Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, մեզ չեք հավատում, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք». Ալեն Սիմոնյանը՝ բանակցությունների, պատերազմը չկանգնեցնելու մեղավորների մասին

Հոկտեմբեր 14,2022 15:42

Եթե մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրվելու է, այդ դեպքում ՀՀ-ն կարողանալո՞ւ է ստիպել Ադրբեջանի զինված ուժերին լքել ՀՀ ինքնիշխան տարածքը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են այդ զինված միավորումները: Ինչպես նաեւ խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք, որովհետեւ այլ պարագայում դա ոչ թե խաղաղության, այլ կարող է իմիտացիայի տպավորություն լինել»:

Թե որտեղի՞ց են եկել եզրակացության, որ մինչեւ տարեվերջ այդ հարցերը կարգավորած կլինեն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ երկկողմ հայտարարությունների հիման վրա նման տրամադրություն է ստեղծվել:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը Արցախի մեր հայրենակիցներին մենակ չի թողնելու: Լրագրողները հիշեցրին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր՝ պատերազմից հետո մենք այլեւս ռեսուրս չունենք ոչ Արցախի անվտանգությունը պահելու, ոչ այլ իրավունքներն ու ազատություններն ապահովելու, դա իր անձնակա՞ն կարծիքն էր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կենացներից վեր կան գործողություններ: ՀՀ իշխանությունը, որը 2018-ից ի վեր ղեկավարում է ՀՀ-ն, իր գործողություններով ապացուցել է, որ ավելի շատ բան է արել եւ անում Արցախի համար, քան որեւէ մեզ քննադատող նախկին իշխանություն: Պարոն Աղաջանյանին մեղադրելով, կոնտեքստից կտրելով՝ մենք որեւէ բանի չենք հասնի, որովհետեւ ակնհայտ փաստ է, որ 30 տարվա այն ճանապարհը, մեր բանակի մասնակի միֆը, որ կառուցվել է, իր փորձությունը չկարողացավ անցնել եւ դրա հետ կապ չունի ո՛չ հեղափոխությունը, ո՛չ իշխող կուսակցությունը, այդ միֆը չդիմացավ»:

Երբ լրագրողներն ասացին, որ այդ նույն բանակը ապրիլյանին դիմացավ՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Դիմացավ այն բանի շնորհիվ, որ վերջին անգամ շանս տրվեց Սերժ Սարգսյանին հողերը առանց պատերազմի հանձնելու: Դրանից հետո եղան հայտնի իրադարձություններ, որ իբր ներքին քաղաքական իրավիճակը սրվեց ու փորձեցին էլի ժամանակ շահել, բայց նույն Սերժ Սարգսյանը ամբիոնից ֆիքսեց, որ փակուղի է, վերջացել է: Հիմա դա անվանել հաղթանակ, որ 100 զոհ ես տալիս ու ժամանակ ես շահում…մեր տղաների գինը շատ թանկ է մեր համար: Բայց որ կարողանում ես, ասում ես՝ մի 80 հոգի էլ զոհ տամ, եւս մի երկու ամիս…ես չեմ համարում դա ճիշտ»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ինքը բանակցություններով փակուղի տարավ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պատերազմը սկսել է 2016-ին: Հակառակորդը հասկացավ, որ Հայաստանը ժողովրդավարանում է, եթե հիմա ինքը պահը բաց թողնի, հետագայում շատ ավելի դժվար է լինելու, իսկ փակուղու վերաբերյալ իմ համար զարմանալի է, որ դուք մեղադրում եք վարչապետին այն բանի մեջ, որն ասել է Սերժ Սարգսյանը՝ իր անունից: Լավ, մեզ չեք հավատում, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք: Ասեք՝ ինչ նկատի ունեիք, երբ ասում էիք փակուղի: Կամ ապրիլյան պատերազմը, որը հաղթանակ եք համարում տղաների մահվան շնորհիվ, ինչի հաշվին կանգնեց եւ ինչ էր լինելու հետագայում, որ չեղավ»:

Փաշինյանն ասել է՝ կարող էր պատերազմը կանխվել, կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի: Լրագրողների այս հիշեցմանը Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պատերազմի հաջորդ օրը ի՞նչ հայտարարեց վարչապետը ու դահլիճը ծափահարեց: Ասաց՝ կարող եմ այս պահին էլ կանգնեցնել, դրա պայմանը հող հանձնելն է: Մարդը ասեց՝ դրա գինը դա է եղել»:

Հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը իշխանությունը թողել ու գնացել էր, դուք եկաք իշխանության, չասացիք, որ բանակցությունները փակուղում են, պատերազմը անխուսափելի է, փոխզիջումային է, ինչո՞ւ հանրությանը չպատրաստեցիք այդ ցավոտ որոշումներին, որ երբ ԱԺ ամբիոնից Փաշինյանն այդ հարցը տալիս էր, մարդիկ իմանային պատասխանից ինչ սպասել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչու էր ասվում, որ բանակցությունները սկսվում են զրոյական կետից՝ մեր որոշ զինվորականներ նույնիսկ պատերազմի առաջին օրերին գալիս ասում էին՝ հեսա 4 րոպեից էս է լինելու եւ բնական է, որ մեր խոսակցությունն ու ինֆորմացիան պետք է հիմնված լինի մեր զինվորականների խոսքի վրա»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ մեր բոլոր իշխանությունները բանակցել են՝ հողեր հանձնելու շուրջ, իսկ իրենց իշխանությունը բանակցել է՝ «նոր ձեւով հարցը լուծելու, նոր թափ տալու» շուրջ. «Ոչ թե իշխանությունը չի տիրապետել իրավիճակին, այլ՝ որոշ զինվորականներ չեն տիրապետել իրավիճակին: Մենք փորձել ենք կանգնեցնել պատերազմը՝ մաքսիմալ մեր համար ձեռնտու տարբերակով»:

Հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ հիմնական մեղավորները զինվորականներն են՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, հիմնական պատասխանատուն եւ մեղավորը մենք բոլորս ենք, որովհետեւ ամենացածր օղակից սկսած՝ մենք կամ անտեսել ենք, ինչ ասես արել ենք՝ սկսած  ընտրություն կեղծելով, Հոկտեմբերի 27 անելով: Հոկտեմբերի 27 անելը կոտրել է մեր բանակի մեջքը, Մարտի 1 անելը կոտրել է ժողովրդավարության, միջազգային հանրությանը մեր ներկայանալի լինելու մեջքը, բանակից մարդ ազատելը, հետո եկել ասում ենք՝ բա ինչու մեր պետությունը հիվանդացավ»:

Հարցին եթե Մադրիդյան սկզբունքներով Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում, Արցախը տալիս էին, չէ՞ր վերցնում՝ նա պատասխանեց. «Այո, որովհետեւ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի ու տեսնում էր, որ բոլոր բանակցություններում 30 տարվա ընթացքում ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Նա ֆիքսում էր միջազգային կազմակերպությունների տեսակետները, ստանում էր բանաձեւեր, նավթ էր վաճառում, զինվում էր, իր բնակչությունն էր ավելացնում, իսկ մենք ի՞նչ էինք անում այդ ընթացքում՝ կեղծում էինք ընտրություններ, Հայաստանից մարդկանց քշում էինք, փողով մեր երեխեքին բանակից ազատում էինք, նստում էինք՝ պահանջներ էինք ներկայացնում: Որ ասում եք՝ մեր դաշնակից Մոսկվա, գնում էին այնտեղ, բանակցում էին, թե ինչպես են Արցախը հանձնելու, իսկ գալիս էին այստեղ, ասում էին՝ Արցախը մեր հայրենիքն է ու հող հանձնողը դավաճան է, ձեւավորում էին այդ կարծրատիպը»:

Իսկ թե ինչու էր Ալիեւը հայտարարում, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախը՝ Ալեն Սիմոնյանը դա բացատրեց հայկական կողմի՝ բանակցային գործընթացը տանուլ տալով, որի արդյունքում պատերազմը միջազգային հանրությունը լեգիտիմացրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31