Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած անզգույշ խոսք կարող է հանգեցնել ապակառուցողականության»․ ՌԴ փոխնախարարը՝ հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ

Սեպտեմբեր 08,2023 16:14

«Չպետք է մոռանանք, որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանությունն են։ Բայց ցանկացած իշխանություն նաև առաջին հերթին պատասխանատվություն է»,- Հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ հայտարարեց ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերկեսովան։

Նա հորդորեց զգուշորեն վերաբերվել խոսքին, քանի որ ցանկացած անզգույշ խոսք կարող է հանգեցնել ապակառուցողականության։ Խոսելով ռուս հասարակության շրջանում նկատվող միտումների մասին՝ նա ասաց․ «Ռուս հասարակության մոտ նկատվում է առավել մեծ հետաքրքրություն նորությունների և լրատվական բովանդակության նկատմամբ»։

Նախարարի տեղակալն ահազանգեց, որ ամբողջ աշխարհում միակողմանի մոտեցում կա ռուս լրագրողների նկատմամբ, բայց մյուս կողմից վստահեցրեց՝ դա իրենց դարձնում է ավելի ուժեղ, պինդ ու ճկուն։ Նա հավաստիացրեց՝ բաց են հայ լրագրողների հետ համագործակցության համար։

Ըստ Բելլա Չերկեսովայի ներկայացրած տվյալների՝ ռուս հասարակության շրջանում միջին օրական ներգրավվածությունը համացանցում 80 տոկոս է, հասարակության 67 տոկոսն օգտվում է սոցցանցերից, գնալով աճում է մեդիաբովանդակության պահանջարկը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ ողջույնի խոսքում ասաց․ «ՀՀ-ն ու ՌԴ-ի այսօր դժվար ժամանակներ են ապրում։ Դա չէր կարող նաև չարտացոլվել երկկողմ հարաբերությունների վրա։ Ուստի լրատվամիջոցների վրա կարևոր առաքելություն է դրված ուսումնասիրել, վերհանել խնդիրներն ու առաջարկել լուծման ճանապարհներ։ Եվ այս հարցում ամենաարդյունավետ միջոցը համատեղ քննարկումն է, որը մենք այսօր անցկացնելու ենք»։

Նշենք, որ Հայ-ռուսական մեդիաֆորումի շրջանակներում կանցկացվեն պանելային քննարկումներ, որոնց կմասնակցեն հայ և ռուս մասնագետներ, հասարակական գործիչներ։ Քննարկումների ավարտին կկնքվի համագործակցության հուշագիր։

«Մեդիայի ազդեցությունը/նշանակությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Փաստերի ու կարծիքների միաձուլումը որպես լրագրության մարտահրավեր» թեմայով պանելային քննարկման ժամանակ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն օգտագործեց «պոստ-ճշմարտություն» եզրույթը, որը քննարկման դաշտ բացեց։ Անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին՝ նա ասաց․ «Շատ լրատվամիջոցներ այսօր իրենց առաքելությունը ոչ թե տեսնում են լուրերի տարածման գործում, այլ նարատիվների։ Սա է պատճառը, որ շատ դեպքերում մենք տեսնում ենք փաստերի և մեկնաբանությունների միախառնում։ Մարտահրավեր է նաև այն, որ կոնկրետ տեքստը, որը տարածվում է ԶԼՄ-ներով, հաճախ կարող է այլ իմաստ ձեռքբերել։ Սրա պատճառն ընդհանուր տեղեկատվական դաշտն է, որն ունի շատ մանիպուլյատիվ մարտահրավերներ»։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ առնչվում ենք երկու զուգահեռ իրականության հետ․ «Մեկը մեդիայի իրականությունն է, մյուսը, որը գոյություն ունի իրական կյանքում։ Այս երկու իրականությունները բախվում են, և հասկանալի չէ, թե որն է ավելի գերիշխող»։

«Գազպրոմ–Մեդիա Ռադիո» ՍՊԸ–ի  նախագահ Յուրի Կոստինը վստահեցրեց՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն լավ հիմք ունեն համագործակցության համար․ «Դա միայն մասնագիտական դաշտը չէ, այլ ընդհանուր պատմությունը, դաստիարակությունը, միասնական մշակութային տարածքը։ Այն մեր երկու երկրիների, ազգերի միջև ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում։ Մենք լավ հիմք ունենք, որը թույլ է տալիս ոչ միայն մեդիաբովանդակություն ստեղծել, այլև այնպիսի նախագծեր անել, որոնք կարող են տնտեսապես շահավետ լինել։ Պետք է ստեղծել հավակնոտ, մեծ մասսայականություն վայելող լավ նախագծեր, որոնք երիտասարդներին կհետաքրքրեն։ Այդ դեպքում միայն կարող ենք արդյունավետություն տեսնել։ Կարևորն այն է, որ երկու երկրները պահպանեն փոխադարձ հասկացվածությունը»։ Յուրի Կոստինը հիշեցրեց «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագիծը և ասաց, որ կարող են նաև տարբեր այլ համատեղ ծրագրեր իրականացվել»։

Խոսելով տեղեկատվական պատերազմների մասին՝ Յուրի Կոստինն ասաց․ «Մեդիա հարթակում իրականացվում են անգութ պատերազմներ, որոնք շատ արագ փոխում են մարդկանց գիտակցությունը՝ հատկապես երիտասարդների։ Ուստի այնպես պիտի անենք, որ հետո չզղջանք։ Մեդիան խաղալիք չէ, այլ լուրջ պատասխանատվություն ունի ապագա սերունդների առաջ այն առումով, թե որքան բարիդրացիական կլինեն հարաբերությունները այս երկու երկրների միջև, որոնք պատմության բերմամբ պետք է խաղաղության, եղբայրական փոխադարձ օգնության մթնոլորտում լինեն։ Երևանում տեսնում եմ, թե ինչ ժպիտով են շրջում ռուսները, ռուսերենն այստեղ կարծես մայրենի լեզու լինի։ Կուզեի միշտ այս իրավիճակը տեսնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930