Օրեր առաջ սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձավ Մեղրի համայնքի գլխավոր տոնածառը։ Այն կարճ ու անշուք էր։ Աղմուկից հետո Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հրահանգեց իր աշխատակիցներին՝ տոնածառի տեսքը հավուր պատշաճի դարձնել ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բագրատ Զաքարյանը մամուլի 2 քարտուղար ունի, որոշեցինք նրանց միջոցով ճշտել մեր հարցերի պատասխանը։ Մամուլի քարտուղարը մեզ փոխանցեց համայնքի ղեկավարի պատասխանը՝ իբր մենք նախկինում աղավաղել ենք նրա խոսքերը, եւ այդ իսկ՝ պատճառով մեր հարցերին չի պատասխանի։ Համայնքապետը նաեւ տարակուսել էր, թե ինչո՞ւ անձամբ նրան չենք զանգահարել։ Ցանկանալով ցրել Բագրատ Զաքարյանի ՝ «իր խոսքերն աղավաղելու» վախերը, հարցերն ուղարկեցինք գրավոր՝ էլփոստով։ Ու նորից՝ մամուլի քարտուղարին խնդրեցինք ճշտել՝ արդյոք ստացե՞լ է մեր նամակը։ Համայնքապետը հավաստիացրեց՝ ստացել է, բայց միեւնույն է՝ չի պատասխանելու։ Հարցումն ուղարկել էինք դեկտեմբերի 21-ին, եւ ըստ գործող ընթացակարգի, պատասխանը պետք է տրվեր 5-օրյա ժամկետում։ Սակայն այդպես էլ մնացինք Մեղրի համայնքի ղեկավարի նամակին սպասող։
2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Մեղրի համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած, ընտրողների 42,87 տոկոսի ձայները ստացած եւ Սամվել Բաբայանի կուսակցության հետ հուշագրի ստորագրման արդյունքում համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանին՝ ի գիտություն տեղեկացնում ենք, որ տեղեկատվություն տնօրինողը, այդ թվում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկատվություն չտրամադրելու դեպքում՝ կարող են ենթարկվել պատասխանատվության։
Կարդացեք նաև

Խոսում են՝ որ տեղական սուղ բյուջեից համայնքապետարանի համար ոչ անհրաժեշտ գույք եք գնում, իսկ աշխատավարձ վճարելուց՝ խնդիրներ ենք ունենում։
Ժողովրդին անհասկանալի է, թե ինչպե՞ս Զաքարյանին ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները հանկարծ դարձան նրա «եղբայրները»։
Իհարկե, մենք կողմ ենք համերաշխությանն ու միասնությանը, սակայն էլի մի հարց՝ ճի՞շտ է արդյոք այն, որ հաշտության դաշն կնքվեց այն ժամանակ, երբ ձեր եղբայրն ու զարմիկները ծեծեցին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, Մեղրու կոմունալ-տնտեսության պետ Արթուր Աթանեսյանին։ Այդ միջադեպի հանգամանքներով հարուցված քրեական գործը կարճվեց, այնինչ Մեղրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արարատ Թումանյանը այդ օրերին, ի լուր ամենքի՝ բարձրաձայնում էր, թե դեպքի հանգամանքներն օր առաջ պիտի բացահայտվեն։ Հավատացեք՝ ոչինչ չենք աղավաղել։

Պարո՛ն Զաքարյան, սրանք զուտ խոսակցություններ են, գուցե եւ բամբասանքներ, բայց առանց կրակ ծուխ չի լինում։ Հույս ունենք՝ մի օր, երբ ցանկություն կունենաք լրատվամիջոցների հետ նորմալ ու քաղաքակիրթ աշխատել, այս ասեկոսեները կպարզաբանեք։

Հա՛, որոշ աղբյուրներ ասում են՝ որ փոշմանել եք․ մտադիր եք 5 տարին էլ դուք ղեկավարել համայնքը, քանի որ համայնքային ենթակայությամբ գտնվող կառույցների կարեւոր պաշտոններում նշանակել եք Անդրեասյանի թիմակիցներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































