Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը տարին սկսեց անհատական դիմումներ մերժելով

Հունվար 20,2023 14:30

Սահմանադրական դատարանը եռակազմ անդամներով հունվարի 13-ին մի անհատական դիմումի կապակցությամբ կայացրեց որոշում` մերժելով այն: Մինչ այդ հունվարի 10-ին էր մերժել վարկային կազմակերպության դիմումը, որով դիմողը պնդել է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես նաեւ ստորադաս դատական ատյաններ մեկնաբանելով «Սնանկության մասին» օրենքի՝ իր կողմից վիճարկվող դրույթը, իր վրա դրել են նոր պարտականություն՝ հիմնավորելու հարուցված կատարողական վարույթի՝ իր համար բացասական ելքը: Նա խնդրել էր հակասահմանադրական ճանաչել «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, ներառյալ «ա» ենթակետը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրությամբ ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման:

Անհատական դիմումները, չգիտես ինչու, հաճախ չեն լուսաբանվում:

2022թ.-ին ՍԴ-ն իմ համեստ հաշվարկներով 71 անհատական դիմումներով որոշումներ է կայացրել: Հնչեղներից էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, դատավոր Ռուբեն Վարդազարյանի, «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, «Թեղուտ» ՓԲ ընկերության…անհատական դիմումները: Ըստ իմ դիտարկումների, միայն մեկ օտարանուն անձի անհատական դիմում է եղել անցյալ տարի՝ Ինգա Գեորգաձեինը: Անհատական դիմումով նա վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ վիճարկվող դրույթներում ամրագրված «այլ անձանց» արտահայտությունը` Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից (նշեմ, որ երբ դատարանի տեղեկատվական համակարգից 10 հատորանոց քաղգործին ծանոթացա, միայն այս գործով 45 պատասխանող կար՝ Նալբանդյան փողոցի 41/1 շենքի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների սեփականատերերը):

Անհատական դիմումները՝ անկախ այն բանից, մերժվում են, թե ուղարկվում քննության, արժանի են ուշադրության, հրապարակայնացման, իրենց բարձրացված հարցադրումներով, օրենքներում առկա հակասահմանադրական դրույթների բացահայտման առումով: Իր հերթին, Սահմանադրական դատարանն անհատական դիմում ներկայացնողից պահանջում է, որոշման մեջ շեշտում, թե «անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացվող վերոգրյալ պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ»:

Խաչիկ Թորոսյանն, օրինակ, 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին դիմել էր դատարան, խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ եւ 61-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով առաջին ատյանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ անձին տրամադրվող երաշխիքների ծավալից նահանջի անթույլատրելիությունը: Ըստ դիմողի՝ օրենսգրքի 287-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգում է նրան, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, որով կալանքն ընտրվում է որպես խափանման միջոց, վերաքննիչ քրեական դատարանում կարող է եւ պետք է վերանայվի գրավոր կարգով, ինչի արդյունքում սահմանափակվել են դիմումատուի իրավունքներն ու ազատությունները: Դիմողն, ըստ էության, բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը։ Նա նշել էր. «Խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքները սահմանող օրենսգրքի 37-րդ գլուխը նախատեսում է առանձին կարգավորում (հոդված 287), որտեղ ուղղակիորեն նախատեսում է դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունների քննության բանավոր ընթացակարգ՝ բանավոր քննություն վերաքննիչ քրեական դատարանում»: Դիմողի պնդմամբ՝ «վարույթի իրականացումը բանավոր կարգով մեղադրյալին տրամադրվող հերթական երաշխիքն է», բանավոր կարգով քննության դեպքում մեղադրյալն ունենում է հնարավորություն կանգնել դատարանի առջեւ, պատասխանել դատարանի հարցերին, ներկայացնել իր դիրքորոշումը, քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս կամ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերանայելիս էական նշանակություն ունեն մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, նրա վարքագիծը եւ այլն: Այսինքն, բանավոր քննության կամ դատալսման պայմաններում անձն ունենում է իրական հնարավորություն օգտվելու այդ երաշխիքներից: Իսկ վերաքննիչ քրեական դատարանի մեկնաբանությունն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս դիմումատուին իրացնել իր անձնական ազատության եւ դատական պաշտպանության հիմնական իրավունքները:

Այս գործով, ՍԴ-ն պարզել էր. դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջը, այն է՝ վերաքննիչ քրեական դատարանը դիմողի նկատմամբ չի կիրառել օրենսգրքի վիճարկվող 287-րդ հոդվածը, այլ կիրառել է օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը, 268-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 391-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնց սահմանադրականության հարցը դիմողի կողմից չի բարձրացվել: Այսինքն, վիճարկվող հարցը վերաբերելի է առաջին ատյանի դատարանին, ոչ թե վերաքննիչ քրեական դատարանին կամ՝ սահմանադրականին առավել եւս: Վիճարկվող 287-րդ հոդվածը չի կիրառվել եւ չէր էլ կարող կիրառվել դիմողի նկատմամբ վերաքննիչ վարույթի կարգը որոշելիս, քանզի կարգավորում է դիմողի կողմից բարձրացված հիմնախնդրից դուրս իրավահարաբերություններ, ինչն էլ սույն գործի քննությունը մերժելու հիմք էր դարձել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
19.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031