Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արցախի ինքնորոշման իրավունքը եւ անկախության հռչակագիրը մինչև 2018թ․-ը ոտնատակ են արվել»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 02,2022 23:33

Խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ այսօր Aravot.am-ը խնդրեց բերել հակափաստարկներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հրաժարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան հորդորեց դիտարկել իշխանության հայտարարությունները, ապա ցանկացավ անդրադառնալ իր նախորդ ճեպազրույցներից այս  մեկի ժամանակ հնչեցրած մեր մեկ այլ հարցին։ «Այդ ժամանակ հարցրիք Ալիեւի ասածի մասին, որ իրեն ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Այն ժամանակ չհասցրի նորմալ պատասխանել։ Այ դա եւս ապացույց է, որ ողջ բանակցային գործընթացը հասցվել էր նրան, որ Ալիեւը պետք է  որոշեր՝ Արցախը լուծում կունենա՞, թե ոչ։ Այսինքն, որոշման հիման վրա պետք է հարցը լուծում ստանար։ Դա ապացույց է ոչ թե լավ դիվանագիտության, այլ վատ»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը։

Մեր եւ գործընկերների կողմից այլ հարցեր էլ հնչեցին․

-Բայց երկու տարի դուք խուսափում եք «ինքնորոշման իրավունք» եզրույթը կիրառել, այլ ասում եք՝ «ԼՂ ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն»։ Մեծ տարբերություն կա։

Ալեն Սիմոնյան-Մենք մշտապես ասել ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ ինքնորոշումը իրավունք է, մեր հետապնդած նպատակներից են։

-Արցախի ինքնորոշման իրավունքը ո՞ր երկրի հանդեպ է իրացվել։

Ալեն Սիմոնյան-Արցախի ինքնորոշման հռչակագիրը կարդացե՞լ եք։ Այն հենց նոր չեղյա՞լ համարեցիք։

-Իրենք անկախ պետություն են, այլ է հարցը, թե ՀՀ իշխանությունն ինքնորոշման իրավունք ասելով ինչ է հասկանում։

Ալեն Սիմոնյան-Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախության հռչակագիրն ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում՝ մինչև 2018 թվականը, ոտնատակ են արվել: Երբ տարածքային բաժանում է արվել և գրվել է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որն Արցախի սահմանադրության մեջ որպես Արցախի տարածք է գրանցված, ՀՀ ԱԺ-ն 2010 թվականին օրենք է ընդունել և հայտարարել է Ադրբեջան, և վերջացրած  Արցախին բանակցային գործընթացից հանելով։

-Արցախն ումի՞ց էր ինքնորոշվել․․․ուրեմն, դուք Ադրբեջանի կազմում եք ճանաչում ինքնորշման իրավունքը։

Ալեն Սիմոնյան-Վերջացրի՞ք։

-Պետք է լիներ չէ՞ որեւէ երկրի կազմում, որ ինքնորոշվեր։ Կպատասխանե՞ք։

Ալեն Սիմոնյան-Չեմ պատասխանում։

-Չունեք պատասխան։

-Նախորդ իշխանությունը բանակցում էր Արցախի անկախության հանրաքվեի հիմքով միջազգային հանրաքվե(նկատի ունենք՝ միջազգայնորեն ճանաչված) ամրագրելու մեխանիզմները։

Ալեն Սիմոնյան-Չէ։ Բանակցել է համատեղ հանրաքվե անցկացնելու մասին, եւ նշված չի եղել՝ որտե՞ղ է այդ հանրաքվեն լինելու։ Եթե Արցախի անկախության հռչակագիրն են հաշվի առել, ապա ի՞նչ նոր հանրաքվեի մասին է խոսքը, օրինակ, Սերժ Սարգսյանի, եթե չեմ սխալվում՝ Կիսիլյովին տված հարցազրույցի ժամանակ։ Բոլոր այն սկզբունքների մեջ, բոլոր բանակցային գործընթացների մեջ, որի մեջ իրենք եղել են որեւէ ձեւով, չի եղել մի տարբերակ, որտեղ չի քննարկվել նոր հանրաքվեի տարբերակը։ Դա նշանակում է, որ դու եղած հանրաքվեն համարում ես առ ոչինչ։

-Ոչ, միջազգայնորեն ընդունելի հանրաքվեի մասին է եղել։

Ալեն Սիմոնյան-Ոչ, մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Բանակցային գործընթացի մեջ խոսք է եղել Արցախում կայանալիք հանրաքվեի մասին, որտե՞ղ էր լինելու, ե՞րբ էր լինելու այդ հանրաքվեն, այդ հանրաքվեին արդյո՞ք մասնակցելու էին Արցախի տարածքում բնակվող ադրբեջանցիները, այդ հանրաքվեն լինելո՞ւ էր Արցախի, թե ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Եթե նույնիսկ ասում ես, որ այս հարցերից թեկուզ մեկն օրակարգում տեղի է ունեցել, ապա դու այն հանրաքվեն, որով Արցախը անկախացել է, արդեն դնում ես մի կողմ։

Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ թվում ասել է․ «Առաջարկություններում, որոնք հիմնական սկզբունքներին են վերաբերում, չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք: Չկա այդպիսի բան․․․ այո մենք ընդունում ենք, որ ժամանակավորապես տեղահանվածները պետք է վերադառնան իրենց մշտական բնակավայրեր: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ և այն դեպքում, երբ որ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար:

Բա լավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ո՞վ է ապահովելու, որ այդ մարդիկ վերադառնան: Օրինակ, ո՞վ է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրաթիվ, բայց ադրբեջանցիները: Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան կամ խաղաղապահ դնել: Չէ՞: Մենք կվերադառնանք նորից 1988 թվական: Եվ սա է պատճառը, որ երբեք մեր ասածին համանախագահներից որևէ մեկը չի ասել, որ դուք սխալ բան եք անում: Այնտեղ եղած, նորից եմ ասում, խոսքը վերաբերում է վերադառնալուն, այն ադրբեջանցիների, ովքեր բնակվում էին Ադրբեջանին հանձնվելիք` որպես փոխզիջում, տարածքներում: Ընդ որում, այն էլ որոշակի պայմաններով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930