Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգում է մաշկի, սրտի, լյարդի առողջության համար․ չիչխանի յուղի այս և այլ օգտակար հատկությունները

Հոկտեմբեր 06,2023 09:30

Գետերի ու առուների հովիտներում, խոնավ վայրերում աճող այս բույսի օգտակար հատկությունների մասին մարդիկ գիտեին հազարամյակներ առաջ և բուժիչ նպատակներով օգտագործում էին բույսի թե՛ պտուղները, թե՛ տերևները և՛ թե տերևներից, պտուղներից ու կորիզներից ստացված յուղը, որի առավելություններն առողջության համար այսօր արդեն հաստատված են ապացուցողական բժշկության կողմից։

1. Չիչխանը հարուստ է սննդանյութերով

Չիչխանը հարուստ է տարբեր վիտամիններով, հանքանյութերով և բուսական միացություններով։ Այն հակաօքսիդանտների, А, С, К և Е վիտամինների, երկաթի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի, պղնձի և ցինկի լավ աղբյուր է։

Չիչխանի սերմերն ու տերևները հարուստ են բուսական միացություններ հանդիսացող ֆիտոստերոլներով, որոնք մի շարք առավելություններ ունեն, օրինակ՝ արգելակում են սննդից խոլեսթերինի ներծծումն օրգանիզմի մեջ՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։

Չիչխանի յուղը պարունակում է մեծ քանակությամբ պալմիտոլեինային թթու, որն առկա է նաև մարդու մաշկի բաղադրությունում․ ահա թե ինչու է համարվում, որ չիչխանի յուղն արագացնում է վերքերի լավացումն ու հոգում մաշկի առողջության մասին։

Չիչխանի յուղը այն սակավաթիվ բուսական ծագման մթերքներից է, որը պարունակում է օմեգա ճարպաթթուների բոլոր 4 տեսակները։

2. Հոգում է մաշկի առողջության մասին

Չիչխանի յուղը դարերով օգտագործվել է որպես մաշկի խնամքի ավանդական միջոց։ Չհագեցած ճարպաթթուները, հակաօքսիդանտները, ֆիտոստերինները, կարոտինոիդներն ու Е, К վիտամինները պաշտպանում են մաշկի ամբողջականությունն ու խթանում վերջինիս թարմացումը։ Պալմիտոլեինային թթվից զատ չիչխանի յուղը լինոլաթթվի, օմեգա-6 ճարպաթթվի լավ աղբյուր է, իսկ այս ճարպաթթուները մարդու մաշկի բաղադրության մաս են կազմում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ լինոլաթթուն կարող է նվազեցնել պզուկները, փսորիազը, պաշտպանել մաշկը չորությունից ու թեփոտվածությունից։

Դրանից բացի, չիչխանի յուղի միացությունները պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցություններից։ Եվ զարմանալի չէ, որ չիչխանը հաճախ ավելացնում են ծերացման գործընթացն ու կնճիռների առաջացումը դանդաղեցնող միջոցների կազմում։ Չիչխանը նաև տարածված բաղադրամաս է չոր, գրգռված, թեփոտվող մաշկի համար նախատեսված միջոցների կազմում։

3.Նպաստում է սրտի առողջության պահպանմանը

Չիչխանի յուղը հոգում է սրտի առողջության մասին մի քանի եղանակներով։ Առաջին հերթին այն հարուստ է ֆիտոստերիններով․ այս բուսական միացությունները հակաօքսիդանտային ու հակաբորբոքային գործառույթներով են օժտված և պաշտպանում են օրգանիզմը վնասվածքներից ու հիվանդություններից, այդ թվում՝ սրտի։ Այդ միացությունները կանխարգելում է խոլեսթերինային կուտակումներն արյունատար անոթներում ու զարկերակներում։

Այս ամենից բացի, չիչխանի յուղը կվերցետին հակաօքսիդանտի հարուստ աղբյուր է, որն ուղղակիորեն կապված էսրտի հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ։

4. Կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Կենդանիների վրա իրականացված հետազոտություններով պարզվել է, որ չիչխանի յուղը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը ինսուլինի արտազատումն ավելացնելու և դրա նկատմամբ բջիջների զգայունակությունը բարձրացնելու ճանապարհով։

5. Ամրապնդում է իմունային համակարգը

Չիչխանի յուղն օգնում է պաշտպանվել վարակներից։ Փորձագետներն այդ ազդեցությունը բացատրում են յուղի կազմում առկա մեծաքանակ ֆլավոնոիդներով ու հակաօքսիդանտներով։

6. Խթանում է լյարդի առողջությունը

Օգտակար ճարպաթթուները, վիտամին E-ն ու կարոտինոիդները պաշտպանում են լյարդի բջիջները վնասվածքներից։

7. Կարող է գործել հակաքաղցկեղային ազդեցություն

Ֆլավոնոիդներն ու հակաօքսիդանտները նաև որոշակի հակաքաղցկեղային ազդեցություն ունեն։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ չիչխանի մզվածքները կարող են կանխել քաղցկեղի բջիջների տարածումը, ինչպես նաև պաշտպանել առողջ բջիջները քաղցկեղի բուժման համար կիրառվող ճառագայթային թերապիայի ազդեցությունից։

Այլ պոտենցիալ առավելություններ

8. Նպաստում է մարսողության բարելավմանը․ կենդանիների վրա իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չիչխանի յուղը նպաստում է ստամոքսի խոցի կանխարգելմանն ու բուժմանը։
9. Կարող է թեթևացնել դաշտանադադարի ախտանշանները։
10. Աչքերը պաշտպանում է չորությունից․ մի հետազոտությամբ պարզվել է, որ չիչխանի ամենօրյա ընդունումը նվազեցնում է աչքերի չորությունը, կարմրածությունն ու այրոցի զգացումը։
11. Բարելավում է մազերի արտաքին տեսքը՝ վերականգնելով դրանց էլաստիկությունն ու պաշտպանելով վնասվածքներից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031