Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ապրում ենք երկու սենյականոցում տասը հոգով։ Ո՞նց կլինի չաշխատենք։ Ամեն ինչ թողել ենք, եկել՝ մեր վրայի շորերով». JAMnews

Հունվար 18,2024 12:11

JAMnews. Ժենգյալով հացի անուշ բուրմունքը անցորդներին բերում է Գայանեի վարձակալած փոքրիկ տարածքը, որի վրա գրված է «Արցախի շունչը Էջմիածնում»։

Պատուհանի այն կողմում երիտասարդ կինը գրտնակում է խմորը, մատների ճկուն շարժումներով նրբորեն բացված խմորը ծածկում կանաչիներով։

«Կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ, եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ․․․- թվարկում է Գայանեն։ — Հայաստանում էլ կան բոլոր անհրաժեշտ կանաչիները։ Պատրաստի չեմ ունենում, հենց պատվիրում են, նոր պատրաստում եմ, որպեսզի տաք-տաք համտեսեն»։

Երկու երեխաների մայր, 27-ամյա Գայանեն Պետրոսյանը Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղից է։ Ընտանիքով հաստատվել է Էջմիածնում։

«Երբ եկանք այստեղ, ասեցի՝ սա փոքր Ստեփանակերտ է, մնանք Էջմիածնում։ Ես շատ լավ եմ ժենգյալով հաց թխում։ Այն պատրաստելը մի ամբողջ ծիսակարգ է, որը հարազատներին մի վայրում հավաքելու խորհուրդն ունի։ Ամեն շաբաթ-կիրակի տատիկս թխում էր, հավաքվում էինք բոլորս»,- արցունքների միջից ժպտալով հիշում է Գայանեն։

Նրա փոքրիկ բիզնեսի պատմությունը մեկնարկել է համացանցում։ Սկսել է պատվերներ ընդունել, հասկացել, որ պահանջարկ կա։ Ասում է՝ քաղաքում իրեն արդեն դեմքով գիտեն.

«Հանդիպելիս ասում են. «Էն ժենգյալով հացի աղջիկն է»։ Կեսօրին ամենից շատն է վաճառվում։ Եթե պատվերներս ավելանան, ավելի մեծ տարածք կվերցնեմ, որ հնարավոր լինի նստել ընտանիքով, ընկերներով վայելել Արցախի համն ու հոտը։ Սկսել եմ փոքր քայլերից, ամրապնդվեմ՝ կգնամ ավելի համարձակ քայլերի։

Ապրում ենք երկու սենյականոցում տասը հոգով։ Ո՞նց կլինի չաշխատենք։ Ամուսինս էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ամեն ինչ թողել ենք, եկել՝ մեր վրայի շորերով։ Ես ոչ մեկի օգնությանը չեմ սպասում։ Թող օգնեն բազմազավակներին, խնդիրներ ունեցողներին։ Ես կաշխատեմ, կպահեմ երեխաներիս»։

Խանութի մի անկյունում փայտից պատրաստված Արցախի խորհրդանիշն է՝ «Մենք ենք մեր սարերը», որը փաղաքշորեն անվանում է «Դեդո-բաբո»։ Կողքին Արցախի փոքրիկ դրոշն է։

«Մնացին հիշողությունները, ուր գնամ հետս ման եմ տալիս… Սկզբում՝ դուրս գալիս, միայն մտածում ես կյանքիդ, երեխաներիդ ապահով տեղ հասցնելու մասին։ Շաբաթներ անց ես հասկանում, որ քեզնից մի մաս մնաց ծննդավայրում։ Ցավն աստիճանաբար ուժեղանում է, կարոտը՝ մեծանում։ Փորձում եմ ուժեղ մնալ, բայց դժվար է»,- պատմում է Գայանեն։

Նոր շուկա՝ խաղի նոր կանոններով

Սրբուհի Վանյանը լրագրող է, աշխատել է Արցախի հանրային ռադիոյում։ Արդեն Երևանում սկսել է աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում։ Տեղափոխման ցավի հետ մեկտեղ, դրանից հետո միայն նրա ընտանիքը վերամիավորվեց։ Ամուսինը գործերով մեկնել էր Արցախից Լաչինի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ, ու էլ չէր կարողացել վերադառնալ։

Իսկ Սրբուհին երկու աղջիկների հետ Ստեփանակերտի տնից դուրս է եկել՝ ռազմական գործողությունները սկսելուն պես։

«Թույլ չտվեցին վերադառնալ, տարածքը դիտարկվում էր։ Ամեն ինչ թողեցի, բացի թերմոպրեսի սարքավորումից։ Երբ արդեն դուրս էինք գալիս Արցախից, հորս ու եղբորս հետ գիշերով գաղտնի բարձրացանք տուն, վերցրեցինք թերմոպրեսը։ Այն փոխանցեցի ծանոթներիս, որոնք մեքենայով էին գալիս Երևան։ Ես չէի կարող բերել, ավտոբուսով էինք գալու»,- պատմում է Սրբուհին։

2022 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է «Մին թաքուն տեղ» բրենդը։ Արտադրում է սփռոցներ, բարձի երեսներ, բարձեր, պայուսակներ, շապիկներ, հուդիներ` hեղինակային նկարներով, դիզայներական ինքնատիպ լուծումներով՝ համեմված արցախյան կոլորիտով, խոսքով։

«Բրենդը աշխատեց բլոկադայի պայմաններում, Ստեփանակերտում եղած հումքից էի օգտվում, ինչ մնացել էր։ Որտեղ կտորների վրա չէր ստացվում տպագրությունը, ձեռքով էի նկարում»,- պատմում է նա։

Հայաստանում պատրաստվում է վերսկսել աշխատանքները։ Համոզված է՝ դժվարություններ կլինեն։ Դեռ ուսումնասիրում է դաշտը, որպեսզի հասկանա՝ ինչպես աշխատել․

«Ամեն ինչ նույնը կմնա առայժմ, բացի գործունեությանս հասցեից։ Պարզապես կմեկնարկենք նոր կետից։ Սա նոր շուկա է մեզ համար, որտեղ խաղի կանոններն այլ են։ Արցախում փոքրաթիվ հասարակություն էր, բոլորը ճանաչում էին իրար։ Հաճախ նաև՝ քեզ ճանաչելով, մարդիկ գնում էին արտադրանքը։ Հիմա պետք է կարողանանք հարմարվել ու ինտեգրվել այս շուկայում»։

Սրբուհին պատրաստվում է իր բիզնեսը ոտքի կանգնեցնել։ Պատերազմից օրեր առաջ ՀԲԸՄ-ից երկրորդ դրամաշնորհն է շահել․

«Որոշել էի ասեղնագործության մեքենա գնել ու արտադրությունն աշխուժացնել։ Բայց հիմա մեկ քայլ հետ եմ գնալու՝ անհրաժեշտ սարքավորումներ է պետք գնել։ Փորձելու ենք պահպանել մեր բրենդում արցախյան միջավայրը։ Այնտեղ դա հեշտ էր անելը։ Հիմա դժվարանում է, քանի որ այլևս Արցախում չենք, մեկ այլ, բազմատար միջավայրում ենք։ Պետք է պահպանենք մեր մշակույթը, մեր ինքնությունը, կարողանալով ինքնատիպությունը հասանելի դարձնել սպառողներին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031