Լրահոս
Օրվա լրահոսը

«Թարգմանչին մնում է ստանձնել հեղինակի ու ընթերցողի երկխոսության միջնորդի դերը»

Փետրվար 02,2023 12:30

«Առավոտի» հետ զրույցում «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ասաց, որ հատարակչությունը վաղուց իր ուղղություններից մեկն էր ընտրել համաշխարհային դետեկտիվ գրականության թարգմանումն ու հայ ընթերցողներին ներկայացնելը։ Սամվելյանն ընդգծում է` Շերլոք Հոլմսի մասին պատմող շարքի հրատարակմանը հետեւեցին Ագաթա Քրիստիի դետեկտիվները եւ ոգեւորիչ ընդունելությունը  ցույց տվեց, որ կա դետեկտիվ գրականության պահանջ ու սպասում։ Մեր զրուցակցի խոսքով պատճառները մի քանիսն են` դետեկտիվ ժանրի գրքերը հիմնականում թեթեւ  ու արագ են ընթերցվում, սյուժետային զարգացումները լարվածության մեջ են պահում ընթերցողին, ինչն էլ հենց գրավիչ է։

«Սիմենոնի Մեգրեն պակաս հայտնի եւ սիրված խուզարկու չէ աշխարհում։ Մեր երկրում, սակայն, նրա մասին ավելի շատ գիտեն մեծ տարիքի ընթերցողները։ «Լատվիացի Պետեր»-ով (որը Մեգրեի մասին պատմող առաջին գիրքն է) մենք սկսեցինք Սիմենոնի շարքը, որը հերթականն է այդ ժանրում մեր հրատարակելիք գրքերի։ Մեգրեին թարգմանելով մենք նպատակ ունենք ավելի երիտասարդ տարիքի ընթերցողներին ծանոթացնել Սիմենոնի հիանալի գրչին, մոտեցնել դասական դետեկտիվի եւս մեկ հանգրվանի»,-ասաց Դավիթ Սամվելյանը։
Վեպի թարգմանչուհի Ալինա Սանամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Լատվիացի Պետերը» դեռ անծանոթ էր իրեն մինչեւ վեպի թարգմանության առաջարկը ստանալը։ Մի քանի անգամ ընթերցելուց հետո նկատեց` հեղինակի գրչից զատ գրավիչ էր նախ եւ առաջ վիպակի ասելիքը։

«Թերեւս փորձելով չբացել վիպակի միստիկ փակագծերը՝ միայն նշեմ, որ հիմքում միջանձնային հարաբերությունների ու սիրո բախումն է՝ իր անդառնալի հետեւանքներով հանդերձ,- ասաց Ալինան, ավելացնելով, որ թարգմանելիս խոչընդոտներ եղել են,- օրինակ, ֆրանսերենին ներհատուկ փոխաբերությունները երբեմն անհնար է նույնությամբ մատուցել հայալեզու ընթերցողներին։ Կամ լեզվական տարբերությունների պատճառով տարակարծություն է առաջանում անձնանունների կամ տեղանունների հետ կապված։ Կարեւոր է, որ խմբագրի  եւ սրբագրիչի հետ աշխատելիս դրանք սահուն հարթվեն ու վերջնարդյունքն իր մեջ ամփոփի լավագույն տարբերակը»,-նշեց Ալինա Սանամյանը։

Հարցին` օտարազգի հեղինակների ստեղծագործությունները թարգմանելն ինչով է կարեւոր, Ալինան պատասխանեց. «Մենք՝ հայերս, իհարկե, աչքի ենք ընկնում այլ լեզուները հեշտությամբ սերտելու ունակությամբ ու միջինում տիրապետում ենք երկուսից երեք լեզվի, բայց անտեսել չի կարելի այն փաստը, որ մայրենիով ընթերցելն ամենից հաճելին է։ Կարծում եմ` որքան էլ ձգտենք օտարազգի հեղինակներին բնագրով կարդալ, չենք հերքի՝ մեր լեզվի համն ու հոտն ուրիշ է»,-ասաց Ալինան, տեղեկացնելով, որ այժմ աշխատում է Սիմենոնի մեկ այլ վիպակի վրա, որի մասին դեռ վաղ է խոսել։ Այն ավարտելուց հետո թարգմանչական գործունեությունը շարունակելու միտք ունի։ Ասում է` չնայած ահռելի պատասխանատվությանը՝ գործընթացը հավանում է։

«Ընթերցասեր ընկերներիս միջոցով փորձում եմ հասկանալ՝ դետեկտիվն արդի է դեռեւս, թե ոչ։ Ինձ համար ուրախալի է փաստել, որ պահանջարկն ամենեւին էլ չի նվազել։ Ժամանակակից ընթերցողին գրավում է նուրբ գրական լեզուն, մինչեւ ընթերցանության վերջին րոպեները խորհրդավոր անորոշության մեջ պահող սյուժեն ու այն ասելիքը, որ ընթերցելուց շատ հետո ինքդ քո մեջ պիտի վերլուծես ու ընկալես։ Իսկ թարգմանչին մնում է ստանձնել հեղինակի ու ընթերցողի երկխոսության միջնորդի դերը, չհեռանալ բնագրից ու օգտվել հայերենի անսահման լեզվական բարիքներից»,-եզրափակեց Ալինա Սանամյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728