Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ-դժգույն «պրագմատիզմ»

Մայիս 09,2023 10:00

Թե որքանով էր նպատակահարմար «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումը՝ դրա մասին այժմ վիճելն արդեն ուշ է: Թուրքիայի վերջնագրից առաջ թեման կարող էր քննարկման առարկա դառնալ: Ինձ թվում է, 1991 թվականից հետո, երբ գոյություն ունի հայկական պետությունը, անձնական վրեժխնդրությունը մեր թշնամիների նկատմամբ այլեւս արդիական չէ, եւ ավելին՝ մերժելի:

Մյուս կողմից՝ ազգային զգացմունքների համընդհանուր բթացման պայմաններում մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, պետք է հիշեցնել, որ կյանքի իմաստը «լավ ապրելու» եւ ուտել-խմելու մեջ չէ, որ կային եւ կան նվիրյալներ, որոնք առաջնորդվում են այլ արժեքներով: Որ, ի հեճուկս պաշտոնական պնդումների, մենք բանակ ունեցել ենք, եւ այդ բանակը ստեղծվել էր նման նվիրյալների ջանքերով: Հիշեցնել հուշարձանների՞, թե՞ այլ միջոցներով՝ դրա մասին պետք է մտածել հետագայում:

Բայց ոչ հիմա, երբ Թուրքիան որոշել է մեզ հերթական անգամ նվաստացնել՝ հուշարձանի ապամոնտաժումը պահանջելով եւ օդային տարածքի փակմամբ շանտաժելով: Ես վստահ եմ, որ Թուրքիան ի սկզբանե մտադիր չէր բարելավել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Իսկ մեզ համար նվաստացուցիչ շանտաժի համար պատրվակներ միշտ էլ կգտնվեն:

Ենթադրենք, որ մեր իշխանությունը որոշում է ընդառաջ գնալ թուրքերի պահանջին եւ ապամոնտաժել հուշարձանը (գուցեեւ անեն, եթե Թուրքիայի անբարյացակամությունից ավելի շատ են վախենում, քան հայաստանյան հասարակական կարծիքից): Արդյո՞ք այդ հերթական ազգային ստորացումը զուտ պրագմատիկ առումով ինչ-որ օգուտ է բերելու: Բնականաբար՝ ոչ: Թուրքիան մի երկու շաբաթով կբացի օդային տարածքը, բայց հետո դարձյալ նոր պահանջ կդնի, որը չկատարելու դեպքում նորից կփակի: Ադրբեջանը տասնյակից ավելի պահանջ է դրել մեր առջեւ, դրանցից մեկը Թուրքիան կարող է վերցնել եւ դրա հիման վրա նորից փակել օդային տարածքը:

Հետաքրքիր է, իհարկե, Հայաստանի իշխանության կեցվածքը: Նրանք գրեթե ներողություն են խնդրում թուրքերից, որ մենք դեռ հիշում ենք Ցեղասպանության մասին:

Այսօր նշվում է Հաղթանակի օրը, որն առաջ համատեղում էր Մեծ հայրենականում հաղթանակը եւ 1992 թվականին Շուշիի ազատագրումը: Հասկանալի է, որ հաշվի առնելով այն տրամադրությունները, որոնք գոյություն ունեն մեր հասարակության մեջ, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների կեցվածքը, «դժբախտ, դժգույն քաղաքի» ազատագրման տոնը, մեղմ ասած, վերաիմաստավորվում է: Եթե իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ մինչեւ 2018 թվականը մենք հայկական բանակ չենք ունեցել, դա ինքնին նշանակում է, որ այդ չեղած բանակը չէր կարող հաղթանակներ կրել: Անցյալի այդ մերժումն ունի երկու նպատակ: Նախ՝ պատմությունը ներկայացնել այնպես, որ այն, ըստ էության, սկսվել է 2018 թվականից, իսկ մինչ այդ երկիրը սուզված էր անօրինականության եւ կոռուպցիայի խավարի մեջ: Երկրորդ՝ առանձնապես չգրգռել նույն թուրքերին եւ ադրբեջանցիներին՝ մեր նախորդ հաղթանակների մասին հիշատակումներով եւ ներկայանալ հնարավորինս խեղճացած տեսքով՝ բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով: Երկուսուկես տարի իրականացվող այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի բերել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես միշտ ասել եմ,որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք չպիտի ունենանք ոչ մի դիվանագիտական հարաբերություն, իրանք մեզ համար չկան,մենք՝ իրանց համար։

  2. Հ.Շ. says:

    . Ես դժուարութիւն ունիմ հաւատալու որ այդ յուշարձանի բացումը տեղի ունեցաւ «գաղտնագողի», բացառապէս քաղաքապետարանին նախաձեռնութեամբ, առանց որ դրանից նախապէս տեղեակ լինէր կառավարութիւնը: Մանաւանդ որ այդ բացումը կատարողը, ոեւէ իմքայլական մը չէր:

    Խաղ մը խաղում են, որ – գոնէ ինծի համար – շատ դժուար է հասկանալը:

    . Իսկ թէ որ՝ երբ գոյութիւնը ունի հայկական պետութիւնը, պէտք չէ որ տեղի ունենան այլ մակարդակի յարձակումներ թշնամի պետութեան դէմ, վիճելի հաստատում է:

    Այսինքն, եթէ հայկական պետութիւնը հրաժարի Հայկական Հարցը հետապնդելէ, վե՞րջ: Պիթթի՞: Մնացեալ բոլոր հայերս պէտք է որ հրաժարինք մեր ազգային-գաղափարական ամէնաէական ձգտումների՞ց:

    Հայերի իւրայատուկ պարագային, հարկաւոր է զանազանել՝ քաղաքացիութիւնը, ազգութիւնից: Թէ ոչ, կը նշանակէ որ աշխարհի տարածքին մի քանի միլիոն հայ ծագումով անձերի վրայ՝ պէտք է վերջնականապէս գիծ քաշել:

    . Ի դէպ, «Նեմեսիս» գործողութեան հիմնական կազմակերպիչներէն մէկը, դրանից մի քանին տարիներ առաջ, Հայաստանի Հանրապետութեան դեսպանը եղած էր: Այդ ալ՝ ԱՄՆում:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Լավատես says:

    Մեր ազգի նախկին ու ներկա հերոսներին Փառք ու պատիվ: Արժանի լինենք մեր հերոսներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031