Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով․ «Երեւանը ցուցաբերեց թուլություն, եւ այդ թուլությունը գրգռում է՝ հարձակումները, առաջ շարժվելը, էքսպանսիաները շարունակվելու են»․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2023 10:30

Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ

 – Ալիեւի ախորժակը շատ մեծ է՝ դատելով նրա հայտարարություններից։

 – Իհարկե, նա ուզում է վերցնել Երեւանը, բայց կվերցնի Զանգեզուրը, եւ Երեւանում կասեն՝ փառք Աստծո, ամբողջը չվերցրեց։ Դա ախր սովորական մեթոդիկա է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ալիեւը դադարել է վախենալ Հայաստանի վրա հարձակվելուց։ Եվ պետք չէ ուշադրություն դարձնել  դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին բանակցություններին` դա այնքան պայմանական երեւույթ է։ Տրանսպորտային միջանցքը Սյունիքի կամ Զանգեզուրի միջով պարտադիր չէ, որ նշված լինի սահմանային կետերով։ Մինչեւ Արցախի զավթումը, Սյունիքում կար 41-42 հազար տեղացի հայ բնակչություն, այդտեղից հեռացել է 7 հազարը՝ հետեւաբար, մնացել են 34-35 հազար սյունեցի։ Հիմա արցախցի փախստականների ինչ-որ քանակություն կա Գորիսում, Կապանում, նրանք, իհարկե, կհեռանան հետո։ Պատկերացնո՞ւմ եք Սյունիքի լեռնային, հսկայական տարածքը՝ այդքան մինիմալ բնակչությամբ… Գնում ես Սյունիքով, այդ հին ճանապարհով, ու այնտեղ ոչ մի բնակեցված կետ չկա՝ քաղաքներից բացի։ Բնակչության դուրսմղումը շարունակվելու է։

 – Կարծում եք՝ հայերի փոխարեն ադրբեջանցինե՞ր են բնակեցվելու այնտեղ։

 – Պատահական չէ, որ ադրբեջանցիների վերադարձի հարցն է դրվել։ Ուզում եմ հիշեցնել Ձեզ վերջին միջազգային պայմանագիրը, որը կնքեց անկախ Հայաստանը 1920 թվականին՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ՝ խաղաղության պայմանագիրը․  նայեք այն տարածքը, որը թուրքերը թողել են՝ դա Արարատյան դաշտավայրն է, օկուպացված Գյումրին եւ Երեւանը։

– Ակնարկում եք, որ ՀՀ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմանագիրն Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնությո՞ւնն է լինելու։

– Տերիտորիալ առումով իրենք խոսում են ժամանակակից Հայաստանի սահմանների մասին՝ այստեղ կասկած չկա, բայց նրանք չեն կարողանա պահել Սյունիքը, նրանք չե՜ն ուզում պահել Սյունիքը։ Նրանք ոչինչ չեն անում Սյունիքը պահելու համար, եւ բացի այդ՝ այնտեղ բավարար քանակի բնակչություն չկա՝ Սյունիքը պահելու համար։ Մարդիկ գնում են, հեռանում են։ Դուք չեք գնա, չէ՞, այնտեղ, որովհետեւ այնտեղ աշխատանք չկա։ Հիասքանչ վայր է Սյունիքը․․․ Գիտեք, քաղաքականության մեջ արյան հոտը շատ սուր է զգացվում եւ թուլության հոտը։ Երեւանը ցուցաբերեց թուլություն, եւ այդ թուլությունը գրգռում է՝ հարձակումները, առաջ շարժվելը, էքսպանսիաները շարունակվելու են։ Բայց ոչ մի ներքին, հոգեբանական, քաղաքական հակազդում Հայաստանում այս վտանգին ես չեմ տեսնում։ Ընդամենը երեկ Հայաստանը ցնծում էր այն փաստից, որ Հայաստան եկան 100 հազար ռուսներ, ովքեր փախել էին պատերազմից, եւ ի՞նչ՝ շա՞տ երջանկություն բերեցին Երեւանի բնակիչներին, բացի գնաճից։ Իհարկե, այդ հանգամանքը շոյում էր հպարտությունը, որ լինում են իրավիճակներ, երբ ոչ միայն հայերն են մեկնում Ռուսաստան, այլեւ ռուսներն են գալիս Հայաստան։ Բայց այդ տոնակատարությունն ավարտվեց, ու ի՞նչ անել նրանց հետ, սա է հարցը։ Կարող է ինչ-որ փիլիսոփայություն թվալ, բայց ժամանակակից Հայաստանում չկա գլոբալ, մեծ նպատակ՝ հանուն ինչի ապրել։ Ես անընդհատ հիշում եմ տեսանյութերը՝ 2020-ի հայ կամավորների տեսանյութերը, որոնք երգերով ու ուրախ գնում էին պատերազմ՝ կռվելու։ Բոլորը՝ հիասքանչ գեղեցկության տեր տղամարդիկ, ուղղակի աստվածներ, ու փաստ է, որ ազգի լույսը գնաց այնտեղ, գնաց պաթոսով, այդպես գեղեցիկ։ Ահա թե ումից է պետք ունենալ երեխաներ, ահա ովքեր պետք է դաստիարակեն երեխաներին։ Բայց նրանք արդեն չկան։ Այդպիսի պաթոս ես ժամանակակից Հայաստանում չեմ զգում, թեեւ գուցե հեռվից եմ նայում։ Դա ամենաառաջին հարցն է՝ ինչո՞վ ապրել, հանուն ինչի՞ ապրել։ Կա սարսափելի պատմական ավանդույթ, որը հիմա կրկնվում է՝ հայերն Օսմանյան կայսրությունում հիմնականում քաղաքային ազգ էին, եւ հիմա տարեկան 70-80 հազար հայ զբոսաշրջիկ մեկնում է Թուրքիա, Ստամբուլում հայկական փողոց էլ կա։ Եկեք ձեռքը դնենք սրտներիս՝ դուք վստա՞հ եք, որ հայերն ուզում են պահպանել իրենց պետականությունը։ Ես սկսել եմ այդ ուղղությամբ մտածել։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031