Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»

Դեկտեմբեր 20,2022 22:22

Դեկտեմբերի 12-ից Արցախ-Հայաստան ցամաքային միակ ճանապարհը փակած ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստներին Բաքվից ղեկավարող Ալիեւը, ինչպես արդեն գրել ենք, Սոթքի հանքի մի մասի (Ադրբեջանի վերահսկողությանն անցած) փոխարեն բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ին է «հանձնել» հանքարդյունաբերությամբ զբաղվելու 3 այլ տարածք, որոնցից մեկը Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան մասն է՝ Կաշենի հանքով (ադրբեջանցիները կոչում են Դեմիրլի):

«Anglo Asian»-ի իրացրած օգտակար հանածոներից հասույթ է ստանում նաեւ Ադրբեջանը

Հիշեցնենք, որ ընկերության «ստացած» 8 տարածքներից 2-ը գտնվում են Արցախում: Խոսքն այսպես կոչված Ղզլբուլաղի (ներառում է Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասը) ու Դեմիրլիի մասին է, որոնց հանդեպ ախորժակ ունի ոչ միայն բրիտանական ընկերությունը, այլեւ հենց Ադրբեջանը, քանի որ «Anglo Asian Mining»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն (այն կոչվում է «Production Sharing Agreement»՝ արտադրանքի բաժանման համաձայնագիր)՝ այդ երկրի կառավարությունն ու բյուջեն եւս շահ են ակնկալում:

Ըստ այդ պայմանագրի՝ բրիտանական կողմը կարող է ստանալ օգտակար հանածոների վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 75 տոկոսը, ինչի նպատակն ընկերության կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելն է: Մնացած հասույթը (նվազագույնը 25 տոկոս) բաժանվում է կողմերի միջեւ հետեւյալ կերպ՝ Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանը՝ 51 տոկոս, բրիտանական արդյունաբերողին՝ 49: Այսինքն՝ օգտակար հանածոյի վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 87,75 տոկոսը բրիտանական կողմինն է, իսկ մնացածը (12,25 տոկոս)՝ Ադրբեջանինը:

Բացի դրանից՝ ընկերությունը վճարում է 32 տոկոս շահութահարկ:

Բրիտանական արդյունաբերողն առաջին անգամ դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից

Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գործունեության հասցեն Բաքուն է, ավելին՝ մինչեւ այս տարվա հունվար ամիսը բրիտանական ընկերությունը հանքարդյունաբերական գործունեություն է ծավալել բացառապես Ադրբեջանում:

Բանն այն է, որ այս տարվա հունվարին «Anglo Asian Mining»-ն ավարտին է հասցրել կանադական «Libero Copper & Gold Corporation»-ում 19,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու գործարքը, որը պղնձամոլիբդենային եւ պղինձ-ոսկու հանքավայրեր է հետախուզում Կոլումբիայում, Կանադայում եւ Արգենտինայում:

Ընկերության 43 տոկոսը պատկանում է տնօրեններին

2022 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ «Anglo Asian Mining»-ի բաժնետոմսերի 43 տոկոսը կենտրոնացած է դրա տնօրենների եւ սրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում:

Իրանի շահի հպատակը՝ հեղափոխությունից հետո ԱՄՆ-ում տեղավորված Ռեզա Վազիրին

Գլխավոր բաժնետերը 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին է (Mohammad Reza Vaziri), որն ունի 28,67 տոկոս: Վերջինս նաեւ ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է:

Ազգությամբ պարսիկ Վազիրին, հիշեցնենք, դեռ 1997-ին էր ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ով մտել Ադրբեջանի հանքարդյունաբերության ոլորտ՝ պայմանագիր կնքելով այդ երկրի կառավարության հետ, սակայն ակտիվ գործունեությունը սկսել է միայն 2000-ականների երկրորդ կեսին բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի միջոցով: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «RV Investment Group Services»-ը հիմնադրվել է 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ»: Ըստ «Anglo Asian Mining»-ի կայքի՝ ամերիկյան ընկերությունը ներկայում իր դուստր ձեռնարկությունն է:

Ռեզա Վազիրին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից տուժածներից մեկն էլ Ռեզա Վազիրին էր, որն այնուհետ արմատներ գցեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Ադրբեջանում. երկրներ, որոնց հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր, մեղմ ասած, ոչ բարեկամական են:

Վազիրին նաեւ ԱՄՆ-Ադրբեջան առեւտրային պալատի հիմնադիր է ու տնօրենների խորհրդի ցմահ համանախագահը, ու ինչպես ասվում է «Anglo Asian Mining»-ի կայքում, «իր ժամանակի մեծ մասը նվիրում է այդ երկու երկրների գործարար հարաբերությունների զարգացմանը»: Այդ նույն պալատն ունի խորհրդականների պատվավոր խորհուրդ, որում ներգրավված են ԱՄՆ նախկին պետքարտուղար, ֆինանսների նախկին նախարար (քարտուղար), Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջեյմս Բեյքերը, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն, որին կանդրադառնանք ստորեւ, ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը: Առեւտրային պալատն ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ են Իլհամ Ալիեւը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, Ադրբեջանի նախկին փոխարտգործնախարար Հաֆիզ Փաշաեւը:

«Anglo Asian Mining»-ի կայքում նշվում է նաեւ, որ Ռեզա Վազիրին բնակվում է Բաքվում, Լոնդոնում եւ Վաշինգտոնում: Բրիտանական ռեգիստրում առկա փաստաթղթերում Ռեզա Վազիրին նշվում է որպես ԱՄՆ քաղաքացի, բնակության երկիրը՝ Ադրբեջան, սակայն իբրեւ կոնտակտային հասցե ներկայացվում է «Anglo Asian Mining»-ի լոնդոնյան գրանցման հասցեն: Այդուհանդերձ, այնպես չէ, որ ԱՄՆ քաղաքացի Վազիրին ԱՄՆ-ում տուն չունի: Նրա ընտանիքին է պատկանում մայրաքաղաք Վաշինգտոնին կից Մերիլենդ նահանգի Բետեսդա (Bethesda) քաղաքի առանձնատներից մեկը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031