Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքը, հայկական Ղարաբաղի գոյությունը, ապա Հայաստանի ինչի՞ն է պետք Ռուսաստանը»․ Տիգրան Գրիգորյան

Ապրիլ 25,2023 18:50

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը եւս մեկ քայլ է, որը նոր հակամարտության է տանում։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս Դե Վաալը։ Ադրբեջանի այս քայլերը, ըստ Դե Վաալի, Լեռնային Ղարաբաղը ճնշելու ռազմավարություն են։

Նա հիշեցրեց, որ այստեղ գլխավոր խաղացողը Ռուսաստանի Դաշնությունն է։

Քննարկման մեկ այլ մասնակից, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով այն դիտարկումներին, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն ու գործընթացում ՌԴ-ի դերին, ասաց՝ ոչ ոք չի խոստացել լիակատար կայունություն եւ հիմնախնդրի ամբողջական լուծում․ «Ի՞նչ է, Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ վերացրե՞լ է իր նպատակը՝ լիարժեք վերահսկողություն սահմանել Ղարաբաղի նկատմամբ, տարածքային ամբողջականության վերականգնումը»։

Նա նշեց, որ Ռուսաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից զգալիորեն աճել է, քանի որ ՌԴ-ն արեւմուտքի հետ առճակատման մեջ է, ուկրաինական գործոնը կա եւ այլն․ «Չմոռանանք, որ եռակողմ հայտարարության միանշանակ մեկնաբանություն էլ չկա։ Չկա մի խորհուրդ, որը երեք կողմերի համար հեղինակություն կլինի ու բոլոր կողմերը կընդունեն նրան օրինակ երբ ասվի՝ այս կետը խախտվել է։ Ադրբեջանը միշտ փաստարկներ կբերի, ձեզ կասի՝ մենք անցակետը տեղադրել ենք, որովհետեւ կային ռազմական տեղաշարժեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայտարարության մեջ գրված է, որ սահմանազատում պիտի լինի, մենք այդ ամենն ենք անում։ Ձեզ համար փաստարկներ կգտնեն, թե ինչու այսինչ բանն այսպես չէ, հայկական կողմը չի համաձայնվի, ՌԴ-ն դադար կվերցնի»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից պահանջներ կան, բայց արեւմուտքն էլ ոչինչ չի անում․«Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ադամ Շիֆը հասնում է հաջողության Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում, եթե Մակրոնը ճանաչման հարցը դնի քննարկման, Փաշինյանը պատրա՞ստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դատելով Փաշինյանի հայտարարություններից՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ»։

Քննարկման մասնակիցներից «Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հակադարձելով Մարկեդոնովին ասաց՝ այստեղ խոսքը ՌԴ-ի՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական անկարողության մասին է, եւ հիմնարար հարցն այն է, արդյոք ՌԴ-ն պատրաստ է կատարել իր պարտավորությունները, որոնք բխում են եռակողմ հայտարարությունից․ «Եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ չէ, եթե ռուս խաղաղապահները կանգնած են կամրջի վրա, եթե կամրջի կողքին կա ռուսական կետ եւ ադրբեջանական կողմը տեղադրում է հսկիչ կետեր, ասացեք՝ ո՞րն է ռուս խաղաղապահների եւ Մակրոնի թվիթի եւ Ադամ Շիֆի բանաձեւի միջեւ տարբերությունը։ Կարծում եմ՝ չկա տարբերություն»։

Գրիգորյանի կարծիքով՝ ՌԴ-ի նման վարքագիծը կարող է լինել Հարավային Կովկասում անվտանգության ռուսական ճարտարապետության վերջի սկիզբը եւ նույնիսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը։

«Պարոն Մարկեդոնովը խոսեց Ռուսաստանի առաջնահերթություններից, այդ ամենը մենք հասկանում ենք։ Բայց այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա վաղ, թե ուշ Ռուսաստանն ընդհանրապես չի լինի Հարավային Կովկասում, որովհետեւ եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքը, հայկական Ղարաբաղի գոյությունը, ապա հարց է ծագում՝ Հայաստանի ինչին է պետք Ռուսաստանը»,-ասաց Գրիգորյանը։

Ապա անդրադառնալով Մարկեդոնովի մատնանշած Փաշինյանի հայտարարություններին, Գրիգորյանն ասաց՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է անում, հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունները․ «Այսինքն՝ եթե Փաշինյանը ոչինչ չհայտարարեր, ռուս խաղապահները կանգնեցնելո՞ւ էին Ադրբեջանի սահմանապահներին»։

Թոմաս Դե Վաալն էլ նշեց․«Այստեղ ինձ համար գլխավոր հանելուկը Ռուսաստանի անգործությունն է։ Ո՞ւմ է պետք խաղաղապահ առաքելությունը, եթե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ չկա կապ։ Սա ինձ համար գլխավոր հարցն է»։

Նա ասաց, որ արեւմուտքը որեւէ լծակ չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, արեւմուտքի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում․«Ցավոք, քչերն են ուշադրություն դարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանը խելացի քայլեր է անում, ռազմական գործողություններ չի անում, շրջափակմամբ շնչահեղձ անելու ռազմավարությունն է ընտրել։ Արեւմուտքը կարթնանա այն ժամանակ, երբ ցավոք, ուշ կլինի, երբ նոր հակամարտություն կսկսվի ղարաբաղցիների եւ ադրբեջանցիների միջեւ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930