Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթական ծրագրերի միջեւ մրցակցությունն այսպես վերացնում են, սահմանափակում ուսանողների իրավունքները». Գայանե Գեւորգյան

Հոկտեմբեր 19,2022 20:51

«Թվում էր, թե այս նախագծի փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո մեզ հուզող շատ հարցերի պատասխաններ կստանայինք, բայց, ավաղ, զարմացանք, հիասթափվեցինք։ Զարմացանք, որ կրթության եւ գիտության ոլորտը համակարգող նախարարությունը կարող է այնպիսի պաշտոնական փաստաթուղթ ուղարկել, որն անգամ չի համապատասխանում պաշտոնական փաստաթղթի կառուցվածքին»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Գայանե Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

 

Գայանե Գեւորգյանը նշեց․ «Հիասթափված ենք, որ բովանդակային առումով դրանում հիմնավորումներ չկան։ Դրանում ոչ պատշաճ վերաբերմունք կա նաեւ մայրենի լեզվի հանդեպ։ Սա ի՞նչ է, անհարգալից վերաբերմունք չէ՞ մեր լեզվի եւ մեր կոլեկտիվի հանդեպ։ Սխալներն այդ փաստաթղթի հիմա մանրամասն չասեմ, բայց համեմատության համար ասեմ․ մեր համալսարանում ներքին շրջանառության ենթակա ցանկացած փաստաթուղթ անպայման անցնում է կանոնակարգային հանձնաժողովով, ինչը նկատելի չէ նախարարության կողմից ուղարկված փաստաթղթի դեպքում»։

Գայանե Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ փաստաթղթի հիմնավորման հատվածում որեւէ լուրջ փաստարկ չկա․ «Բոլոր հիմնավորումներն ընդհանրական են։ Փնտրում էի վերլուծություններ, պետության կարիքների հաշվառում, բայց չկարողացա գտնել նման բաներ։ Միակ հիմնավորումն այն է, որ մեր համալսարանը մանկավարժական ուղղվածություն ունի, եւ սրա նպատակն է մանկավարժական ուղղվածության  բուհերի միավորումը։ Երեք տասնամյակ դասավանդում եմ, եւ եթե հարցնեն, առաջինը մանկավարժական ուղղվածությունը չեմ նշի։ Կարծում եմ՝ հանրության մեջ էլ այդպես է ընդունված։ Մեր համալսարանում տասնյակ կրթական ծրագրեր կան, այդ մասին ինչո՞ւ չեն գրել հիմնավորման մեջ։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ կրթական ծրագրերին։ Դրանք մնալո՞ւ են նոր ստեղծված բուհում, թե բախշվելու են այլ բուհերի վրա։ Եթե վերջինն է, ապա կունենանք ոչ թե բուհերի միավորում, այլ կազմաքանդում։ Բացի այդ, սա չի՞ նշանակում, որ կրթական ծրագրերի միջեւ մրցակցությունն այսպես վերացնում են, սահմանափակում ուսանողների իրավունքները։ Նրանք ստիպված են գնալու այն բուհերը, որոնք չեն նախընտրելու։ Զարմանալի է, որ ըստ հիմնավորման՝ միավորված բուհը պետք է մասնագիտական դասախոսակազմ ունենա։ Մենք չունե՞նք, վստահեցնում եմ, որ ունենք։ Մեր մասնագետները բարձրակարգ են եւ ճանաչված ոչ միայն ՀՀ-ում, այլեւ նրա սահմաններից դուրս, տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին»։

Ըստ տիկնոջ՝ կառավարության այս նախագիծն իրականում ցանկությունների փաստաթուղթ է, որում չկան մեխանիզմներ՝ այդ ցանկությունների իրագործման համար․ «Թղթից երեւում է, որ միավորումը բերելու է կրթական կազմակերպական նոր խնդիրներ, թեեւ մեզ վստահեցնում են, որ այդպես չէ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31