Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արգելել էր 50 մետր հեռավորությունից ավելի մոտենալ կնոջը

Նոյեմբեր 11,2023 13:00

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի հերթական դիրքորոշումը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու միջոցներից բացի, մյուս երրորդ միջոցի՝ «Պաշտպանական որոշման» առումով դատական կարգով բողոքարկում օրենքով ուղղակիորեն չի նախատեսել։ Պաշտպանական որոշման բողոքարկում նախատեսված չէ նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 31-ից:

Ըստ օրենքի՝ «Անհետաձգելի միջամտության որոշման» մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը եւ մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաեւ այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաեւ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում եւ դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում»:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը երկու օր առաջ տեղեկացրեց, որ թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով Կարինե Հ.-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման մասին առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությանը, արձանագրել է, որ օրենքի համապատասխան իրավակարգավորումներով օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է, որ ինչպես «Նախազգուշացում կիրառելու մասին» որոշումը, այնպես էլ «Անհետաձգելի միջամտության որոշումը» կարող են բողոքարկվել եւ վերադասության, եւ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել էր. «Եթե վերաքննության կարգով բողոքարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կայացրած՝ օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման»։

Անդրադառնանք այն գործին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նման դիրքորոշում ձեւավորեց:

Այս տարվա նոյեմբերի 1-ին գրավոր ընթացակարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը քննեց Կարինե Հ.-ի բողոքը վերաքննիչ դատարանի այս տարվա հուլիսի 14-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ, ըստ հայցի՝ Կարինե Հ.-ն ընդդեմ Ալեքսանդր Ս.-ի՝ «Պաշտպանական որոշում կայացնելու պահանջի» մասին:

Հայցվորը պահանջել էր կայացնել պաշտպանական որոշում, Ալեքսանդր Ս.-ի նկատմամբ 6 ամիս ժամկետով կիրառել հետեւյալ սահմանափակումները. արգելել Ալեքսանդրին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինեին, վերջինիս խնամքի տակ գտնվող անչափահաս որդուն, արգելել 50 մետր հեռավորությունից ավելի մոտենալ կնոջը, խնամքին գտնվող անչափահաս երեխային, արգելել հեռախոսային, նամակագրական, կապի այլ միջոցներով հաղորդակցվել Կարինեի հետ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այս տարվա հունիսին հայցը բավարարել էր մասնակի, 6 ամիս ժամկետով կիրառել էր հետեւյալ սահմանափակումները. արգելել էր Ալեքսանդրին այցելել իր հետ չբնակվող կնոջը, անչափահաս երեխային, ուր էլ որ գտնվեին, տեղաշարժվեին, արգելել էր 50 մետր հեռավորությունից ավելի մոտենալ հայցվոր կնոջը, նամակագրական, կապի միջոցներով հաղորդակցվել Կարինեի հետ:

Ինչպես նկատեցիք, երեխայի մասով դատարանը որեւէ պաշտպանության միջոց չէր ձեռնարկել: Այս մասով հայցը մերժվել էր: Նշեմ, որ օրենքով սահմանված է. «Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ»:

Վերաքննիչ դատարանը, որի որոշումը բողոքարկվում էր Վճռաբեկ ատյանում, բողոքն ընդհանրապես չէր ընդունել, մերժել էր բողոքի ընդունումը:

Այսինքն, ըստ էության, վերաքննիչ դատարանը խախտել էր գործող Սահմանադրության 61, 63 հոդվածները, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածներ, ինչպես նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը: Բողոքաբեր կողմը պահանջում էր վերացնել վերաքննիչ դատարանի հուլիսյան որոշումը:

Վճռաբեկ դատարանը հղումներ էր կատարել Սահմանադրական դատարանի մի քանի որոշումների, որում նշված էր արդարադատության մատչելիության, արդար եւ արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրների մասին:

ՍԴ որոշումներից մեկով, որին հղում էր կատարել Վճռաբեկ ատյանը, արձանագրվել էր. «Վերաքննիչ, վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ եւ անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք եւ՝ պարտականություն»:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված որոշմանը, արձանագրել է, որ ԱԺ-ն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը համարել է որպես «Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործեր», իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել է «Պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի վարույթը» վերնագիրը կրող 27.1-րդ գլխով: Իսկ այդ լրացմամբ, որեւէ իրավակարգավորում չի նախատեսվել դատական կարգով պաշտպանական որոշման բողոքարկման կարգի վերաբերյալ»:

Ըստ Վճռաբեկ դատարանի, եթե վերաքննության կարգով քննվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը, ապա այն ենթակա է մերժման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն…

Վճռաբեկ դատարանը մերժեց Կարինե Հ.-ի բողոքը, վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ, սակայն արձանագրեց. «Հիմնավոր էր այս բողոքի ընդունումը: Նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում, վերոնշյալ նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. –Պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Օրենքի ութերորդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն:

«Առավոտ» օրաթերթ
10.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930