Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար տարիներ իրար հետ աշխատած դատավորները էմոցիաների արդյունքում չեն կարողանում օբյեկտիվ որոշում կայացնել»․ Գրիգոր Մինասյան

Հունվար 08,2024 11:23

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ միջազգային գործընկերներն իրենց խնդրում ու հորդորում են, որպեսզի անցում կատարվի այն մոդելին, որ կառավարությունը՝ որպես վարույթ հարուցող մարմին, դուրս գա գործընթացներից։ «Բայց որպեսզի մենք դուրս գանք, պետք է համոզված լինենք, որ Էթիկայի հանձնաժողովում պրոցեսները գնում են առողջացման, եւ կլանային, փակ դատական համակարգի որոշում կայացնելու լիազորությունների մեջ նաեւ մտնեն անկախ մասնագետներ, իրավաբաններ, փաստաբաններ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները մի գործով, որով Էթիկայի հանձնաժողովը նույնիսկ խախտում չէր արձանագրել։ Իսկ դա նշանակում է, որ երկար տարիներ իրար հետ աշխատած դատավորները էմոցիաների կամ իրար հարազատ դառնալու արդյունքում չեն կարողանում որոշում կայացնել, որը հասարակությունը կընկալի որպես օբյեկտիվ։ Այդ առումով մենք Էթիկայի հանձնաժողովում ավելացրել ենք գիտնականների թվակազմը։ Եվ նաեւ շատ կարեւոր որոշում ենք կայացրել՝ չթողնել գործող փաստաբանին լինել դատավորի դեմ որոշում կայացնող։ Դասական շահերի բախում էր, որ փաստաբանը, որն ամբողջ օրը գնում է դատարան եւ հենց այդ դատավորի հետ ունի վճռի ակնկալիք, նստում է դատավորին դատելու աթոռին։ Ակնհայտ է, որ այդտեղ օբյեկտիվիզմ չէր կարող լինել»,- ասաց նա։

Հարցին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, լինելով իր ընկերը, քննում է իր հարուցած վարույթները, ինչպե՞ս է ստացվում, որ այս դեպքում խնդիր չի տեսնում, բայց երբ դատավորները որոշումներ են կայացնում իրենց դատավոր գործընկերների վերաբերյալ, այս դեպքում խնդիր են տեսնում, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Երբ դատավորների փաստաբաններն այս փաստարկն օգտագործում էին եւ բացարկի միջնորդություններ էին ներկայացնում, մանրամասն ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որը հետեւյալն է ասում։ Պետական լիազոր մարմինը, երբ գործում է իր լիազորությունների շրջանակում, չի կարող անձնական կապերով կաշկանդվածություն ունենալ։ Այսինքն՝ եթե ես՝ որպես արդարադատության նախարար, ստանում եմ որեւէ դիմումատուի դիմում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված, ես ուղղակի նայում եմ, տեսնում եմ՝ խախտում կա, թե ոչ եւ այդ խախտումը փոխանցում եմ դատարանին, որպեսզի վեճերը լուծի։ Ես այստեղ չեմ կարող ունենալ որեւէ շահերի բախում, որովհետեւ չունեմ այդտեղ շահ, ես վերցնում, փոխանցում եմ, որոշում է կայացվում»։

Նա նշեց, որ ԲԴԽ կողմից նախկինում կայացված որեւէ որոշում չի եղել մեկ ձայնի առավելությամբ։ Այս պայմաններում մտահոգությունները փարատվում են։ «Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովին, այստեղ փաստաբաններն ունեն կոնկրետ շահ՝ ֆինանսական։ Այսինքն՝ փաստաբանը, որն իր ներկայացուցչի շահերն է պաշտպանում իքս դատավորի մոտ, եւ իրեն գալիս է գործ՝ դատելու ու որոշում կայացնելու այդ դատավորի հանդեպ, ակնհայտ է, որ ինքն իր դեմ որոշում չի կայացնելու։ Եվ դա արդեն ունենք փաստով։ Օրինակը դատավոր Սիմա Իսկանդարյանի գործն էր, որտեղ դատավորն ալկոհոլի ազդեցության տակ, երբ պարեկը խնդրում է, որպեսզի մեքենան կայանի, փախուստի է դիմում, գնում հարվածում է այլ վարորդի, հետո մեկ այլ վարորդի։ Տեսաձայնագրվել է, սկսվում է քաշքշուկ, հետո պարեկներն իրեն տանում են ոստիկանություն։ Այսինքն՝ այդ ամբողջ տեսարաններում Էթիկայի հանձնաժողովը չի տեսել, որ վարքագծի խախտում կա, ինչը եւ իմ համոզմամբ, եւ ԲԴԽ համոզմամբ այնպիսի խախտում էր, որ նույնիսկ դատավորի լիազորություն դադարեցվեց։ Այսինքն՝ ես ունեմ ապացույցներ, որ մարդկային, ընկերական, էմոցիոնալ կապերն Էթիկայի հանձնաժողովի շրջանակներում չի թողել, որ այդ համակարգը գործի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Եվ դա է պատճառը, որ մենք այնտեղ ներարկում ենք թարմ մասնագիտական արյուն, որը չի ունենա շահերի բախում»,- ասաց նա։

Գրիգոր Մինասյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է իրավաբանական համայնքում ընկերական, ծանոթ հարաբերություններին, անկեղծ լինեմ, չկա մեկ իրավաբան, որն ինչ-որ աստիճանակարգի է հասել, որը մեզ բոլորիս հետ ընկեր, հարազատ, մոտիկ, կուրսեցի կամ հակառակորդ իրավաբան չլինի։ Այնքան փոքր է համայնքը, որ բոլորը բոլորին ճանաչում են, բայց եթե դու պրոֆեսիոնալ ես, գործում ես քո լիազորությունների շրջանակներում, չես կարող էմոցիոնալ կամ ընկերական կապերով առաջնորդվել։ Եթե նման կերպ ես աշխատում, դա արդեն օրենքի խախտում է, եւ պետք է պատասխանատվության ենթարկել նման մարդկանց, կապ չունի՝ դա կլինի դատավոր, դատախազ, թե քննիչ։ Դրա համար մենք ունենք ինքնաբացարկի ինստիտուտ, որ երբ դատավորը տեսնում է, որ կոնկրետ գործով ինքն ունի շահերի բախում, ինքը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Եթե կողմը գտնում է, որ իրեն դատող դատավորը որեւէ ձեւով կաշկանդված է կոնկրետ գործով, ինքը պետք է նման միջնորդությամբ հանդես գա։ Իմ համար պարադոքսն ու աբսուրդը կայանում է նրանում, որ ՄԻԵԴ-ն արձանագրում է կոնկրետ գործերով խախտում, բայց նաեւ բնական է, որ իրենց դեմ կայացված որոշումներով մեր հարգարժան դատավորները գտնում են, որ նույնիսկ ՄԻԵԴ-ի որոշումներն են սխալ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031