Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ ձեզ տրամադրել անգամ իմ բանկային քաղվածքը, ժողովուրդ ջան, այստեղ մենք խնդիր ունենք». Լուսինե Բադալյանը՝ ԿԲ նախագահին

Հունվար 10,2024 17:07

Այսօր ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել ԿԲ ղեկավար կազմի եւ պատգամավորների հետ:

ԿԲ-ի ֆինանսական կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը խոսեց անկանխիկ գործարքներից: Նա նշեց, որ թոշակառուների կողմից քարտերով թոշակների ստացումը էականորեն աճել է 2023-ին, եթե 2021-ին եղել է 81 մլրդ դամի անկանխիկ թոշակների տրամադրում, ապա 2023-ին եղել է 191 մլրդ դրամի. «Միջինում ՀՀ քաղաքացին շատ քիչ գումար է վճարում բանկային ծառայություններից օգտվելու համար՝ գրեթե չնչին: Բիզնեսների համար շատ մատչելի է բանկային ծառայություններից օգտվելը»:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ասաց, որ գյուղերում մարդիկ ուզում են POS terminal-ներից օգտվել, ասում են՝ այսօր չի աշխատում, ինչ ասես՝ ասում են, միայն անկանխիկ գործարքներ չլինեն, որովհետեւ հարկ չեն ուզում վճարել:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ երբ քաղաքականություն մշակվեց, որ անկանխիկ գործարքներ պետք է լինեն, Հայաստանում գործող բազում բիզնեսներ՝ փոքր, միջին, գերփոքր, որոնք տերմինալները ակտիվացնելու եւ լիցենզիա առնելու համար պիտի ներդրում անեին մոտ 100$-ի չափով, որ ՀԴՄ տերմինալը դառնա նաեւ POS, նրանք ասացին, որ չենք ուզում այդ փողը ծախսեն, այդ գումարը ծախսենք. «Երկու բանկ 1,8 մլրդ-անոց ներդրում արեցին, բերեցին այդ բոլոր գյուղական վայրերում, փոքր քաղաքներում այդ բիզնեսների համար հարցը լուծեցին: Բանկերը շատ բարեխիղճ ու սոցիալական գումար էին գանձում՝ փոքր գյուղերից ամսական սիմվոլիկ 1000 դրամ, քաղաքներում՝ 2400 դրամ, Երեւանում՝ 4000: Բայց նույնիսկ այդ պարագայում POS terminal-ները չէին ակտիվացնում, այսինքն, բանկերի այդ ներդրումը չի ծառայել իր նպատակին, բանկերի ծախսերը այն ժամանակաշրջանի համար, որ նախատեսում էին հետ ստանալ այդ գումարները, երկարաձգվում են անորոշ ժամկետով»:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ միջնորդավճարները բարձր են, փոքր բիզնեսները շատ են տուժում դրանից, դրա համար էլ նախընտրում են կանխիկ գործարքներ անել. «Ինչ վերաբերում է ներքին փոխանցումների միջնորդավճարներին, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել անգամ իմ բանկային քաղվածքը, որտեղ դուք կտեսնեք, որ անգամ իմ ներքին հաշիվների մեջ քարտից քարտ փոխանցումների ժամանակ միջնորդավճարը 2% է: Ես պարզեցի, որ իմ մյուս գործընկերների մոտ էլ է այդպես: Միջնորդավճարը նույն բանկի իմ երկու քարտերի միջեւ 0.9-ից դարձել է 2%՝ առանց ինձ զգուշացնելու: Երբ բանկի հետ վիճում եմ, իրենք ասում են՝ դե ձեզ մեյլ ենք ուղարկել, ինչ-որ բան ասում են: Հիմա երբ միջնորդավճարների միջին թիվը լրիվ ուրիշ թիվ է ներկայացվում, ես ունեմ այլ պատկեր ու պատրաստ եմ իմ բանկային քաղվածքը ներկայացնել, ժողովուրդ ջան, այստեղ մենք խնդիր ունենք ու կարծում եմ, այս մասը պիտի լուծվի»:

Գարեգին Գեւորգյանը պատասխանեց, որ կոնկրետ դեպքը պետք է առանձին տեսնեն, թե ինչու են կոնկրետ այդ պատգամավորից 2% գանձում, մեր տվյալներով՝ միջինում 0,32 է: ԿԲ պաշտոնյաները հավաստիացնում են, որ 2% միայն visa direct փոխանցումների ժամանակ է գանձվում, երբ փոխանցում են անում, ասենք, Ճապոնիայի հաշիվներին:

ԿԲ նախագահը արձագանքեց. «Ես երեկ փոխանցում եմ արել մի բանկից մյուս բանկ՝ հաշվից հաշիվ, եղել է 0 միջնորդավճար:

Պապոյանն ասաց. «Ես ունեմ երկու բանկից քարտ, մի դեպքում 0 է, մյուս դեպքում՝ 100 դրամ միջնորդավճար»:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ասաց. «Ես, օրինակ, որեւէ միջնորդավճար իմ հաշիվների միջեւ փոխանցումների համար չեմ վճարել, ավելին՝ փորձում եմ ներհայաստանյան փոխանցում անեմ ու Ամերիաբանկի հին հավելվածը 100 դրամ միջնորդավճար է ուզում, բայց ասում է՝ MyAmeria-ով ձրի է, ես փակում եմ հավելվածը, գնում եմ՝ 0 դրամով փոխանցում եմ»: Նա առաջարկեց, որ դպրոցներից սկսած, մինչեւ թոշակառուներ սովորեցնեն օնլայն փոխանցումներ անել՝ հեշտ: Նրա խոսքով՝ շատ երկրներում նման դասընթացներ են իրականացրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031