Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի սկզբին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանում ՌԴ ռազմաբազայի թեմային։ Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անշուշտ, կանդրադառնան նաև մեր (ռազմական՝ խմբ.) բազայի հարցին։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմին հետաքրքիր կլինի լսել այդ հարցի վերաբերյալ Երևանի տեսակետը։
Պեսկովը հավելել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց համաձայնեցված է եղել, և Կրեմլը պատրաստվում է դրան։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, չնայած առկա բարդություններին, շարունակում են ընդգրկուն մնալ։
Կարդացեք նաև
Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունների օրակարգում նշված է նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև Հայաստանի «կողմնորոշման» ընտրության հարցը։
«Եվրամիությանն ուղղված կողմնորոշումը և միևնույն ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն», – Պեսկովի խոսքն է մեջբերում «Ռիա Նովոստի»-ն:
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Պուտինի հետ բանակցություններ վարելու ծրագրերի մասին։



















































