Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հրազդանում շներին կրակել են, սպանել առանձնակի դաժանությամբ»․ կենդանասերները անշնչացած շանը բերել էին դատախազության շենքի մոտ

Դեկտեմբեր 08,2023 16:32

Երեկ Հրազդանում անհայտ անձինք կրակել են թափառող շների վրա, որոնցից վեցը տեղում անշնչացել են։ Շներից մեկին կենդանասերներից մեկը տեղափոխել է անասնաբուժական կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Անշնչացած այս շանը կենդանասերներն այսօր բերել էին գլխավոր դատախազության շենքի մոտ, ինչպես նաեւ իրենց հետ էին բերել այն փամփուշտները, որը հանվել է շան գլխից։ Նրանք բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով բացահայտել շների սպանդն իրականացնողներին։

Մարի Տեր-Անտոնյան

«Ռենտգենից պարզվել է, որ առանձնակի դաժանությամբ են կրակել ու բազմաթիվ անգամներ են կրակել են, շան ամբողջ գլուխը շեշմաներ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կենսաբազմազանության պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Տեր-Անտոնյանը։

Նա ասաց, որ դատախազության շենքի մոտ են ցույց անում, քանի որ ուզում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջապես ուշադրություն դարձի խնդրին․ «Սա առաջին դեպքը չէ։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք գրել, հաղորդումներ տվել, դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, թե վարույթ է նախաձեռնվել, քննություն է իրականացվում։ Մեզ համար դա շատ քիչ է, որովհետեւ նման վարույթներ նախաձեռնվել են բազմաթիվ անգամներ, բայց հանցագործները պատասխանատվություն չեն կրել։ Զգուշացրել էինք՝ եթե համապատասխան արձագանք չլինի, օրենք ու վերահսկողություն չլինի, տվյալ կենդանիների մարմիները բերելու ենք իրենց դռան առջեւ։ Այսօր այդ քայլը արել ենք։ Աննա Վարդապետյանը թող իջնի ու տեսնի»։

Տեր-Անտոնյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն, այլ պետական կառույցները թքած ունեն խնդրի եւ դրանց լուծման վերաբերյալ առաջարկների վրա, քանի որ որեւէ գործողություն չի իրականացվում․ «Եղել են միայն դատարկ խոստումներ պատգամավոր Լենա Նազարյանի գլխավորությամբ։ Նա պարտավոր էր անցած տարի իր խոստմանը համաձայն՝ կենդանիների բարեկեցության մասին օրենքը բերել ԱԺ, որը ներառում է ամբողջական լուծում՝ կենդանիների հաշվառում, ՀՀ ամբողջ տարածքում կայուն ստերջացման ծրագրի ներդրում, ապաստարաններ։ Խոսքը պարբերաբար մրցույթներ հայտարարելու մասին չէ կամ կիսատ ստերջացման, այն էլ Երեւանում։ Դա քիչ է։ Պետք է լինեն պետական կացարաններ այն կենդանիների համար, որոնք չեն կարողանում ապրել դրսում, խնդիրը պետք է լուծվի կայուն ստերջացման միջոցով եւ միջազգային համագործակցությամբ»։

Նշենք, որ օրերս Սուրենավանում թափառող շները դպրոց գնացող երեխաների վրա հետեւից են վազել, որի հետեւանքով 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, նա ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետեւանքով մահացել է:

Սուրենավանի դեպքին հաջորդել է Հրազդանում շների սպանդը։


Այսօր ցույցի մասնակիցներն անդրադառնալով Սուրենավանի դեպքին, ասացին․ «Դպրոցի կողքը աղբակույտ է, որը կենդանիների համար սննդի աղբյուր է, կենդանիները հավաքվում են դպրոցի մոտ»։

Նրանք ասացին, որ Հրազդանում չկա շների ստերջացման ծրագիր, ընդ որում, ինչպես ասաց ցույցի մասնակիցներից Հրանտ Դավոյանը, Հրազդանը հայտնի է դաժանությամբ, եւ սա կանխամտածված սպանություն է։

«Որեւէ մեկը չի կարող բացատրել այն հանգամանքը, որ ոմն մեկը դուրս է գալիս՝ փողոցում խախտում հասարակական կարգը, հարց է՝ զենքը օրինական է, թե՝ ոչ, կրակում են աջուձախ։ Ես ոնց հասկանում եմ՝ դուք ուզում եք հասցնել նրան, որպեսզի անձնական հաշվեհարդար տեղի ունենա, որ վերջապես հարցին լուծում տրվի։ Կհասնենք կառավարության շենք, դեսպանատներին կդիմենք, խայտառակ կանենք Հայաստանի այս վիճակը, որպեսզի միջազգային հարթակներում երեւա, թե ինչպես եք վերաբերվում ձեր շրջակա միջավայրին»,-հայտարարեց Մարի Տեր- Անտոնյանը։

Նա հիշեցրեց՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է․ «Հանկարծ քննչական կոմիտեից չհամարձակվեն հայտարարել, թե տեսախցիկները տարածքում չէին նկարում, չեն կարողացել արձանագրել, թե ովքեր են կրակել։ Նաեւ պետք է քննություն անցկացվի, թե ինչպես է Հրազդանի պարեկային ծառայությունը չլսելու ու չտեսնելու տվել մեկ ժամից ավելի տեւած այդ խայտառակությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031