Լրահոս
Օրվա լրահոսը

Ցրվածություն, տեղում «տիտիկ անելու» անկարողություն, հուզական վարքագիծ․ ինչպես է դրսևորվում Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը երեխաների շրջանում

Փետրվար 27,2023 09:30

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը (ՈւՊԳՀ) զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հանդիպում է  միլիոնավոր երեխաների, երբեմն էլ չափահասների շրջանում։

Դա այն վիճակն է, երբ երեխան դժվարանում է կենտրոնանալ, անհանգիստ է, նրա ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, նա դժվարանում է «տիտիկ անել տեղում», և այդ վարքագիծը դրսևորվում է ինչպես տանը, այնպես էլ դպրոցում և այլուր։

Ինչպես հուշում է խանգարման անվանումը, երեխան՝

Չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի հիմնական ախտանշաններից մեկը հենց ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններն են։ Այդ խնդրով երեխան դժվարանում է լսել խոսացողին, հետևել ցուցումներին, կատարել առաջադրանքները և այլն։ Նրանք շատ ժամանակ են տրամադրում երազելուն և պարբերաբար անուշադրության սխալներ են կատարում, կամ էլ սովորաբար խուսափում են այն գործողություններից, որոնք կենտրոնացում են պահանջում՝ դրանք համարելով ձանձրալի։

Գերակտիվ է

ՈւՊԳՀ ունեցող երեխան չի կարողանում տիտիկ անել տեղում։ Նրանք անընդհատ վազվզում են, մագլցում իրերի վրայով, թռչկոտում, անգամ եթե փակ տարածքում են գտնվում։ Նստած ժամանակ անգամ նրանք շարժվում են, թռթռում, սովորաբար չափից շատ են խոսում և չեն կարողանում անաղմուկ խաղալ։

Ունի իմպուլսիվ, հուզական վարքագիծ

Այդ խնդիրն ունեցող երեխաներն իմպուլսիվ են, նրանց համար դժվար է, օրինակ, իրենց հերթին սպասելը։ Դասի ժամանակ նրանք հակված են ընդհատելու մյուսներին, հարցը չլսելով՝ պատասխան հնչեցնելու։

Որո՞նք են ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի զարգացման պատճառները

Այս խնդիրն ունեցող երեխաների գլխուղեղում ուշադրությունը վերահսկող հատվածում ակտիվության պակաս է նկատվում: Նրանց մոտ կարող է նաև գլխուղեղի որոշ քիմիական նյութերի անհավասարակշռություն լինել։ Հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, բայց, ինչպես նշում են փորձագետները, այդ խանգարման զարգացման հարցում մեծ դեր ունեն գեները։

Ինչպե՞ս է ախտորոշվում խանգարումը

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշն ախտորոշող լաբորատոր թեստեր չկան։ Այս դեպքում կարևորագույն խնդիրը աշխույժ ու ցրված երեխային ՈւՊԳՀ-ով երեխայից տարբերակելն է: Բժիշկը սովորաբար հարցեր է տալիս երեխային, լսում վարքային խնդիրների նկարագրությունը՝ ախտորոշման համար օգտվելով երեխաների վարքագծային առանձնահատկությունների գնահատման հատուկ չափորոշիչներից: Ախտորոշումը դրվում է, երբ 6 ամսվա ընթացքում երեխայի մոտ նկատվում է թվարկված ախտանշանների համակցությունը՝ ուշադրության պակաս, գերակտիվություն և իմպուլսիվություն․ դրանք պետք է կայուն կերպով դրսևորվեն՝ բացասաբար անդրադառնալով երեխայի առօրյայի վրա։

ՈւՊԳՀ-ի ախտանշաններն ի հայտ են գալիս 12 տարեկանից ոչ ուշ։

ՈՒՊԳՀ-ի տեսակները

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշն ունի մի քանի ենթատեսակներ՝ համակցված, երբ երեխան ուշադրության պակաս ունի, գերակտիվ է կամ իմպուլսիվ։ Գերազանցապես գերակտիվ/իմպուլսիվ տեսակի դեպքում գերակշռում է գերակտիվությունն ու իմպուլսիվությունը, իսկ առավելապես ուշադրության պակասի դեպքում երեխան դժվարանում է կենտրոնանալ, բայց շատ ակտիվ չէ ու սովորաբար չի խանգարում, ասենք, դասապրոցեսին։

ՈՒՊԳՀ-ի բուժումը․ դեղորայք

Խթանիչ դեղամիջոցներն օգնում են բարելավել ուշադրության կենտրոնացումն ու վերահսկել գերակտիվ և իմպուլսիվ վարքագիծը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցներն արդյունավետ են 65-80% դեպքերում, սակայն, ինչպես և ցանկացած այլ դեղամիջոց, ունեն կողմնակի ազդեցությունները։ Դեղորայքային թերապիան իրականացվում է միայն բժշկի նշանակմամբ։

Խորհրդատվություն․ հոգեթերապիա, վարքաբանական թերապիա

Դեղամիջոցներից զատ բարձր արդյունավետություն ունի մասնագիտական աջակցությունը, որը ցուցաբերվում է ինչպես խանգարումն ունեցող երեխային, այնպես էլ նրա ծնողներին։ Վարքաբանական թերապիան կարող է օգնել երեխային սովորել վերահսկել իր վարքը, հաղթահարել հիասթափությունն ու բարձրացնել նրա ինքնագնահատականը։ Թերապիայի տեսակներից մեկը կոչվում է սոցիալական հմտությունների ուսուցում, որը միտված է շտկելու երեխայի սոցիալական վարքագիծը, սովորացնելով, օրինակ, ինչպես սպասել իր հերթին և այլն։

Ռեժիմի կարևորությունը

Շատ կարևոր է օրվա հստակ ռեժիմ սահմանելը այդ խնդիրն ունեցող երեխաների համար։ Ամենօրյա գործերի գրաֆիկը և այդ գրաֆիկի վերահսկումը կօգնի երեխային կենտրոնանալ իր անելիքների վրա։

ՈՒՊԳՀ ունեցող երեխայի սննդակարգը

Սննդակարգերի հետազոտությունները ոչ միանշանակ արդյունքներ են գրանցել, սակայն փորձագետները նշում են, որ գլխուղեղի համար օգտակար մթերքները կարող է արդյունավետ լինել այս խնդիրն ունեցող երեխաների համար։ Սպիտակուցներով հարուստ մթերքները, ինչպիսիք են ձուն, միսը, լոբազգիներն ու ընդեղենը, կարող են նպաստել ուշադրության կենտրոնացմանը։ Խորհուրդ է տրվում պարզ ածխաջրերը փոխարինել բարդ ածխաջրերով։

Սննդային հավելումների դերը ու շաքարի բացասական ազդեցությունն այս համախտանիշի զարգացման վրա չի ապացուցվել, թեև շատ ծնողներ նկատում են, որ արագ սնունդը սրում է համախտանիշի ախտանշանները։ Ամեն դեպքում Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս խուսափել անառողջ սննդից։

ՈՒՊԳՀ-ն և հեռուստացույցը

Թեև հստակ կապ չի սահմանվել այս համախտանիշի և հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի դիմաց անցկացված ժամանակի միջև, Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սահմանափակել էկրանների դիմաց երեխայի գտնվելու ժամանակը։ Չի խրախուսվում մինչև 2 տարեկան երեխաների՝ հեռուստացույց դիտելը, իսկ ավելի մեծ տարիքում խորհուրդ է տրվում բավարարվել օրական երկու ժամով։ Ուշադրության կենտրոնացումը խթանելու համար լավագույն տարբերակ են համարվում մանկական զարգացնող խաղերը, համատեղ զբաղմունքները։

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի կանխարգելումը

Այս համախտանիշը կանխարգելելու հստակ միջոցներ չկան, սակայն կարևոր է հղիության ընթացքում ալկոհոլից, թմրանյութերից ու ծխելուց հրաժարվելը, քանի որ հղիության ընթացքում, օրինակ, ծխախոտ օգտագործած մայրերի երեխաները 2 անգամ ավելի հաճախ են ենթարկվում այս խանգարման զարգացման վտանգին։

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը նույնպես այս համախտանիշի զարգացման ռիսկի գործոն է համարվում, ուստի երեխային աղտոտված միջավայրից ու թունավոր նյութերից պաշտպանելը կնպաստի այս և մի շարք այլ հիվանդությունների կանխարգելմանը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728