Այսօր ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել ԿԲ ղեկավար կազմի եւ պատգամավորների հետ:
ԿԲ-ի ֆինանսական կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը խոսեց անկանխիկ գործարքներից: Նա նշեց, որ թոշակառուների կողմից քարտերով թոշակների ստացումը էականորեն աճել է 2023-ին, եթե 2021-ին եղել է 81 մլրդ դամի անկանխիկ թոշակների տրամադրում, ապա 2023-ին եղել է 191 մլրդ դրամի. «Միջինում ՀՀ քաղաքացին շատ քիչ գումար է վճարում բանկային ծառայություններից օգտվելու համար՝ գրեթե չնչին: Բիզնեսների համար շատ մատչելի է բանկային ծառայություններից օգտվելը»:



ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ միջնորդավճարները բարձր են, փոքր բիզնեսները շատ են տուժում դրանից, դրա համար էլ նախընտրում են կանխիկ գործարքներ անել. «Ինչ վերաբերում է ներքին փոխանցումների միջնորդավճարներին, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել անգամ իմ բանկային քաղվածքը, որտեղ դուք կտեսնեք, որ անգամ իմ ներքին հաշիվների մեջ քարտից քարտ փոխանցումների ժամանակ միջնորդավճարը 2% է: Ես պարզեցի, որ իմ մյուս գործընկերների մոտ էլ է այդպես: Միջնորդավճարը նույն բանկի իմ երկու քարտերի միջեւ 0.9-ից դարձել է 2%՝ առանց ինձ զգուշացնելու: Երբ բանկի հետ վիճում եմ, իրենք ասում են՝ դե ձեզ մեյլ ենք ուղարկել, ինչ-որ բան ասում են: Հիմա երբ միջնորդավճարների միջին թիվը լրիվ ուրիշ թիվ է ներկայացվում, ես ունեմ այլ պատկեր ու պատրաստ եմ իմ բանկային քաղվածքը ներկայացնել, ժողովուրդ ջան, այստեղ մենք խնդիր ունենք ու կարծում եմ, այս մասը պիտի լուծվի»:
Կարդացեք նաև

ԿԲ նախագահը արձագանքեց. «Ես երեկ փոխանցում եմ արել մի բանկից մյուս բանկ՝ հաշվից հաշիվ, եղել է 0 միջնորդավճար:
Պապոյանն ասաց. «Ես ունեմ երկու բանկից քարտ, մի դեպքում 0 է, մյուս դեպքում՝ 100 դրամ միջնորդավճար»:
ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ասաց. «Ես, օրինակ, որեւէ միջնորդավճար իմ հաշիվների միջեւ փոխանցումների համար չեմ վճարել, ավելին՝ փորձում եմ ներհայաստանյան փոխանցում անեմ ու Ամերիաբանկի հին հավելվածը 100 դրամ միջնորդավճար է ուզում, բայց ասում է՝ MyAmeria-ով ձրի է, ես փակում եմ հավելվածը, գնում եմ՝ 0 դրամով փոխանցում եմ»: Նա առաջարկեց, որ դպրոցներից սկսած, մինչեւ թոշակառուներ սովորեցնեն օնլայն փոխանցումներ անել՝ հեշտ: Նրա խոսքով՝ շատ երկրներում նման դասընթացներ են իրականացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































