Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին. «Փաստ»

Հոկտեմբեր 29,2022 10:10

Սոչիում սպասվելիք հնարավոր եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի մեսիջներ հղեց՝ անդրադառնալով հատկապես խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին: Պուտինի խոսքով՝ այն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում է ենթադրում, և եթե Հայաստանը դա է ընտրում, ապա ՌԴ-ն ոչինչ չի կարող պարտադրել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախ Պուտինի հայտարարություններին, նշեց. «Եթե ավելի ժողովրդական լեզվով բացենք այն, ինչ Պուտինն ասաց դիվանագիտական լեզվով, կարող ենք ասել, որ նա ամոթանք տվեց հայ ժողովրդին՝ ասելով հետևյալը. «Մտածում էի, որ անկեղծ եք պայքարում Արցախի համար, ես զարմացած եմ, որ ձեր կողմից իբր ընտրված ղեկավարը եկել ու ինձ ասում է՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Եթե դուք համաձայն եք, ձեզանից ավելի հայամետ չեմ կարող լինել»: Մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին»:

Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի այն արձագանքին, թե Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա, նա նշեց, որ այսքանից հետո Փաշինյանի ասածների մասին խոսելն արդեն անիմաստ է: «Մարդը, գտնվելով ՀՀ վարչապետի պաշտոնին, փաստացի ներկայացնում է ոչ թե մեր երկրի, այլ մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Սա ևս խայտառակություն է մեր ժողովրդի համար: Սրանից հետո մեկնաբանել նրա գնահատականները, առաջարկները, վիրավորական է: Այդ մարդը պարզապես ձեռք է առնում մեզ, իսկ մենք ասում ենք՝ կարծես անձրև է գալիս: Այսքանից հետո ավելի ազնիվ կլինի քննարկել Ալիևի, Էրդողանի հայտարարությունները և փորձել հասկանալ, թե ինչպես կարող ենք դիմակայել դրանցից բխող գործընթացներին: Հակառակորդին պետք է գնահատել՝ հասկանալու հնարավոր գործողությունները, բայց գնահատել մեր երկրի վարչապետի աթոռին նստած մարդու տեսակետները մասնավորապես երեկվանից հետո, ուղղակի անիմաստ է: Նա խաբեբա է, այսօրվա դրությամբ միայն ժամի, օրվա կուրսով կարող է տեսակետ հայտնել»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Սոչիում հոկտեմբերի 31-ին սպասվելիք հանդիպմանը, որին մասնակցելու համաձայնություն Ադրբեջանը դեռ չի տվել (երեկվա դրությամբ), Ե. Բոզոյանը շեշտեց. «Պարզ չէ՝ այդ հանդիպումը կլինի, թե ոչ: Փաշինյանը համաձայնել է, բայց դա չի նշանակում, որ միայն նրա համաձայնությունը բավարար է: Կարող է Ալիևը չհամաձայնել այդ հանդիպմանը, որովհետև տեսնում է, որ Փաշինյանն ավելի ադրբեջանական դիրքորոշում ունի, քան ինքը: Ալիևն ու, առհասարակ, նաև թուրքական մամուլն ուղղակի ապշած են Փաշինյանի դիրքորոշումներից, որոնք արտահայտել է Պրահայում: Ասում են՝ չէին սպասում, որ Հայաստանի ղեկավարն այդքան պրոադրբեջանական դիրքորոշում կունենա: Եվ այս պարագայում հարց է, թե Ալիևն ինչու պետք է Պուտինի հետ հանդիպելու ցանկություն ունենա: Հանդիպի, որ ի՞նչ անի: Բայց չի բացառվում, որ կարող է հանդիպեն: Դիվանագիտական իմաստով Ալիևը կարող է չցանկանա հակադրվել Պուտինի հետ և ձևական հանդիպել: Այդ հանդիպումը, մեծ հաշվով, ըստ իս, ձևական բնույթ է կրելու»:

Քաղաքագետը հավելեց՝ եթե վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվի, ՌԴ-ն դուրս կբերվի մեր տարածաշրջանից. «Բոլորը գիտեն, որ ՌԴ-ն անվտանգության հովանոց ունի Հայաստանում: Այդ հովանոցը վատն է, թե լավը, այլ հարց է, բայց մարդիկ 70 տարի ապրել են այդ հովանոցի տակ, 30 տարի էլ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Բոլորը գիտեն, որ այդ հովանոցը գործում է: Եթե այդ հովանոցը դուրս ես հանում, թուրքական 600 հազարանոց բանակի ներխուժումը Երևան ո՞ր հովանոցով ես պահելու: ԱՄՆ դեսպանի «Twitter»- յան գրառումներո՞վ, թե՞ ֆրանսիական հայտնի գործիչների լացակումած ելույթներով»: Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31