամ հարց չի, այլ մտորում։ Բազմակարծության ապահովման մասին է խոսքը, որն օրենքի պահանջ է։ Հասարակությունն է պահանջում, որ եթերում լինի բազմակարծություն։ Կամ օրենքը փոխենք, դիմենք ԱԺ, դուք էլ, Հ1-ն էլ, այսինքն՝ այն հեռուստաընկերությունները, որոնք չեն կարողանում բազմակարծություն ապահովել…Դիմեք, թող կամ օրենք փոխվի, կամ հարցը մի կերպ լուծենք, ձեւ գտնենք, որպեսզի ձեր եթերում եւ մյուս եթերներում բազմակարծություն ապահովվի»,-Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր դիմելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին՝ ասաց ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանը։

Այս նիստում «Երկիր մեդիան» իր հայտն էր ներկայացնում՝ մասնակցելով hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին։

Բագրատ Եսայանը նախ չհամաձայնեց որակման հետ, թե իրենք բազմակարծություն չեն ապահովում, ապա նշեց․ «Պարզապես քաղաքական որոշակի ուժի ներկայացուցիչներ ֆիզիկապես hրաժարվում են ներկա լինել մեր եթերում, մասնակցել քաղաքական բնույթի հաղորդումներին, բայց առնվազն լրատվության դեպքում մենք հիմա բավականին սերտ գործակցություն ունենք հեռուստաընկերությունների հետ, եւ կարողանում ենք նրանց տված հարցազրույցներն ու մեկնաբանություններն օգտագործել։ Իրենց ներկայությունը, պատկերացումները մեր եթերում այդպես ենք ապահովում։ Մեր եթերը երեւի թե այն եթերներից է, որոնց ընթացքում Նիկոլ Փաշինյանի կարծիքները ամենաշատն են ներկայացված եղել նրա կենդանի խոսքով։ Ինչ վերաբերում է օրենքին, ապա ես օրենսդիր չեմ, սահմանադրական մարմին չեմ, որ զբաղվեմ դրանով։ Բայց, ինչպես ասել է դասականը, բազմակարծությունը մեկ գլխում դա շիզոֆրենիա է։ Չեմ ուզում մեկ գլխի տպավորություն ստեղծել, բայց փորձում ենք մեր եթերում բազմակարծությունն ապահովել՝ առանց շիզոֆրենիայի վերածելու»։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ իր հերթին ասաց․ «Երբ խոսում ենք բազմակարծության մասին, նկատի չենք ունենում մեխանիկական հաշվարկը։ Մենք մեխանիկորեն չենք հաշվում, թե որ կուսակցությունից ով է եկել եթերի եւ որքան ժամանակ է նրան հատկացվել։ Դա բազմակարծության խնդիր չի։ Դա ավելի շուտ աղավաղում է բազմակարծության խնդիրը։ Խնդիրը տարբեր տեսակետների ներկայությունն է եթերում, որը կարելի է ապահովել առանց համապատասխան հյուրերի։ Դա կարեւոր է։ Տարբեր կուսակցությունների մարդիկ կարող են խոսել նույն խնդրի մասին, եւ դա չի լինի բազմակարծություն։ Իսկ բողոքներ կան տարբեր ճամբարներից․ ընդդիմությունը չի գնում որոշ իշխանամետ ընկերություններ, եւ դա նորմալ է, չենք կարող պարտադրել գնալ մի տեղ, որտեղ չեն ուզում։ Խնդիրն առանց նրանց ներկայության՝ բազմակարծության ապահովումն է»։

Բագրատ Եսայանն արձագանքեց, որ «Երկիր մեդիան» առավելագույնս փորձել է նշյալ սկզբունքով աշխատել․ «Կուզեի ճիշտ ընկալվեր․ ես գործ ունեմ լրագրողների հետ, որոնց հանձնարարում եմ ապահովել երկրորդ կարծիքը։ Բայց երբ դուռը շրխկացնում են նրանց երեսին առանց բացատրելու, մարդկային առումով վիրավորական է, նրանք խուսափում են երկրորդ անգամ նույն բանն ասել։ Բայց խնդիրը լուծում ենք երկրորդ կարծիքն այլ տարբերակներով ներկայացնելով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31