Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանին առեւանգելու գործով մեղադրյալին կալանքից ազատելու համար ԱՆ-ն պահանջում է պատժել դատավորին՝ հիմքում դնելով նրան չվերաբերելի որոշում. «Փաստինֆո»

Հունվար 23,2024 14:38

 «Փաստինֆո». ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվում է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման համար։ Մասնավորապես, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, սակայն մինչ կհասցներ քննել այն և հրապարակել որոշումը՝ գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության և, իրավիճակ էր ստեղծվել, որ նախաքննության փուլում ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը և բուն գործով դատական առաջին նիստը կայացել են նույն օրը։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գ․ Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել բողոքը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը, սակայն Մարտիրոսյանն անգամ չէր էլ հասցրել դուրս գալ ՔԿՀ-ից, առաջին ատյանի դատանում կայացավ նրա գործով դատական նիստը և Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Հենց այս որոշման համար էլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը հիշատակել է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որից, ըստ ԱՆ-ի, շեղվել է դատարանը՝ առանց պատճառաբանելու այն։ Դատավորը, սակայն, պնդում է, որ Դավիթ Համբարձումյանի և Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործերը նույնական չեն, առկա են էական տարբերություններ, հետևաբար, Համբարձումյանի գործով կայացված նախադեպային որոշումն այս գործով վերաբերելի չէ և դատարանը պարտավոր չէր որոշումից շեղումը պատճառաբանել։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջնորդության վերաբերյալ պատասխանում դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել վերոգրյալ հանգամանքին՝ ընդգծելով, որ Ազգուշ Մարտիրոսյանի և Դավիթ Համբարձումյանի գործերը համանման չեն, ըստ այդմ, բացակայել է շեղման հիմնավորման անհրաժեշտությունը։ Որպես էական տարբերություն, ի թիվս այլնի, դիտարկվում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակման պահին առկա չի եղել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու։ Ասել է թե՝ խափանման միջոցի հարցը դեռևս առկախված էր։ Բացի այդ, վերաքննիչ դատարանը հրապարակման օր նշանակելիս կաշկանդված չէ և չի կարող կանխատեսել, թե վարույթն իրականացնող մարմինը կկարճի՞ գործը, թե մեղադրական եզրակացությամբ այն կուղարկի դատարան, ուղարկելու դեպքում երբ կուղարկի այն, երբ գործը կմուտքագրվի դատարան, վարույթ կընդունվի և երբ կնշանակվի նախնական դատական նիստը, արդյո՞ք նիստի ընթացքում կհասցնեն քննարկել խափանման միջոցի հարցը՝ նկատի ունենալով, որ այն թվով չորրորդ հարցն է՝ նախնական դատալսումներում քննարկման համար։ Դատավորի պնդմամբ՝ իր կողմից խախտում թույլ չի տրվել; Ավելին, թեև կարգապահական վարույթը հարուցելու համար հիմք է եղել դատախազության ներկայացրած հաղորդումը, սակայն դատավորը նկատում է՝ դատախազները ևս շարունակում են բողոքարկել դատական ակտերը՝ զուգահեռ մեղադրական եզրակացությամբ գործերն ուղարկելով դատարան, թեև, ներկայացված հաղորդմամբ և ըստ ԱՆ-ի, վերաքննիչ դատարանը պատշաճ մարմին չէ։ Դատավորը նշեց, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշումը կայացնելիս առաջնորդվել է բացառապես արդար դատաքննության սկզբունքներով, թույլ չի տվել ո՛չ դիտավորությամբ, ո՛չ կոպիտ անփութությամբ խախտումներ և ներկայացված միջնորդությունը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ենթակա է մերժման։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ նախ նկատեց, որ դատավորին բացառապես վերագրվում է Դավիթ Համբարձումյանի նախադեպային որոշումից շեղվելը, հետևաբար, այլ նախադեպային դիրքորոշումներից, այդ թվում՝ Աղաբաբյանի գործով (այդ որոշումները նիստերի ընթացքում հիշեցրել են ԱՆ ներկայացուցիչները հեղ․) նախադեպային դիրքորոշումներից շեղվելը կարգապահական սահմաններից դուրս է։ Սահակյանի դիտարկմամբ՝ կարգապահական հիմքերը բացակայում են, իսկ Դավիթ Համբարձումյանի գործով մեջբերված ձևակերպումները նախադեպային դիրքորոշում չեն կարող համարվել այս դեպքում ։ Մասնավորապես, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումից նախադեպային են՝ գրավի, անձնական ազատության իրավունքի պաշտպանության համատեքստում, մինչդեռ, այդ դիրքորոշումները չեն ընկալվում որպես նախադեպային՝ վերաքննիչ դատարանի լիազորությունների իրացման վերաբերյալ այն պարագայում, երբ վերանայվում է կալանքի իրավաչափությունը և գործն ըստ էության քննության նպատակով ուղարկված է առաջին ատյանի դատարան։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի կարգապահական գործով որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրն ու ժամը դեռ հայտնի չէ․ Խորհուրդն այս մասին կծանուցի կողմերին։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031