Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մոտիվացիան գերագնահատված է, երբ գիտես ի՞նչ, ինչպե՞ս եւ հատկապես ինչո՞ւ հարցերի պատասխանները»

Դեկտեմբեր 25,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցը «Targeting» եւ «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր ու գործադիր տնօրեն, ՀՊՏՀ դասախոս Գոռ Կարապետյանն է:

– Գոռ, նախ խոսենք քո հեղինակային «Հաջողության թաքնված կողմը» գրքի մասին, որն արդեն ճանապարհ է անցել, սիրվել, ներգործել, փոխել, հաջողության մղել։

– Գրքի առաջին հրատարակության շուրջ ծավալվող իրադարձություններն ու գրանցած արդյունքներն իսկապես հետաքրքիր են։ Հրատարակումից հետո շնորհանդեսներ եւ հանդիպումներ են անցկացվել Հայաստանում, Ջավախքում, Արցախում։ Գիրքը հայտնվել է երկու տասնյակից ավելի հարցազրույցներում, փոդքասթերում եւ մամուլի հրապարակումներում։

Գրքում արծարծվող թեմաներով անցկացվել են մոտ հինգ տասնյակ թրեյնինգներ (թայմ մենեջմենթ, փափուկ եւ կոշտ հմտությունների զարգացում, մասնագիտական կողմնորոշում, նեթվորքինգ, առաջնորդություն եւ այլն)։ Գիրքը երկար ճանապարհ է անցել՝ ծրագրավորման ընկերությունից մինչեւ զորամաս, բիզնես ակումբներ եւ դպրոցներ, քոլեջներ ու համալսարաններ։ Անընդհատ շնորհակալական նամակներ ու արձագանքներ եմ ստանում։

«Հաջողության թաքնված կողմը» գիրքը նաեւ ծնունդ է տվել երկու նոր նախագծի: «Հաջողության ճանապարհին» փոդքասթ-ոչ ֆորմալ ու անմիջական զրույցների շարք կարեւոր թեմաներով։

«Հաջողության ակադեմիա» – հմտությունների զարգացման ծրագիր, որի նպատակն է բացահայտել եւ ուղղորդել երիտասարդների ներուժը, օգնել զարգացնել փափուկ եւ կոշտ հմտությունները, նպաստել արժեքավոր կապերի ձեւավորմանը, նպատակների սահմանմանը եւ մասնագիտկան կողմնորշմանը։

Իսկ այժմ պատրաստվում ենք վերահրատարակել գիրքը թարմացված բովանդակությամբ ու տվյալներով։

– Ընթերցողների լայն շրջանակ կա, որ չի ընթերցում մոտիվացիոն գրականություն։ Քո կարծիքով` ո՞րն է խնդիրը։

– Գուցե եւ շատ ճիշտ է անում։ Մեր ընկալման մեջ մոտիվացիան աղավաղված է։ Մեզանում այդ երեւույթը դարձել է ավելի կարեւոր, քան այն բուն գործողությունը, որին պետք է ծառայի։ Այսպես ասեմ՝ մոտիվացիան այնքան ենք մեծարել, որ այժմ ամեն օր մեզանից զոհեր է պահանջում։ Իսկ այդ ժանրի գրականության մեջ ջուրը, ուտոպիան ու կոմերցիան շատ է։ Մյուս կողմից ինքս կարդում եմ, եւ գրում այդ ժանրում՝ բնականաբար հաշվի առնելով վերընշված նկատառումները։ Գիտե՞ք, երբեմն դա զուտ նախասիրության կամ կյանքի որոշակի փուլում գտնվելու հարց է։ Եթե առաջնորդվում ենք քննողական մատածուղությամբ, ապա ամենայն հավանականությամբ՝ կֆիլտրենք անօգուտը ու հաստատ կգտնենք արժեքավորը։

– Մոտիվացիան յուրաքանչյուր մասնագետի համար կարեւո՞ր նախապայման է։

– Ես կարծում եմ` մոտիվացիան գերագնահատված է դառնում, երբ գիտես ի՞նչ, ինչպե՞ս եւ հատկապես ինչո՞ւ հարցերի պատասխանները։ Անկախ դիրքից ու կարգավիճակից այդպես է։

– Այսքան նշեցինք` մոտիվացիա, մոտիվացիա, բայց մոռացանք հիշողության ու ինքնակրթության մասին, նաեւ հիշողությունն ինքնակրթելու մասին։

– Ես չեմ մոռացել։ «Հաջողության թաքնված կողմը» գրքում տարբեր օրինակներով նաեւ հենց դրանց կարեւորությունն եմ շեշտում, մասնավորապես շարունակական կրթության կարեւորությունը, ինչն ի դեպ, ըստ Forbes ամսագրի, ապագա թոփ 10 ամենապահանջված հմտությունների ցանկի մեջ է ներառված։

– «Կամ մենք ենք ազդում, կամ պարզապես կրում ենք ազդեցություն. որոշումը մերն է, հետեւանքները` եւս». Գոռ, քո խոսքերից եմ մեջբերել։ 21-րդ դարում, կարծում եմ, որ անհատները նախ եւ առաջ պետք է ազդեն։ Խնդրեմ նաեւ քո մեկնաբանությունը։

– Իհարկե, այդ ազդեցությունը չպետք է ինքնանպատակ լինի՝ ազդեցություն հանուն ազդեցության։ Այլ, այդ դերը կամ դիրքը պետք է ծառայի որեւէ մեծ նպատակի։ Իսկ զուտ անձնական առումով իմ փորձից կարող եմ ասել, որ պրոակտիվ լինելը երբեմն պարգեւատրվում է, այդպիսին չլինելը գրեթե միշտ պատժվում։ Համաձայնեք, որ իսկապես որոշումը մերն է։

– Վերջերս մի հետաքրքիր դասընթացի հայտարարություն տեսա` «Ինչպե՞ս կանխիկացնել 21-րդ դարը» խորագրով, որը դու ես վարել։ Հետաքրքիր է` ինչպես կանխիկացնել, արդյո՞ք հնարավոր է։

– Ըստ մի վիճակագրության՝ մարդկանց 85%-ն իրեն դժբախտ է համարում սխալ մասնագիտություն ընտրելու պատճառով: «Ինչպե՞ս կանխիկացնել 21-րդ դարը» խորագրով սեմինարները եւս նվիրված են հմտություններին, ինքնակրթությանը ու մասնագիտական կողմնորոշմանը։

Այդ հանդիպումների ժամանակ զրուցում ենք այն կարեւոր սկզբունքների մասին, որոնցով պետք է առաջնորդվել մասնագիտություն ընտրելիս, ինչպես նաեւ անդրադառնում ենք փոփոխություններին, որոնք գնալով ավելի արագ ու գլոբալ են դառնում, մինչդեռ մենք, հաճախ, շատ անպատրաստ ենք դրանց։ Ինչպես հույն փիլիսոփա Հերակլիտոսն է ասում. «Կյանքում հաստատ են միան փոփոխությունները»։ Ու դրանք գնալով ավելի «հաստատուն» են դառնալու։

Փորձում ենք ուսումնասիրել ապագա մասնագիտությունները, հմտությունները տնտեսության ու աշխատաշուկայի զարգացման միտումները։ Փոփոխությունները նման են քամու, որն ալիքներ է առաջացնում, իսկ դու կամ օգտվում ես քամուց ու հաղթահարում ալիքները, կամ տրվում ես քամուն ու խորտակվում. քամին ու ալիքները չկառավարվող են, բայց անհրաժեշտ պատրաստության ու հմտությունների դեպքում՝ կիրառելի։ Ինքս փորձում եմ նախապատրաստվել, ինչպես նաեւ օգնել նախապատրաստվել այդ փոփոխություններին։ Այնպես որ` այո՛, հնարավոր է։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031