Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ զավակները Հայաստանում են սովորել, իսկ որդիս հրաժարվել է տարկետումից ու մեկնել ժամկետային ծառայության». Վահրամ Դումանյան

Հոկտեմբեր 19,2023 19:22

Aravot.am-ը ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, երբ կրթության նախարարների զավակները կրթություն են ստանում ոչ թե հայրենիքում, այլ արտասահմանում: Նաեւ հարցրինք՝ նախարար եղած ժամանակ իր զավակներն արդյոք չե՞ն ցանկացել դրսում կրթություն ստանալ:

«Մեր երեխաները շատ հասուն են եւ այնքան ինֆորմացիայի են տիրապետում աշխարհում ընթացող կրթական եւ ոչ միայն կրթական հարցերի վերաբերյալ, իրենք տարբեր ընտրություն են կատարում՝ մեկը դրսում, մյուսը Հայաստանում սովորելու առումով: Ինչ վերաբերվում է իմ երեխաներին, նրանք երկուսն էլ սովորել են հայաստանյան բուհերում: Ավելին, իմ որդին նույնիսկ գերազանց առաջադիմությամբ սովորելով եւ տարկետման իրավունք ունենալով հանդերձ՝ կամավոր հրաժարվել է տարկետումից եւ 2020թ հունվարին մեկնել ժամկետային ծառայության:

Իհարկե, մենք չէինք կարծում, որ պատերազմ կսկսվի; Բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ հայտնվեցինք պատերազմի դաշտում, եւ առաջին վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը որդիս մասնակցեց պատերազմին: Ինչ վերաբերում է դստերս, նա սովորել է Հայաստանում, բակալավրիատը Հայաստանի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ԵՊՀ-ում՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա: Խնդիրն այն չէ, թե ով որտեղ է սովորում»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Ապա մանրամասնեց. «Ես բազմիցս ասել եմ, որ մեր բարձրագույն կրթական համակարգը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ բոլոր մասնագիտությունների գծով է այդպես: Բուհերում կան մասնագիտություններ, որտեղ առայժմ բարվոք է վիճակը, չնայած խնդիրները շատ-շատ են: Համար մեկ խնդիրն էլ երիտասարդ դասախոսների բացակայությունն է: Միաժամանակ կան մասնագիտություններ, որոնք իրոք ճգնաժամային վիճակում են,  ուսուցման առումով որոշակիորեն ձեւական բնույթ են կրում, մեղմ ասած՝ այնքան էլ չեն համապատասխանում միջազգային մակարդակին, եւ յուրաքանչյուր շրջանավարտ, եթե այդ մասնագիտությունների մասին է խոսքը, կարող է գնալ եւ սովորել ցանկացած վայրում:

Ի դեպ, կան հրաշալի ուսանողներ, որոնք ուզում են սովորել Հայաստանում, օրինակ՝ հենց մեր մասնագիտության՝ բարձր տեխնոլոգիաների գծով, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն Զինապարտության մասին օրենքի պատճառով, ստիպված են ընդունվել արտասահմանյան բուհեր:

Երբ 2017թ Զինապարտության մասին օրենքով բոլորին համատարած զորակոչեցինք բանակ, կային երեխաներ, որոնց անձամբ եմ ճանաչում, ստիպված դիմեցին արտասահմանյան բուհեր, ստիպված՝ կրթության անընդհատությունն ապահովելու համար, որպեսզի սովորեն, դառնան լավ մասնագետներ: Քանի որ այդտեղ խնդիր կար, իմ՝ նախարարության օրոք վարչապետի անմիջական աջակցությամբ, Զինապարտության մասին օրենքում փոփոխություն իրականացրինք, որ որոշ մասնագիտությունների գծով պետությունը կարող է տալ տարկետում: Դրանով բուհական առկա ճգնաժամի որոշակի լուծում էինք ուզում տեսնել, որպեսզի գոնե լավագույն շրջանավարտները մոտիվացիա ունենային, մնային եւ դասավանդեին բուհերում, փոխանցեին հաջորդ սերնդին իրենց ստացած գիտելիքները: Մոտիվացիան այն պիտի լիներ, պետք է հայրենիքին ծառայեին լսարանում, քանի որ երիտասարդ որակյալ կադրերի բացարձակ դեֆիցիտ է այսօր այդ մասնագետները ունեն լուրջ առաջարկներ շատ բարձր վարձատրվող աշխատանքների՝ տարբեր ընկերություններում՝ թե մեր երկրում, թե մեր երկրի սահմաններից դուրս»:

ԿԳՄՍ նախկին նախարարը փաստում է, որ օրենքի փոփոխությամբ նպատակ էր դրվել լուծել ապագա դասախոսների խնդիրը, սակայն այս տարի ուրիշ պատկեր ենք ունեցել՝ դիմորդների խնդիրն է լուծվել. «Արդյունքում որոշ մասնագիտությունների գծով ցածր միավորներով դիմորդներ են բուհեր ընդունվել, ցավում եմ, որ դիմումները քիմիայի, ֆիզիկայի գծով քիչ են եղել, բայց տարկետում տալով՝ դիմորդ ապահովելը սխալ քաղաքականություն է: Չի կարելի բանակի, պետության ռեսուրսը ծախսել այն բանի համար, ինչ է թե մի քանի հոգի ավել միջակ առաջադիմությամբ բուհ ընդունվի: Դա չի բխում մեր պետության, բարձագույն կրթության եւ գիտության շահերից:

Ընդ որում, այն ուղղություններին, որոնք մրցակցային էին, եւ որոնց համար այդ փոփոխություն արվել էր, չի տրվել տարկետում: Եվ ստիպված, այն երեխաները, որոնք շատ լավն են եւ շատ կուզենային սովորել ԵՊՀ-ում եւ մնաք հայրենիքում, գնացին դուրս: Կոպիտ ասած, մենք ամեն ինչ անում ենք, որ լավ երեխաները գնան դուրս:

Նորից վերադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ անխոս կան որոշ մասնագիտություններ, որ դրսում սովորելն արդարացված է, բայց ցավոք սրտի նաեւ ստիպված են գնում, թեեւ այստեղ էլ կարող էին որակյալ կրթություն ստանալ որոշ մասնագիտությունների: Մի խոսքով. հարցը բազմաշերտ է, եւ մեկն նախադասությամբ պատասխանելը՝ դուրս գնալը ճիշտ է, թե սխալ, ճիշտ չի լինի»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031