Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի մեխանիկական միացման գործընթացը պրոֆեսորին հիշեցրել է ԽՍՀՄ ռեկորդակիր կթվորուհիներին

Մարտ 21,2023 16:45
Zolyan

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր, ՌԴ-ում մի քանի գիտական ծրագրերի ղեկավար Սուրեն Զոլյանն անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած եւ հանրային հնչեղություն ստացած բուհերի միավորման թեմային՝ նշեց, որ այդ գաղափարը նոր չէ, եւ դեռեւս 90-ական թվականների վերջերին եղել է նման ծրագիր, որտեղ հպանցիկ անդրադարձ կար քիչ ուսանողներ ունենալու դեպքում՝ բուհերի միացմանը: Պրոֆեսորի խոսքով, խնդիրն, իհարկե, նաեւ տնտեսական էր, սակայն, իրականում նպատակը հաճախ բուհական շենքերին տիրանալն էր, ինչպես դա պատահեց ԵՊՀ-ի ու մյուս բուհերի հետ: «Դեռևս 1997 թ․ քաղաքապետարանից սիրալիր առաջարկ էինք ստացել՝ հաշվի առնելով բուհի զարգացման հեռանկարը, բարելավել շենքային պայմանները և կենտրոնից տեղափոխվել Դավիթաշեն»,-հիշեց մեր զրուցակիցը։

«Գոյություն ունեին ԽՍՀՄ-ից եկած նորմատիվներ, ըստ որոնց՝ շատ մեծ տարածքներ պետք է հատկացնեին բուհերին, բուհն անգամ լողավազան պետք է ունենար, էլ չեմ ասում՝ մարզադահլիճ եւ այլն: ԽՍՀՄ-ում այդ ամենը ապագայի համար էր նախատեսված, բայց դա նաեւ մտրակ էր՝ կարող էին ցանկացած բուհի ասել, որ չի համապատասխանում լիցենզավորման պայմաններին: Բուհական համակարգում մի շարք խնդիրներ կան, սակայն հիմնականը հետեւյալներն են՝ բուհական համակարգը չէր ֆինանսավորում, ու ինսունական թվականներին վճարովի ուսուցումը, որ չակերտավոր նորարարություն էր, ինչ-որ ձեւով արդարացված էր եւ ներմուծվել էր որպես ժամանակավոր լուծում: Վճարովի ուսուցումը հիմնական ուսանողական համակազմը լրացնելու եւ բուհերի ֆինանսական վիճակը ապահովելու հնարավարություն էր: Իսկ պետպատվերը միայն այնպիսի մասնագիտությունների համար էր, որոնք շուկայական առումով պահանջարկ չունեն: Ստացվում է, որ բարձրագույն կրթության համակարգը հիմնականում ուսանողների ծնողների ուսերին է, և նրանք են իրականում թելադրում կանոնները՝ «եկամտաբեր» մասնագիտությունների գերիշխում, նվազագույն պահանջներ առաջադիմության հանդեպ եւ այլն»,-նշեց պրոֆեսորը։

Սուրեն Զոլյանի խոսքով, հաջորդ խնդիրն այն է, որ եթե Հայաստանում չկա զարգացած շուկա, բարձր որակի մասնագետների պահանջարկ էլ չկա. «Եթե չունենք համապատասխան հնարավորություններ մասնագետներին աշխատանքով ապահովելու համար, ուրեմն աշխատելու ենք դրսի շուկայի համար: Այսօր իսկապես այդպես է, լավագույն մասնագետներն աշխատում են դրսի համար: Եվ ինչքան էլ հայրենադարձության կոչեր անենք, միգուցե հայրենասիրական մղումներով ինչ-որ մարդիկ վերադառնան, մնան Հայաստանում, բայց միեւնույն է՝ նրանք տեղ չունեն այստեղ աշխատելու, դրա համար կադրերի արտահոսքը մեծ է: Ցավոք, լավագույն մասնագետները ավարտելուց հետո գիտությամբ չեն զբաղվում, որովհետեւ բացի ցանկությունից եւ անգամ ենթադրենք, աշխատավարձի հարցը լուծելու դեպքում, պետք է նաեւ համապատասխան կառույցներ լինեն, որտեղ նրանք կարող են աշխատել»:

Պրոֆեսորն ասելիքը ներկայացնում է օրինակների միջոցով. «Այսօր շատ է խոսվում համաշխարհային պահանջներին համապատասխանելու ու վարկանիշների մասին: Շատ դեպքերում՝ առանց հասկանալու են խոսում: Ասում են՝ բուհերի միացումով լինելու է առաջընթաց գիտական ոլորտում եւ որ հավակնելու ենք վարկանիշների: Ձեւականորեն գուցե եւ այդպես լինի, բայց իրականում պատկերն այլ է: Սա ինձ հիշեցնում է Խորհրդային տարիների պրակտիկան, երբ ամեն մի շրջան պետք է ունենար իր Սոցիալիստական աշխատանքի հերոսը: Իսկ ինչպե՞ս էր դա արվում՝ մի կթվորուհու վերագրում էին այդ կոլխոզի բոլոր կթվորուհիների արտադրանքը, նա դառնում էր ռեկորդակիր, եւ նրան ներկայացնում էին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Նույնը անում էին հովիվների ու մնացածի պարագայում: Ստեղծվում էին ռեյտինգներ, սակայն դրանից ոչ կաթի արտադրանքն էր ավելանում, ոչ որակը, ոչ էլ ոչխարների քանակը: Հիմա եթե վերցնենք ու բոլոր բուհերը միացնենք, նաեւ այդ բուհերում աշխատող գիտնականների արդյունքը միացնենք, կստանաք մի բուհ, որը կարող է մտնել ինչ-որ ռեյտինգ, բայց դրանից գիտությունը միեւնույն է՝ չի զարգանալու»:

Նա պարզաբանեց, թե իրականում ինչպես են գոյանում վարկանիշները՝ բարձրակարգ մասնագետներ, հեղինակավոր գիտական հանդեսներում տպագրություններ, հղումներ եւ այլն, որտեղ գնահատողը չինովնիկը չէ: Սուրեն Զոլյանը կարծում է, որ առաջին հայացքից բարդ չէ այդ ամենն իրականացնելը: Նա փաստում է, որ ԳԱԱ բնագիտական եւ մաթեմատիկական հանդեսները ժամանակին մեծ հեղինակություն ունեին, իսկ հասարակական եւ հումանիտար գիտությունների գծով Հայաստանում ոչ մի նման հանդես չունենք: Հիշեցրեց, որ ժամանակին Մանկավարժական համալսարանն ուներ մի այդպիսի հանդես, որը հետո «դուրս թռավ»՝ պահանջները չբավարարելու պատճառով:

Պրոֆեսորը տարակուսանքով է նշում. «Գիտնականից պահանջում են հրապարակումներ՝ բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում, ինչը ճիշտ է, սակայն այս դեպքում Հայաստանում ոչ մի համապատասխան հանդես չկա: Իսկ եթե հայ գիտնականը պետք է հրապարակվի արտասահմանյան երկրների հանդեսներում, փաստորեն վերանում է հայերենի՝ որպես գիտության լեզվի խնդիրը: Եվ դա ամենամակերեսայինն է։ Արտասահմանյան հանդեսների համար չեն կարող հետաքրքիր լինել բուն հայկական խնդիրները, ուստի նման հետազոտությունների հեղինակների համար տպագրության հնարավորությունները սահմանափակ են։ Ուստի բուհերն ու ինստիտուտները միացնելուց փոխարեն, հնարավոր է ցանկալի ցուցանիշներ բարելավել համապատասխան հանդեսներ հիմնելով»։

Սուրեն Զոլյանը հավելում է, որ այդ խնդիրը լուծում ունի, ու բերում է ՌԴ-ի օրինակը, որտեղ ինքը մի հանդեսի խմբագիր է, եւ որը մի քանի տարվա ընթացքում տեղ է գտել միջազգային բազաներում: Ասում է՝ դրա համար պահանջվում է որոշակի վարչական աջակցություն, որպեսզի ոչ թե գիտնականը զբաղվի տեխնիկական, հրատարակչական եւ այլ հարցերով, այլ ամեն համալսարան կենտրոնացնի անձնակազմ, որը կզբաղվի տեխնիկական հարցերով, իսկ խմբագիրը՝ գիտական: Նրա համոզմամբ, դա հնարավոր է անել հայ գիտնականների ուժերով։

Սուրեն Զոլյանը հաջողված օրինակների մասին խոսելիս նշեց Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին, որը խմբագիրն է հեղինակավոր միջազգային գիտական հանդեսի, նաեւ իր՝ որպես ռուսական գիտական հանդեսի խմբագրի օրինակը, որը երեք տարում ձեռք է բերել միջազգային վարկանիշ: Իսկ ինչ վերաբերվում է լեզվին, ապա, նրա խոսքով, անհրաժեշտ ձեւավորման դեպքում, նման հանդեսները կարող են և հայալեզու լինել, օրինակ, Էստոնիայում տասնյակ նման հանդեսներ կան, հիմնականում նվիրված մայրենի լեզվին, գրականությանն ու մշակույթին։

«Պետք է նախ եւ առաջ հանդեսների մասին մտածել, ոչ թե համալսարանները միացնել… Քանի՞ հազար մարդ է Հայաստանում պաշպանել թեկնածուական ատենախոսություն տնտեսագիտությունից եւ իրավագիտությունից, եթե ոչ մի գունդ, ապա մի քանի գումարտակ կարելի է կազմել նրանցից… Նույնքան մասնագետներ էլ կան գրականությունից, լեզվաբանությունից: Հայաստանը պետք է առաջատար դիրքեր ունենար այդ ոլորտներում: Հումանիտար ոլորտի առնվազն 10 հանդես է պետք, դրա համար բազա պետք է ստեղծվի, գուցե հրատարակչություն լինի, որ տեխնիկական հարցերը վերցնի իր վրա եւ իհարկե համագործակցություն, այդ թվում միջազգային խմբագրական կոլեգիա: Հեղինակավոր միջազգային գիտնականների հետ պիտի լինի համագործակցություն: Ի դեպ, մեզանում կան ոլորտներ, որտեղ բավականին հաջող է գնում այդ համագործակցությունը, օրինակ՝ հնէաբանությունը:

Ժամանակին Ռուսաստանում նույն վիճակն էր տիրում, համարյա թե չկային միջազգային վարկանիշային համակարգերում ընդգրկված թե բուհեր, թե հանդեսներ։ 2010-ից սկսեցին գործել բազմաթիվ պետական ծրագրեր, որոնք աջակցում էին բուհերին՝ նախ և առաջ ոչ թե միացնելու ձեւով, այլ մրցութային կարգով: Օրինակ` կար այսպես կոչված «Проект 5-100», ըստ որի՝ 5 բուհ պետք է մտներ 100-ի մեջ: Մրցույթ էր հայտարարվել նպատակների համար՝ պետությունը բյուջե էր հատկացնում, այդ թվում նաեւ միջազգային համագործակցության, հանդեսների համար, խնդիր էր դրված՝ առնվազն հինգ բուհ տարվա ընթացքում մտներ հարյուրի մեջ: Հարյուրի մեջ մտնելը շատ դժվար էր, բայց գոնե 1000-ի մեջ բազմաթիվ բուհեր մտան, որովհետեւ նպատակաուղղված աշխատում էին այդ ուղղությամբ: Դրա շնորհիվ ամեն մի բուհ իր առջև ռազմավարական խնդիրներ է ուրվագծում, պետության կողմից ստանում է աջակցություն, իսկ նպատակներին հասնելու համար՝ համագործակցությունն է անհրաժեշտ, նաեւ մրցակցությունն է։ Բուհերի միացման հարցը գոյանում է միայն դեպքում, երբ բուհն ի վիճակի չէ իրագործել իր առաքելությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

«Իմ կարծիքով լավ կլիներ Հայաստանում էլ ճիշտ սահմանել խնդիրները, դրանք բացի կարգախոսներից՝ պահանջում են որոշակի ֆինանսավորում, աշխատանք եւ գիտության ու կրթության որոշակի պլանավորում, այլ ոչ թե ցուցամոլություն, ինչի ապացույցն է հենց այս բուհերի միացումը, ինչը լավագույն դեպքում միգուցե և բերելու է ցուցանիշի ձևական բարելավմանը, սակայն առանց հասկանալու՝ ինչի հաշվին և ինչի համար»,-վստահ է գիտնականը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031