Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. Հայաստանի պարագայում ավելի հավանական է Սիրիայի սցենարը, ոչ թե Ադրբեջանի կողմից ամբողջական կլանում. «Հրապարակ»

Հունվար 25,2024 10:29
Zolyan

«Եթե այս իշխանություններին թվում էր, թե Արցախի հանձնումով կարող են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ պահպանելով ՀՀ սուվերեն տարածքը, չարաչար սխալվում են»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ ընդգծելով, որ այս սցենարին աջակցող Արեւմուտքը եւս այսօր ի վիճակի չէ ազդել Ալիեւի վրա, վերջինս ավելի մեծ նկրտումներ ունի եւ այդ պատճառով է մերժում եվրոպական հարթակները: «Իսկ թե ինչ է ուզում Ալիեւը, դա էլ շատ պարզ է, նա կյանքի է կոչում Ադրբեջանի պետական քաղաքականությունը»,- ասում է քաղաքագետը՝ վկայակոչելով 1998 թվականին հայր Ալիեւի կողմից հաստատված 5 էջանոց փաստաթուղթը՝ «Ադրբեջանի նախագահի հրամանագիրը հայերի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ» անվանումով: «Այդ փաստաթղթում պարզ շարադրված է, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, որ 200 տարի է՝ հայերն իրականացնում են ցեղասպանություն՝ չունենալով պետություն, օգտագործել են ռուսներին եւ իրենց պետությունն են կառուցել ադրբեջանական հողերի վրա։ Ալիեւը հիմա իրականացնում է Արեւմտյան Ադրբեջանի գաղափարը՝ Զանգեզուրի հարցն են բարձրացնում, Երեւանի խանության խնդիրը, որ իրենք Իրեւանի խանության իրավահաջորդն են»։

Զոլյանի կարծիքով, Իրանը, կարելի է ասել, միակ պետությունն է, որն այս պահին լուրջ խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանի պետական քաղաքականության իրականացման հարցում․ «Եվ ինչ-որ չափով նաեւ Ռուսաստանն է դեմ այդ գաղափարին, որը, սակայն, առայժմ փորձագետների մակարդակով է միայն դրսեւորում: Որ այդ բոլոր տարածքները եղել են Իրանի տարածքներ, զավթել է Ռուսաստանը, եւ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն, որ այդ տարածքներն անցնեն Թուրքիային` մոտավորապես այսպիսի կոնսենսուս կա: Այսինքն, ոչ թե մեր շահն են պահում, այլ՝ իրենց։ Թուրքիան, կամա թե ակամա, պետք է հաշվի նստի այդ իրողության հետ, եւ հիմա, տեսեք՝ ձեւավորվում է նոր «3+3» ձեւաչափ, բայց իրականում դրանք երեքն են, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ միավոր են, Վրաստանը չի մասնակցում, այսինքն՝ մոտավորապես Սիրիայի հարցով ձեւավորված ձեւաչափն է՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, եւ, փաստորեն, ադրբեջանական  ծրագրի խոչընդոտն Իրանն է, ինչ-որ չափով՝ նաեւ Ռուսաստանը, որն Ադրբեջանին օգտագործելու տնտեսական եւ քաղաքական սերտ կապեր ունի: Թուրքիան, բազմաթիվ տարաձայնություններ ունենալով Ռուսաստանի հետ, ինչ-ինչ հարցերում բոլոր դեպքերում համաձայնության է գալիս խնդիրների շուրջ, այսինքն, կարող է ոչ թե Ալիեւի գաղափարի լիակատար իրագործում լինի՝ «ազատագրել» Արեւմտյան Ադրբեջանը, այլեւ ուղղակի տրոհեն երեք պետությունների միջեւ»։

Մեր ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ Հայաստանը տրոհեն Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջե՞ւ, Զոլյանը պատասխանեց․ «Դիտարկենք Սիրիան, այնտեղ որեւէ մեկը չի ասել, որ տվյալ տարածքներն անցել են Թուրքիային, եւ կան տարածքներ, որտեղ Իրանն է, բայց կան շատ տարածքներ, որոնք հսկվում են թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի կողմից, եւ ինչ-որ տարածք, որ հենց կառավարվում է Սիրիայի կողմից, ու այդ պետությունն էլ պաշտոնապես գոյություն ունի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պարագայում ավելի հավանական է Սիրիայի սցենարը, ոչ թե Ադրբեջանի կողմից ամբողջական կլանում: Ի դեպ, Ադրբեջան ասելով նկատի ունենք Ադրբեջան եւ Թուրքիա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031