Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ չէր լինի, եթե Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը պատասխաներ մեր հարցերին

Դեկտեմբեր 29,2022 17:44

Օրեր առաջ սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձավ Մեղրի համայնքի գլխավոր տոնածառը։ Այն կարճ ու անշուք էր։ Աղմուկից հետո Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հրահանգեց իր աշխատակիցներին՝ տոնածառի տեսքը հավուր պատշաճի դարձնել ։

Aravot.am-ը ցանկացավ պարզել, թե տեղական բյուջեից ինչքա՞ն է հատկացվել տոնածառին եւ տոնական միջոցառումներին, ի՞նչ գին ունեին բոլորովին վերջերս ձեռք բերված արծաթափայլ եղեւնիները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բագրատ Զաքարյանը մամուլի 2 քարտուղար ունի, որոշեցինք նրանց միջոցով ճշտել մեր հարցերի պատասխանը։ Մամուլի քարտուղարը մեզ փոխանցեց համայնքի ղեկավարի պատասխանը՝ իբր մենք նախկինում աղավաղել ենք նրա խոսքերը, եւ այդ իսկ՝ պատճառով մեր հարցերին չի պատասխանի։ Համայնքապետը նաեւ տարակուսել էր, թե ինչո՞ւ անձամբ նրան չենք զանգահարել։ Ցանկանալով ցրել Բագրատ Զաքարյանի ՝ «իր խոսքերն աղավաղելու» վախերը, հարցերն ուղարկեցինք գրավոր՝ էլփոստով։ Ու նորից՝ մամուլի քարտուղարին խնդրեցինք ճշտել՝ արդյոք ստացե՞լ է մեր նամակը։ Համայնքապետը հավաստիացրեց՝ ստացել է, բայց միեւնույն է՝ չի պատասխանելու։ Հարցումն ուղարկել էինք դեկտեմբերի 21-ին, եւ ըստ գործող ընթացակարգի, պատասխանը պետք է տրվեր 5-օրյա ժամկետում։ Սակայն այդպես էլ մնացինք Մեղրի համայնքի ղեկավարի նամակին սպասող։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Մեղրի համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած, ընտրողների 42,87 տոկոսի ձայները ստացած եւ Սամվել Բաբայանի կուսակցության հետ հուշագրի ստորագրման արդյունքում համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանին՝ ի գիտություն տեղեկացնում ենք, որ տեղեկատվություն տնօրինողը, այդ թվում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկատվություն չտրամադրելու դեպքում՝ կարող են ենթարկվել պատասխանատվության։

Առիթից օգտվելով Բագրատ Զաքարյանին ցանկանում ենք տեղյակ պահել, թե ի՞նչ են խոսում Մեղրի համայնքում։ Եվ այսպես՝ ասում են՝ դուք ձեր կնոջը նշանակել եք համայնքապետարանի ֆինանսական բաժնի ավագ մասնագետ, թույլատրվո՞ւմ է արդյոք։

Խոսում են՝ որ տեղական սուղ բյուջեից համայնքապետարանի համար ոչ անհրաժեշտ գույք եք գնում, իսկ աշխատավարձ վճարելուց՝ խնդիրներ ենք ունենում։

Ժողովրդին անհասկանալի է, թե ինչպե՞ս Զաքարյանին ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները հանկարծ դարձան նրա «եղբայրները»։

Իհարկե, մենք կողմ ենք համերաշխությանն ու միասնությանը, սակայն էլի մի հարց՝ ճի՞շտ է արդյոք այն, որ հաշտության դաշն կնքվեց այն ժամանակ, երբ ձեր եղբայրն ու զարմիկները ծեծեցին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, Մեղրու կոմունալ-տնտեսության պետ Արթուր Աթանեսյանին։ Այդ միջադեպի հանգամանքներով հարուցված քրեական գործը կարճվեց, այնինչ Մեղրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արարատ Թումանյանը այդ օրերին, ի լուր ամենքի՝ բարձրաձայնում էր, թե դեպքի հանգամանքներն օր առաջ պիտի բացահայտվեն։ Հավատացեք՝ ոչինչ չենք աղավաղել։

Ի դեպ, այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էիք պնդում հիմնովին քանդելու սուբվենցիոն ծրագրով կառուցվող Մեղրիի մանկապարտեզի շենքը։ Անգամ ձեր կողմից հրավիրած փորձառու շինարարը ցնորամիտ անվանեց այդ գաղափարը։ Խոստովանենք՝ այստեղ աղավաղեցինք շինարարի ասածը․ նա ավելի կոպիտ էր արտահայտվել։

Պարո՛ն Զաքարյան, սրանք զուտ խոսակցություններ են, գուցե եւ բամբասանքներ, բայց առանց կրակ ծուխ չի լինում։ Հույս ունենք՝ մի օր, երբ ցանկություն կունենաք լրատվամիջոցների հետ նորմալ ու քաղաքակիրթ աշխատել, այս ասեկոսեները կպարզաբանեք։

Իսկ մինչ այդ՝ չմոռանանք նշել նաեւ, որ Մեղրի համայնքի բնակիչները օրեր են հաշվում, թե երբ է լրանալու հուշագրով ամրագրված ձեր կառավարման երկուսուկես տարին, որպեսզի համայնքի կառավարումը անցնի «Ազատական կուսակցության» ներկայացուցչին, ձեր առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանին։

Հա՛, որոշ աղբյուրներ ասում են՝ որ փոշմանել եք․ մտադիր եք 5 տարին էլ դուք ղեկավարել համայնքը, քանի որ համայնքային ենթակայությամբ գտնվող կառույցների կարեւոր պաշտոններում նշանակել եք Անդրեասյանի թիմակիցներին։

Վերջում՝ շնորհավորելով ձեր գալիք Ամանորը՝ ցանկանում ենք՝ որ ձեզ ուղղված հարցադրումներին պատասխանեք սահմանված ժամկետներում։ Մենք դեռ սպասում ենք մեր հարցերի պատասխաններին, ու թերեւս վերջին հիշեցումը՝ եթե լրագրողը ձեզ բանավոր հարց է ուղղում, ապա ձեր խոսքը ձայնագրվում է, եւ այն չի կարող աղավաղվել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031