Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնց․ Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը հաշիվներ են մաքրում իրար հետ․ «Առերեսում»

Հոկտեմբեր 07,2023 10:30

Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն։ Ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ այս պահին նույնպես չեն ճանաչում, որ Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում ու ցեղասպանություն է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է․ «Ցեղասպանության կամ էթնիկ զտման վերաբերյալ պնդումները պետք է հիմնված լինեն հստակ, փաստահեն գործընթացի վրա։ Ես չեմ կարող դրա մասին խոսել …, քանի դեռ դա վերջնական չէ»։ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական թերթիկի մեջ էլ գրված է․ «Օգնություն տրամադրում ենք նրանց, որ կամավոր լքել են շրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, որ որոշել են մնալ»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Արարատյան ալյանս» ինստիտուտի համակարգող, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հարցին, թե ինչու է միջազգային հանրությունը չի ցանկանում կատարվածն իր անունով կոչել՝ նշեց․ «Արմատների արմատն է՝ այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից, իսկ դա ԱԺ ամբիոնն է՝ հայտարարվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, ճանաչելու պատրաստակամության մասին, դրանից հետո այս կամ այն երկրում կամ միջազգային կազմակերպությունում դիրքորոշումն Արցախի եւ այդ օրակարգի նկատմամբ կտրականապես փոխվեց»։ Հիշեցրեց, որ անգամ Ադրբեջանի հարձակումից հետո հնչեց հետագայում ՄԱԿ–ում հակառակորդի կողմից շահարկված արձագանք, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»․ «Ուրիշները մեր տեղն ի՞նչ պիտի անեն»։

«Ցավոք, այսօր Հայաստանում չկա այն ուժը եւ դիվանագիտական այն ինտելեկտը, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը առավելագույնս օգտագործվի Հայաստանի օգտին, կամ Հայաստանը տեղ ունենա այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում,– գնահատեց Ավետ Ադոնցը, որը հիշեցնենք՝ 1992–ից 2021–ը ԱԳՆ համակարգում էր՝ տարբեր ժամանակներում աշխատելով որպես Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Իսպանիայում ՀՀ դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ այլն։– Մենք դարձել ենք հարթակ, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը հաշիվներ են մաքրում իրար հետ»։

Նա անդրադարձավ նաեւ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը Հայաստանի կողմից վավերացմանը․ «Հաշվի առնելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող ռիսկերը, որոնց մենք առերեսվում ենք ամեն օր՝ թվում է, թե առողջ տրամաբանությունը պիտի թելադրեր, որ պիտի աշխատենք ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ի՞նչ ենք անում մենք։ Մենք էլ ավելի ենք ավելացնում այդ ռիսկերը։ Այսինքն՝ պարզ է, որ Հռոմի ստատուտի վավերացումը, որքան էլ ԱԺ–ն կամ իշխանության ներկայացուցիչները հիմնավորեն ու փորձեն բացատրել, թե որեւէ հակառուսական ուղղվածություն չունի՝ իրենք էլ շատ լավ գիտեն, որ դա չի անցնի։ Հռոմի ստատուտի պատճառով ՌԴ ներկայացուցիչները շատ երկրներ չեն կարող այցելել։ Այդ այցելություններն էլ հեչ։ Այնուամենայնիվ՝ իրականացնում ենք մի շատ ընդգծված, Արեւմուտքի համար մի շատ «յուղոտ» հակառուսական քայլ, որն Արեւմուտքը ողջունում է։ Վերջին 1-1,5 տարվա ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ՝ գերմանացի տիկնոջ Ֆոն դեր Լայենի առաջին հայտարարությունն էր Հայաստանի եւ տարածաշրջանի մասին․․․ Մինչեւ այդ՝ այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան՝ թե պատերազմը, թե ինքնիշխանության խնդիրը, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է՝ դրա մասին լռում են, բայց որ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ միանգամից ողջունվեց։

Դրա համար եմ ասում՝ Եվրոպան ու Ռուսաստանն իրար հետ հաշիվ են մաքրում այստեղ։ Մենք չպետք է դա թույլ տանք՝ դա միայն ու միայն ի վնաս մեզ է։ Դրա առաջին պրակտիկ օրինակը Ղարաբաղի հանձնումն էր եւ հայաթափումը»։

Ավետ Ադոնցի զրուցակցի՝ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի տեսակետներից հատվածներ կարդացեք այստեղ

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031