Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի որոշման կատարումը չի նշանակում, որ համաձայն ենք. դիմելու ենք ԲԴԽ». Տիգրան Հակոբյան

Հոկտեմբեր 10,2022 12:38

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հրապարակվում են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հայտերը հրապարակում են հետևյալ ընկերությունները՝

1.«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

2.«Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

3.«ՇԱՆԹ» ՍՊԸ

4.«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

5.«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

6.«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հետեւյալ հայտարարությունն արեց մրցույթի վերաբերյալ. «Երեւի տեղեկատվության պակասի պատճառով այս ընթացքում թյուր մեկնաբանություններ եղան, եւ սա չի հասկացվում մեդիա հանրության եւ հասարակության կողմից։ Հերթական մրցույթը ամփոփվել էր 21թ.-ի հունվարին, որին մասնակցել էին հանրապետական ծածկույթի 12 հեռուստաընկերություն, 5-ը ստացել էր հանրապետական ծածկույթի լիցենզիա, որը պետք է գործեր 7 տարի ժամկետով` ըստ օրենքի։ Ամենաբարձր թվանշան ստացած 5 հեռուստաընկերությունները զբաղեցրել էին ամենաբարձր սլոթերը, իսկ մնացածն իջել մայրաքաղաքային սփռման»:

Տիգրան Հակոբյանի խոսքով` այդ մրցույթի արդյունքները այդ ժամանակ դժգոհություններ չէին առաջացրել քաղաքական ուժերի ու կուսակցությունների, միջազգային կառույցների կողմից. «Որեւէ կառույց չէր առաջարկել աուդիտ անցկացնել։ Սա շատ կարևոր է նշել, որովհետեւ մեր բոլոր թղթերը բաց ու թափանցիկ են եղել, մեր աշխատակազմը 2 ամիս աշխատել էր եւ հաշվի առել բոլոր չափորոշիչները եւ հեռուստաընկերությունների համապատասխանությունը եթերին, որից հետո Հայկական 2-րդ հեռուստաալիքը դիմեց դատարան։ Նա հրաժարվել էր մասնակցել մայրաքաղաքի սլոթի իրացմանը եւ դատարանից պահանջեց անվավեր ճանաչել մրցույթի արդյունքներն ու իրեն հաղթող ճանաչել։ Առաջին հայցով դատարանն ի օգուտ հեռուստաալիքի որոշեց։ Եվ մենք հայտարարեցինք մրցույթի մասին։ 5 սլոթից մնաց 4-ը, քանի որ Հայկական երրորդ ալիքը 2-րդ հայցով էր դիմել դատարան։ Այդ պրոցեսը դեռ չի ավարտվել եւ տեսական հնարավորություններ կան, որ դատարանը հաղթող կճանաչի նրան, ուստի ալիքը դիմել էր` ազատ պահելու սլոթի տեղերը։ Ուստի դատարանը թույլատրել էր 4 սլոթի մրցույթ անել, ինչն այսօր անում ենք։ Այն, որ կատարում ենք դատարանի որոշումը, դա չի նշանակում, որ համաձայն ենք դրա հետ։ Դիմելու ենք ԲԴԽ։ Սա հետեւանքներ է ունենում, խախտում հաղթող հեռուստաընկերությունների իրավունքները, հարվածում տեղեկատվական անվտանգությանը։ Պատկերացրեք` սեպտեմբերի 13-ից առաջ ՀՀ-ն եթերազրկված լիներ։ Ուստի դատարանները պետք է գիտակցեն իրենց որոշումների հետեւանքները։ Այլ երկրներում դատավորներն այս գործերով հատուկ վերապատրաստում են անցնում»:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի ներկայացուցչի պարզաբանումը` այստեղ ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31