Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյան․ «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության մասն է, որը նրանք կոչում են ինտեգրացիա»

Ապրիլ 25,2023 16:54

«Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ, իրականում, դեռ սեպտեմբերից էր դրված»,-այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, ըստ էության, ադրբեջանցիները Լաչինի միջանցքում անցակետ են դրել, իհարկե, դա անցակետ չէր անվանվում, բայց Ադրբեջանի կառավարությունը ինչ-որ մարդկանց էր ուղարկել այնտեղ, որոնք այնտեղ կանգնած՝ ում ուզում՝ թողնում էին տեղաշարժվել, ում չէին ուզում՝ չէին թողնում․ «Հիմա այդ իրավիճակի ձեւակերպումն է, այդ մարդիկ կոչվելու են Ադրբեջանի սահմանապահներ»։ Ըստ քաղաքագետի, սա միամիտ չեղավ, սա Ադրբեջանի հետեւողական ռազմավարությունն է՝ ճնշում Հայաստանի հանրապետության վրա, որպեսզի Ադրբեջանն իրեն ցանկալի արդյունքներին հասնի։

«Ադրբեջանն իրեն հասանելի բոլոր միջոցներով ճնշում է գործադրում հայկական կողմի վրա՝ նախ հայտարարում էր՝ Ղարաբաղ գոյություն չունի, հիմնախնդիրը գոյություն չունի, հիմա էլ Լեռնային բառը չի օգտագործում։ Սահմանային միջադեպերը նույնպես ճնշում են հայկական կողմի վրա»։

Քննարկման մեկ այլ բանախոս՝ «Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ հիշեցրեց՝ Ալիեւը անցակետ տեղադրելու մասին ազդարարել էր երկու ամիս առաջ, մյունխենյան հանդիպումից հետո․ «Նա հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում Հայաստանի հետ սահմանին պետք է անցակետ տեղադրվի, եւ Արցախի շրջափակումը հենց այս նպատակով էր։ Եթե հիշենք, թե Բաքուն ինչ նարատիվներ էր օգտագործում շրջափակումից առաջ եւ ինչ պահանջներ էր դնում խաղաղապահների առջեւ, ապա պարզ է դառնում, որ պահանջները նույնն են՝ ադրբեջանական անցակետ։ Ուստի անցակետի տեղադրումը Ադրբեջանի երկարաժամկետ  ռազմավարության մի մասն է, որը նրանք կոչում են ինտեգրացիա՝ նրանք  Ստեփանակերտի ներկայացուցիչներին էին հրավիրում Բաքու եւ բոլոր փորձերը՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ հնարավոր բանակցություններում որեւէ միջազգային ներգրավվածության բացառումը, այս ամենը արվում է, որպեսզի փոխեն փաստերը գետնի վրա եւ ստեղծեն նոր իրավիճակ»։

Գրիգորյանի կարծիքով՝ այս իրավիճակը եթե չփոխվի, առաջին հերթին՝ ՌԴ-ի արձագանքի մասին է խոսքը, եւ ադրբեջանական անցակետը եթե մնա այդտեղ, ապա դա կասկածի տակ կդնի անվտանգային ճարտարապետությունը, որը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, եւ հիմա նույնիսկ նոր նարատիվ է առաջ քաշում՝ Ադրբեջանի Սահմանադրությունը գերակա է բոլոր հայտարարություններից եւ պայմանավորվածություններից․ «Այսինքն, եթե Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային կետը, ապա դա կասկածի տակ է դնում մեր տարածաշրջանի այժմյան եւ հետագա բոլոր գործընթացները, որովհետեւ անիմաստ է խոսել ինչ-որ գործընթացների մասին, որոնց հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է՝ եթե առանցքային կետը Բաքուն չի կատարում»։

Գրիգորյանի կարծիքով՝ նաեւ խաղաղության պայմանագրի եւ այլ գործընթացների մասին բոլոր խոսակցությունները դառնում են անհասկանալի, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջը, որն ընդամենը երեք տարի առաջ է ստորագրվել, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ որեւէ նոր փաստաթուղթ կամ նոր գործընթաց կարող է որակապես փոխել իրավիճակը տարածաշրջանում եւ նպաստել տարածաշրջանում կայունությանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` մարդասիրական նպատակներով։

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցակետ տեղադրելու նպատակով։

Ադրբեջանը  Հակարիի կամրջի մոտ շինարարական աշխատանքներ է սկսել ու տեղեկատվական ցուցանակ տեղադրել, թե այն Ադրբեջանի տարածք է։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Հոդված 3 ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930